Գևորգյանները հուղարկավորություն են արել, գերեզման կառուցել, բայց փնտրում են որդուն գերիների մեջ. «Ապրում ենք, որ մի լուր ստանանք»

44-օրյա պատերազմի ավարտից 3 ամիս անց թեև Գևորգյանները ստացել են որդու մարմինը և տղայի համար գերեզման կառուցել, սակայն մինչև օրս էլ վստահություն չունեն, որ իրենց որդուն են հուղարկավորել։ 

«Իրա անունով գերեզման, խաչքար ունեմ, Գյումրիում ամենամեծ խաչքարն ա, ամեն ինչ արել եմ, բայց էդ իմս չէ»,- հուզմունքով ասում է Արայիկ Գևորգյանի մայրը՝ 40-ամյա Լուսինե Գևորգյանը։

Լուսինեն պատմում է, որ մարմինն անճանաչելի է եղել, ինքն էլ, ամուսինն էլ ԴՆԹ են հանձնել, սկզբում որևէ համընկնում չի արձանագրվել, բայց 4 ամիս սպասելուց հետո իրենց փոխանցել են այդ մարմինը և ասել՝ իրենց որդունն է։

«Մարմինը 4 ամիս մնացել ա ԴՆԹ-ի տակ, սկզբում ասեցին՝ ԴՆԹ համընկնում չկա, ասեցին՝ ոնց որ հայի մարմին չի, հետո ասեցին՝ կրկնակի անալիզ ա պետք, իմը նորից չհամընկավ, ամուսնուս համար ասեցին՝ համընկել ա, թե քանի տոկոսով՝ չիմացանք»,- իր կասկածները ներկայացնում է Լուսինե Գևորգյանը։

Մայրն ասում է՝ իրենց որդու կոշիկի չափը եղել է 42-43, մինչդեռ իրենց փոխանցած տղայի հագին եղել է 44-45 համարի կոշիկ։

Բացի կոշիկի համարի անհամապատասխանությունից, մայրն ասում է, չի համընկել նաև շապիկի գույնը։ 

«Այդ տղայի հագին սպիտակ մայկա էր, բայց իմ որդին միշտ շագանակագույն էր հագնում, իրանց չէին թույլատրում, որ սպիտակ հագնեին, իրանցը կարիչնիվի ա եղել: Տղայիս ընկերներն էլ ասեցին ինձ, որ չի կարա Արայիկի հագին սպիտակ մայկա լինի»,- ընդգծում է Լուսինեն ու ասում, որ բացի այս անհամապատասխանություններից, որդուն որևէ մեկը զոհված չի տեսել։

Լուսինե Գևորգյանն ասում է՝ իրենց հավաքած տեղեկությունները հիմք են տվել կարծելու, որ որդին գերի է։ Հատկապես որ մինչև որդու մարմինը փոխանցելը նրա անունը ՊՆ ցուցակում եղել է ենթադրյալ գերիների մեջ։

Գևորգյանները Կարմիր խաչի միջոցով փորձել են տեղեկություն ստանալ Ադրբեջանից՝ արդյոք իրենց որդու անունը գերիների ցուցակո՞ւմ է, սակայն Ադրբեջանը դեռևս հարցմանը չի պատասխանել։

«Ընդամենը երկու օր առաջ եմ խոսել Կարմիր խաչի հետ, ասում են՝ Ադրբեջանը դեռ չի պատասխանել, ասում են՝ իրանք հարցումներին չեն պատասխանում, միայն մեր երեխայի վերաբերյալ չէ, որ չեն պատասխանում, այլև մյուս հարցումներին ևս»,- նշում է Լուսինեն։

Գևորգյանները 2021-ի փետրվարին համացանցում շրջանառվող ադրբեջանական լուսանկարներից մեկում ևս որդուն նմանեցրել են․ «Ինսթագրամում մի լուսանկար տեսանք՝ Ալիևն էր, կողքին գերիներ էին նստած, ու մի տղա շատ նման էր տղայիս։ Իրա ձախ ձեռքը բոքսի տանձիկին էր խփել, մեջտեղի կոճը ջարդել էր, ուռած էր միշտ, նկարում էլ դա երևում է, մազերն էլ որ երկարում էին, նույն ձև էին, ինչ նկարում։ Ես նկարին նայում եմ, իմ Արայիկիս եմ զգում։ Գյումրիի քննչականին էլ եմ տվել էդ լուսանկարը, ասում են՝ մեծ հավանականականությամբ ինքն է, ասեցին՝ տվեք Կարմիր խաչին, բայց Ադրբեջանը դեռ չի հաստատել»։ 

Գևորգյանները հույսով ապրում են, որ որդին ողջ է, գերության մեջ է ու հնարավոր է՝ տուն վերադառնա։

Լուսինեն ասում է՝ երազներն էլ են հուշում այն մասին, որ տղան գերության մեջ է։

«Ես նախքան պատերազմը երազ էի տեսել, որ վիրավոր Արայիկին գերի են տարել, իր հետ հետո խոսեցի, ասեցի՝ զգույշ եղի, պոստերից հեռու չգնաք, կգնաք, գերի կընկնեք, ասում էր՝ մեր ջան, ինչը՜ղ վախկոտ ես»։

Գևորգյանները Գյումրի քաղաքից են, Արայիկը ընդամենը 8 ամսական է եղել, մեկնել են Ռուսաստան։ Երբ Արայիկի ծառայության մեկնելու տարիքը լրացել է, ծնողները որոշել են Ռուսաստանում ծառայի, քանի որ այնտեղ մեկ տարի է ծառայության ժամկետը, սակայն որդին չի համաձայնել․ 

«Ասեց՝ եթե ծառայեմ, կգնամ իմ հայրենիքիս համար կծառայեմ, իմ պարտքս կտամ։ Ու գնաց»,- պատմում է Լուսինեն։

Արայիկ Գևորգյանը ծառայել է Ջրականում։ Պատերազմի նախորդ օրն է կապ հաստատել ընտանիքի հետ, հարցրել ընտանիքի անդամների որպիսությունը, «Հարցրեց՝ ո՞նց ես, կյանքս, ես իրեն հարցրեցի, հետո իմացա, որ գնում են դիրքեր, իրա քիթը նոր էին վիրահատել, ասեցի՝ ինչի՞ կգնաք դիրքեր, ասեց՝ մամ ջան, պետք է, արդեն լավ եմ, ու դա եղել է վերջին զանգը»։

Լուսինեն որդու մասին պատմելիս շարունակ հուզվում է, ասում է՝ որդին մեծ երազանքներ ուներ, Ռուսաստանում քոլեջում ապրանքագիտություն մասնագիտությունն էր ուսումնասիրել, որոշել էր վերադառնալ, բարձրագույն կրթություն ստանալ, այնուհետև մթերքի խանութների բիզնես հիմնել։ Իր հոբբին էր սպորտը, մասնակցել է բազկամարտի մրցումների, մեդալներ ու պատվոգրեր ստացել։

Լուսինեն կարոտով ու երանությամբ է հիշում այն օրը, երբ վերջին անգամ տեսել է որդուն։ 2019-ի նոյեմբերի 11-ին Լուսինեն եկել է Հայաստան, ու իր գալու առթիվ որդին բանակից մի քանի օրով արձակուրդ է վերցրել ու անակնկալ արել մորը իր այցով։

«Ախպերս ու հարսս գիտեին, որ պիտի գա, ես չգիտեի, հրավիրեցին իրանց տուն, ասեցին՝ մի երկու ժամով արի։ Դուռը ծեծեց, հարսս բացեց, ես հետևում էի կանգնած, տեսա՝ տղես բուկետներով ներս եկավ, մեկն ինձ տվեց, մյուսը՝ քեռակնոջը․․․»- հիշում է ու արտասվում մայրը։

Լուսինեն ասում է՝ ամեն օր քնում ու արթնանում է այն հույսով, որ այդ օրը որդուց մի լավ լուր է ստանալու։

«Արթնանում ենք սպասողական, որ մի լուր կստանանք, ամեն բարի լսին իրա հետ կխոսամ, կխոսամ Աստծո հետ՝ Տեր ջան, ո՞ւր ա իմ երեխեն։ Դրանից էն կողմ էլ ցավ չկա»,- ցավով ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am