Հաղթանակ. հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն արժանացել է եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին

Հաղթանակ. հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն արժանացել է եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին
Հաղթանակ. հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն արժանացել է եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին

Չորեքշաբթի` մայիսի 19-ին Համբուրգի քաղաքապետարանի կայսերական ոսկեգույն դահլիճում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը ստացավ եվրոպական հեղինակավոր «Բուցերիուս» հիմնադրամի «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակը:
Փողային նվագախմբի երաժշտությամբ մեկնարկած միջոցառմանը, որին ներկա էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, «Ցայթ»-Էբելին և Գերդ Բուցերիուս»-Գերմանիա (ZEIT-Stiftung Ebelin und Gerd Bucerius) և «Խոսքի ազատություն»-Նորվեգիա (Fritt Ord Institusjonen) հիմնադրամների համատեղ մրցանակներին արժանացան Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի երեք լրագրող և չորս լրատվամիջոց:

«Դուք երկար ճանապարհ եք անցել, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, և ձեր հայրենակիցներից շատերի համար զարմանալի է, թե ինչպե´ս կարելի է ապրել վտանգի մեջ, երբ հնարավոր է իշխանությունների կամ օլիգարխների հովանու ներքո հանգիստ կյանք վայելել,- մրցանակակիրներին դիմեց մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով գերմանացի սենատոր Կարին ֆոն Վելկը: – Մեզ միավորողը ազատության մեջ, անկախ երկրում ապրելու ցանկությունն է»:

2000 թվականից ի վեր ամեն տարի կազմակերպվող մրցույթի շրջանակներում Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի այն երկրներում, ուր վտանգված է խոսքի ազատությունը, հիմնադրամը դրամական մեծ պարգևների է արժանացնում քաղաքացիական արիություն ցուցաբերած լրագրողներին և ԶԼՄ-ներին: Տասնմեկ տարվա մրցանակային ֆոնդը 1 միլիոն 405 հազար եվրո է:

Սենատոր Կարին ֆոն Վելկն ասում է, որ գումարները ճիշտ ուղղությամբ են գնում` աջակցելով և խրախուսելով խիզախ և արժանի լրագրողներին:

Ժյուրիի անդամները նշում են, որ արժանի դափնեկիրների ընտրությունն այնքան էլ թեթև ու դյուրին չէ:

«Ամեն տարի ստանալով բազմաթիվ հայտեր, մենք մի քանի փուլով ուսումնասիրություններ ենք անցկացնում, գնահատում յուրաքանչյուր թեկնածություն, քննարկում իրավիճակները, որում հայտնվել են լրագրողները, գնահատում լրագրության որակը և այլն, որից հետո միասնական նիստի ժամանակ վերջնական որոշում ենք կայացնում»,- «Մեդիալաբին» ասում է պատվավոր ժյուրիի անդամ Վիբեքե ֆոն Շպեռլինգը (Կոպենհագեն):

Շպեռլինգը նշում է, որ տարիների ընթացքում Հայաստանից միշտ էլ հայտեր ստացել են, սակայն Հայաստանի անունն առաջին անգամ մրցանակակիրների ցուցակում հայտնվել է անցյալ տարի Օսլոյում, երբ «Բուցերիուս» հիմնադրամի մրցանակին է արժանացել անկախ լրագրող, միջազգային «Եվրազիանեթ օնլայն»-ի թղթակից Մարիաննա Գրիգորյանը:

«Հայաստանի երկու մրցանակակիրներն էլ անկախ լրագրողներ են, որոնք իրենց աշխատանքով ապացուցել են, որ զբաղվում են լուրջ աշխատանքով, արժանապատիվ լրագրությամբ,- «Մեդիալաբին» ասում է ժյուրիի առանցքային ներկայացուցիչ Գրո Հոլմը (Օսլո): – Բարձր որակավորումից բացի, կարևոր և գնահատելի է նաև այն, որ նրանք սիրում են իրենց աշխատանքը և նվիրված են լրագրությանը մինչև վերջ»:

Ութ անդամից կազմված միջազգային ժյուրիի համատեղ որոշմամբ` ամիսներ տևած քննարկումից հետո ներկայացված գրեթե հինգ տասնյակ հայտերից ժյուրին ոչ միայն ընտրել է մրցանակակիրներին, այլև տարբերակել, թե ինչպես է բաշխվելու այս տարվա համար նախատեսված 80 հազար եվրո մրցանակային ֆոնդը, որպեսզի իրենց մասնագիտությանը նվիրված լրագրողները ստանան հիմնադրամի ուղիղ աջակցությունը:

Ռուսաստանի «Խիմկինսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր, բնապահպան լրագրող Միխայիլ Բեկետովն 10 հազար եվրո մրցանակի է արժանացել: Թեև նա 2008-ին դաժան ծեծի է ենթարկվել և հաշմվել, այլևս չկարողանալով շարունակել լրագրական գործունեությունը, սակայն իր հրապարակումների շնորհիվ հասել է նրան, որ Խիմկիի անտառների հաշվին ավտոմայրուղի չկառուցվի:

Բեկետովի, ինչպես նաև մյուս մրցանակակիր` «Արսենևսկիե վեստի» շաբաթաթերթի թեկնածություններն առաջադրել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և Օսլոյի «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը:

Շաբաթաթերթը, որն իր էջերում անրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են կոռուպցիան և մաքսանենգությունը, արժանացել է 15 հազար եվրո դրամական պարգևի:

Ճիշտ նույնքան է կազմել Մինսկում գտնվող «Բորիսովսկիե նովոստի» թերթի մրցանակը, որն ի հակառակ իշխանությունների հետապնդումների, շարունակում է քննադատական, անկախ և որակյալ հրապարակումները: Թերթին մրցանակի ներկայացրել է բելառուս լրագրող Անդրեյ Դինկոն` «Նաշա նիվա» շաբաթաթերթից:

10 հազար եվրոյի արժանացած Թբիլիսում հրատարակվող վրացական «Լիբերալի» ամսագիրը կարճ ժամանակաշրջանում քաղաքական-վերլուծական նյութերով մեծ ճանաչում է ձեռք բերել` հասարակության մեջ որպես կարծիք ձևավորող լրատվամիջոց ամրապնդելով դիրքերը:

Ամսագրի թեկնածությունը մրցույթին է ներկայացվել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի և Օսլոյի «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի կողմից, որոնց կողմից առաջադրվել են նույնքան դրամական մրցանակի արժանացած ադրբեջանցի լրագրող Շահվալադ Չոբանօղլուն` իր քննադատական հոդվածներով և Բաքվում գտնվող ադրբեջանական ANTV օնլայն հեռուստաընկերությունը:

Թրաֆիքինգի, կոռուպցիայի, հանքարդյունաբերության ոլորտի չարաշահումների, տնտեսության և այլ ոլորտների խճճված բազմաթիվ պատմություններ բացահայտած հայտնի հետաքննող Էդիկ Բաղդասարյանի մրցանակային գումարը ևս կազմել է 10 հազար եվրո: Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրել է լրագրող Մարիաննա Գրիգորյանը:

Բաղդասարյանը լրագրական երկարամյա գործունեության ընթացքում բազմաթիվ տեղական և հեղինակավոր մրցանակների է արժանացել, ներառյալ 2008-ին Միջազգային հետաքննական լրագրության Global Shining Light Award-ը, անցյալ տարեվերջին ԱՄՆ դեսպանության «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակը:

«Քննադատում է սուր, սակայն օբյեկտիվ»,- Էդիկ Բաղդասարյանին այսպես են բնութագրել հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ նա իր առջև խնդիր է դրել պահպանել անկախ լրագրությունը Հայաստանում:

«Էդիկ Բաղդասարյանը բարձրակարգ լրագրող է և հետաքննություններ վարելու, խճճված պատմություններ բացահայտելու և առհասարակ աշխատելու մի ամբողջ կուռ համակարգ ունի- «Մեդիալաբին» ասում է Գրո Հոլմը: – Այդ ամենը շատ լուրջ է, և նա արժանի է շատ բարձր գնահատականի»:

Լուսանկարում` Գրո Հոլմը Էդիկ Բաղդասարյանին է հանձնում մրցանակի հավաստագիրը

© Medialab.am