«Արտաքին խաղացողներին պետք են թույլ նախագահներ, որոնց վրա միշտ կարելի է «մատ թափ տալ»». Էդգար Բաղդասարյան

«Արտաքին խաղացողներին պետք են թույլ նախագահներ, որոնց վրա միշտ կարելի է «մատ թափ տալ»». Էդգար Բաղդասարյան
«Արտաքին խաղացողներին պետք են թույլ նախագահներ, որոնց վրա միշտ կարելի է «մատ թափ տալ»». Էդգար Բաղդասարյան

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ընտրությունները հետաձգելու եւ Հայաստանի հանրապետությանը վարկաբեկելու նպատակն են հետապնդել:
«Սա նպատակ ունի վախ մտցնել, պառակտում մտցնել և ամենակարևորը` նպատակ ունի մոտակա հինգ տարվա մեջ թուլացնել պոտենցիալ նախագահին, սարքել նորից կիսալեգիտիմ կամ ոչ լեգիտիմ, արյունով եկած ոմն մեկը, որի հետ կարելի է 5 տարի խոսել մատը թափ տալով»,- «Մեդիալաբին» ասում է Էդգար Բաղդասարյանը:

Նրա խոսքով` արտաքին խաղացողներին պետք են թույլ նախագահներ, որոնց վրա միշտ կարելի է «մատ թափ տալ», միշտ հիշեցնել ու երեսով տալ արյունը, լեգիտիմությունը:

«Դրա համար այդ տեսնակյունից կարելի է եզրակացել, թե ում է ձեռնտու սա և ինչի համար են արվում նման քայլեր: Գալիս ենք մի եզրակացության, որ բոլորին է սա ձեռնտու, բացի Հայաստանից որևէ մարդու»,- ասաց կինոռեժիսորը:

Նա նկատում է, որ նման իրադարձությունները պատահական չեն լինում, ամեն ինչ ծրագրված է:

«Ես վստահ եմ, ինտուիցիաս ինձ ասում է, որ ուղղակի մահափորձից երկու օր առաջ խորհրդակցություն է եղել, որոշել են` ում: Սերժ Սարգսյանը, բնականաբար, անհնարին է, այնտեղ լուրջ ախրանա կա: Մնացածից հանում ենք ֆիգուրաներ, որոնք մեկը քիչ ծիծաղելի է, մեկը շատ ծիծաղելի:

Երեք ֆիգուրա կա, որ կարող է բորբոքել հասարակությունը` Րաֆֆի, Հայրիկյան և Բագրատյան: Րաֆֆիին և Բագրատյանին հանում են էն պատճառով, որ ավելի քիչ կբորբոքեն հասարակությունը, մնում է Հայրիկյանը, որովհետև անգամ նրանք, ովքեր նրան չեն տեսնում Հայաստանի նախագահ և չեն տա իրենց ձայնը, լցված են հարգանքով նրա հանդեպ: Ըհն, որոշեցինք ֆիգուրան, կրակելուց այնպես կանենք չմահանա, մեզ դա պետք չի, և այս սցենարն ի կատար է ածվում»,- «Մեդիալաբին» ասաց նա:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել է երեկ կեսգիշերին` Տպագրիչների փողոցում, որտեղ նախագահի թեկնածուի բնակարանն է գտնվում: Հայրիկյանն այսօր Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ում վիրահատվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

© Medialab.am