Փաշինյանը փորձեց հանրությանը ցույց տալ, որ 44-օրյա պատերազմում մեղավոր են բոլորը, բացի իրենից. Հայկ Սահակյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հարցուպատասխանն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ բացահայտումներ կային, ըստ ձեզ, որ հնչեցրեց Փաշինյանը։

– Այդ ամենի հիմնական իմաստն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր մեղքերը, պատասխանատվությունը բարդեր հնարավոր բոլորի վրա՝ իրենից բացի։ Այս հանձնաժողովի գործունեության ընթացքում իրականությունն ու ճշմարտությունը չեն բացահայտվելու, ցավոք սրտի: 44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ կփոխվեն իշխանությունները, ու կլինի նոր ու մի քանի այլ հանձնաժողով, որովհետև մեկ հանձնաժողովը նման ծավալի գործ գուցե չկարողանա անել։ 

– Իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞ց հանրությանն ապացուցել, որ, ինչպես դուք եք ասում՝ բոլորն են մեղավոր՝ բացի իրենից։

– Իհարկե ո՛չ։ Դա պատասխանատվությունից փախչելու ամենաուղիղ ճանապարհն է, ու Փաշինյանը հենց այդ էր անում։ 

– Պարո՛ն Սահակյան, իսկ ո՞վ է պատասխանատու, որ պատերազմի ընթացքում հակասական ու իրարամերժ տեղեկություններ են հաղորդվել Նիկոլ Փաշինյանին, որ ինքնագլուխ հրամաններ են տրվել։ Նմանատիպ օրինակներ էր ներկայացնում Փաշինյանը։

– Անգամ եթե այդպես է եղել, դա ո՞ւմ թերությունն է, իհարկե իշխող ուժի։ Իրենց թերությունն է դա, ու պատասխանատուն իրենք են, նման բաներ հնարավոր են միայն թույլ կառավարչի օրոք։ Շատ ավելի վատ, եթե նման դեպքեր են եղել, դա իր թերությունն է, իր մասին է խոսում, ոչ թե նրա, որ մարդիկ դավաճան են։ Եթե եղել է դավաճանելու, ինչ-որ բաներ չանելու հնարավորություն, դա Նիկոլ Փաշինյանի թերությունն է եղել, այդ մարդիկ իրենց բաժին պատասխանատվությունը կկրեն, բա Նիկոլ Փաշինյանի արածի ու չարածի, սխալ որոշումների համար ո՞վ պետք է պատասխան տա։ 

– Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր որոշել, որ իր ելույթները պետք է դռնբաց ձևաչափով լինեն։

– Շոու է անում, մանիպուլյատոր է, շոու է անում, որի նպատակն է պատասխանատվությունից խուսափելը, ասել, որ բոլորը մեղավոր են՝ իրենից բացի։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ կարող էինք ունենալ նույն արդյունքը՝ առանց զոհերի, հիմա ունենք և՛ զոհեր, և՛ ցավալի հետևանք, ինչ-որ մեկը պետք է, չէ՞, դրա համար պատասխանատվություն կրի, իսկ Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ պատասխանատվություն կրողն ինքը չլինի, ու դրա համար ունի բոլոր հնարավոր լծակներն ու ինֆորմացիոն աղբյուրները։ 

Այդ հանձնաժողովը Փաշինյանի հետ է համաձայնեցնելու բոլոր որոշումները, այնպես չէ, որ անկախ է, էլ ինչի՛ մասին է խոսքը։ Նույն այս հանձնաժողովի նախագահը նախագահում էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները, իսկ ի՞նչ իմացավ դրանից հանրությունը, բացարձակապես ոչինչ։ Ծածկադմփոց են արել, ինչպես սա են անում, ինչ պետք է, այնպես էլ անում են, դրա համար եմ ասում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կհեռացվեն իշխանությունից, այդ ժամանակ կլինի նոր հանձնաժողով, որոնք կքննեն կատարվածն ու կբացահայտեն հանգամանքները։

– Բայց Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը կազմվեց հեղափոխական իշխանության պաշտոնավարման օրոք, որը 2016-ին իշխանություն չէր, այդ դեպքում ինչո՞ւ, ինչպես ասում եք՝ ծածկադմփոց արվեց։

– Այդ հարցն իրենց տվեք՝ ինչո՞ւ, բա մենք էլ էինք ուզում ճշմարտությունն իմանալ, բայց արեցին այն, ինչ արեցին։ 

– Այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ Փաշինյանի իշխանությունից հետո կիմանանք ճշմարտությունը 44-օրյա պատերազմի մասին, ինչպես ասում եք դուք։

– Նայած ո՛վ է գալու, ի՛նչ վիճակ է լինելու, այդ իշխանությունը պատասխանատվություն կրելո՞ւ է հանրության առաջ, թե՞ չէ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը գա, պարզ է, որ չի լինելու այդպիսի բան, որովհետև մենք գիտենք այդ մարդու գործելաոճը, նա ե՞րբ է հանրությանը հաշվետու եղել։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրա համար էլ պետք է պատասխանատվություն կրեն, որ Քոչարյանն ու իր նմանները ճաղերի հետևում գտնվելու փոխարեն այսօր ընդդիմություն են, ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am