Ֆրանսիայի Սենատի նախագահը կարող է շատ բան հայտարարել, բայց մենք տեսնում ենք, որ գործադիր իշխանությունն ունի բոլորովին այլ պատկերացումներ. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշենը թվիթերյան գրառմամբ նշել է, որ պետք է «արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը»։ Ի՞նչ է ենթադրում այս գրառումը, և, ընդհանրապես, Ֆրանսիայի դերակատարումը արցախյան խնդրի կարգավորման համատեքստում ինչի՞ մասին է։

– Ընդհանրապես, Ֆրանսիան այս կարգի հայտարարություններ է անում առավելապես մեկ խնդրի համատեքստում, այդ խնդիրը կարող է նույնիսկ մեկ կոնկրետ անուն ունենալ՝ Թուրքիա: Այս տեսանկյունից ուշագրավ է այն, որ հերթական անգամ այդ հայտարարությունները հնչում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ, որտեղ առանցքային դերում Թուրքիան էր։ 

Մենք տեսանք, որ շատ բան կենտրոնացած էր Էրդողանի շուրջը, և փաստացի վեհաժողովի ամենատեսանելի դիրքում հենց Էրդողանն էր, նույնիսկ քաղաքական կշռի իմաստով ավելի նշանակալի, քան ուկրաինական խնդիրը: Նույնիսկ այդտեղ մենք տեսնում ենք Թուրքիայի դերի որոշակի բարձրացում այդ ընկալումների իմաստով։ 

Սա անհանգստացնում է Ֆրանսիային, որովհետև մենք գիտենք, Ֆրանսիան՝ դեպի եվրոպական ուղղությամբ այդ մերձեվրոպական տարածաշրջաններում Թուրքիայի դերի հանդեպ առավել զգայուն սուբյեկտներից մեկն է։ Այս կտրուկ հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Այստեղ է նաև Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի հետաքրքրության ու շահառության առանցքային մոտիվներից մեկը։ 

Ինչ վերաբերում է արցախյան հարցի, հայ-ադրբեջանական խնդրի վրա ազդեցությանը, Ֆրանսիան, իհարկե, միջազգային ազդեցիկ դերակատարներից մեկն է, բայց կոնկրետ խնդրում և կոնկրետ իրավիճակում այսօր ամենաազդեցիկների շարքում չէ, ու բավական սուղ են Ֆրանսիայի հնարավորությունները։ 

Մեծ հաշվով, որքան սուղ են լինում խաղի ու ազդեցության հնարավորությունները, դրանով էլ պայմանավորված ավելի կտրուկ են դառնում հայտարարությունները։ Սա է իրավիճակն իմ գնահատմամբ, ընդհանուր առմամբ, որովհետև շատ առումներով կան շատ այլ շերտեր: 

Ի դեպ՝ հենց նույն Թուրքիայի համատեքստում ուշադրության է արժանի մի բան էլ, որ ֆրանսիական Le Monde-ը այսօր հրապարակել է տեղեկություն, որ Ֆրանսիան ու Հնդկաստանը պատրաստում են ուկրաինական մի նոր ծրագիր, որը բոլորովին տարբեր է մինչ այս եղածներից ու դարձյալ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մենք տեսնում ենք Թուրքիայի դերի աճ Ուկրաինայում հնարավոր կարգավորման գործընթացների առումով, ու այս համատեքստում մենք անմիջապես տեսնում ենք Ֆրանսիայից եկող ինչ-որ պատասխան նախաձեռնություն։ 

– Այսինքն՝ Ֆրանսիայի այս հայտարարությունները միտված են Թուրքիայի ազդեցության հնարավոր մեծացման նվազեցմա՞նը։

– Գլխավոր մոտիվն այն է, որ Ֆրանսիան բավական զգայուն է Թուրքիայի կարգավիճակի դերի բերումով մրցակցային հնարավոր մարտահրավերների հանդեպ, ու, բնականաբար, այստեղ առանցքային ուղղություններից մեկը Կովկասն է, ու Ֆրանսիայի այդ կտրուկ հայտարարություններն այս առնչությամբ առավելապես պայմանավորված են այս խնդրով։ Իհարկե, ոչ միայն այս խնդրով, ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այս փոփոխվող աշխարհակարգի համար պայքարում Փարիզի համար կարևոր է պահպանել Ֆրանսիայի դերը, այսպես ասենք՝ առաջնորդների ակումբի անդամի կարգավիճակում: Սա բավական բարդ է նրանով, որ Ֆրանսիան այսօր բավական սուղ հնարավորություններ ունի հենց այդ առաջնորդող սուբյեկտների համեմատ, այս տեսանկյունից Փարիզը լուծում է ավելի լայն խնդիրներ: Ես պարզապես կոնկրետացրի, թե առանցքային մոտիվներից մեկը ո՛րն է, դա Թուրքիան է ու նրա հնարավոր դերի աճը։

– Իսկ Ֆրանսիան կկարողանա՞ չեզոքացնել կամ նվազեցնել Թուրքիայի դերի հնարավոր աճը, պարո՛ն Բադալյան։

– Ֆրանսիայի խնդիրը, ըստ իս, ոչ թե նվազեցնելն է, որովհետև չեմ էլ կարծում, որ առանձնապես մեծ հնարավորություն ունի նվազեցնելու, այլ իր համարժեք դերն ապահովելը ու այդ գործընթացներին համարժեք հակազդեցության հնարավորություններ ապահովելը, եթե կոպիտ ասեմ՝ հետ չմնալը, սա է Ֆրանսիայի խնդիրը։

– Երբ ասում եք, որ Ֆրանսիայի հնարավորություններն այս պահին այնքան էլ մեծ չեն, այս պարագայում արցախյան կարգավորման մասով ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ կոնկրետ Ֆրանսիայի միջնորդությունից։

– Եթե դիտարկենք կարճաժամկետում, ապա ակնկալիքն այն է, որ Ֆրանսիան իր դիրքորոշմամբ գոնե բալանսավորի այն իրավիճակը, որն այսօր կա, և որի առանցքային բնորոշիչը հենց այդ խախտված հավասարակշռությունն է, ու Ֆրանսիան իր դիրքորոշումներով գոնե հնարավորություն ստեղծի այդ միջազգային քաղաքական դերակատարների շրջանակում ապահովել որոշակի բալանս, որը արտահայտում է Հայաստանի ու Արցախի համար կարևոր հարցեր և շահեր։ 

Հասկանում ենք, որ Ֆրանսիան այդ ամենն արտահայտում է ոչ թե մեզ, այլ իր համար, այստեղ կա մեր շահերի ընդհանուր համադրությունը, և սա շատ կարևոր է, եթե Ֆրանսիան իր այդ ակտիվությամբ ու հնարավորությունների շրջանակում փորձի գոնե այդ բալանսավորող գործոններն ապահովել։ 

Ավելի երկարաժամկետ իմաստով՝ նախ պետք է որևէ պատրանք չունենալ Ֆրանսիայի աջակցության ծավալների և այլնի մասով։ Ֆրանսիայի Սենատի նախագահը կարող է շատ բան հայտարարել, բայց մենք տեսնում ենք, որ գործադիր իշխանությունն ունի բոլորովին այլ պատկերացումներ, ու այս տեսանկյունից պետք է պարզապես շարունակել նաև Ֆրանսիայի հետ այն երկխոսությունը, որ սկզբնավորվել է պաշտպանական բնագավառի իմաստով: Այստեղ կարող են լինել ընդհանուր աշխատանքային ուղղություններ, որոնք արդյունավետ սպասարկելու դեպքում, բնականաբար, կունենանք շատ կարևոր գործընկեր՝ ի դեմս Ֆրանսիայի, բայց, կրկնեմ, այստեղ անհրաժեշտ է զերծ լինել ավելորդ պատրանքներից։ 

Հայաստանի համար մեկ այլ կարևոր խնդիր կա, քանի որ Ֆրանսիայի խնդիրը, ինչպես նշեցի, իր ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներին հակազդելն է: Ունենալով ընդհանուր շահեր Հայաստանի հետ՝ Ֆրանսիան կարող է շատ էական հարցերում ունենալ տարբեր մոտեցումներ ու ունենալ մոտեցումներ, որոնք կարող են այնքան էլ համահունչ չլինել Հայաստանի խնդիրների հետ: Սա ևս շատ նորմալ է, մենք սովորաբար փնտրում ենք կա՛մ 100 տոկոս թշնամի, կա՛մ 100 տոկոս բարեկամ, այդպես չի լինում, շահերը բազմազան են, ու Ֆրանսիայի հետ աշխատանքում նաև դա պետք է հաշվի առնենք։

– Պարո՛ն Բադալյան, Արցախի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական հատվածի այս ակտիվացումն իր հիմնական ուղերձները կկարողանա՞ հասցնել միջնորդ երկրներին, շոշափելի արդյունք կարո՞ղ ենք ակնկալել։

– Դա կախված է նրանից, թե այդ ակտիվությունը վերջին հաշվով ինչպիսի քաղաքական բովանդակություն, ինչպիսի քաղաքական լրջություն կունենա, և դա ինչ որակներ կունենա հենց Արցախի ներսում։ Եթե լինելու է ինչ-որ դեկլարատիվ բան, որով պարզապես տնտեսական ու քաղաքական ազդեցության համար պայքարող տարբեր ուժեր ու խմբեր ավելի շատ ներքին հարաբերություններ են լուծելու, ապա, բնականաբար, սա ոչ մի արտաքին ազդեցություն էլ չի թողնի, իսկ եթե այս շարժման նախաձեռնողները կարողանան իսկապես ապահովել քաղաքական այնպիսի բովանդակություն, որը հետաքրքիր կլինի արտաքին խաղացողներին, կարծում եմ, արձագանք կլինի։ 

Պետք է նկատի ունենալ, որ շատ բարդ վիճակում է Արցախը, ու հեշտ լուծումներ չկան որևէ իմաստով, դրա համար առանցքային է այն, թե այս շարժումը նախաձեռնողներն իրենք ինչպես են մշակել այս գործընթացը ու որքանով կկարողանան դրա ներքին որակներն ապահովել, նկատի ունեմ առաջին հերթին Արցախի ներսում հասարակական-քաղաքական հարաբերությունների որակի վերափոխում։ Այստեղ են լինելու արտաքին ընկալման առանցքային նախադրյալները։

Չեմ կարող ասել՝ կկարողանա՞ն դա անել, թե՞ չէ, բայց, համենայնդեպս, մինչև հիմա պարզ է, որ այն վիճակը, որում հայտնվել է Արցախը այսօր, իրենց պատասխանատվության բաժինն ունեն ոչ միայն Հայաստանի ներկա ու նախկին իշխանությունները, այլ նաև՝ Արցախի, ու ընդհանրապես հասարակական-քաղաքական դերակատարները։ 

Միշտ էլ հնարավոր է ինչ-որ սխալ ուղղել, բայց այդ հնարավորությունը պետք է ցույց տան առաջին հերթի Արցախի հանրությանը, ասեն, որ պատրաստ են ինչ-որ բան փոխել ու նաև պատկերացում ունենալ՝ ինչպե՛ս փոխել։ Կողքից շատ հեշտ է ասել՝ պետք է փոխել, բայց անելը միշտ էլ շատ բարդ է: Պարզապես սա է ճանապարհը, ներքին կարողությունից է կախված, թե ինչպես կլինի արտաքին ընկալումը։ 

Այս նախաձեռնություններին առնվազն հոգեբանական աջակցություն պետք է ցուցաբերել, դրանով հանդերձ պետք է այդ նախաձեռնության հեղինակներին դնել պատասխանատվության տակ, կրկնեմ, որպեսզի իրենք այդ նախաձեռնություններով լուծեն ոչ թե իրենց անձնական կամ խմբային հարցեր՝ պաթետիկ խորագրերի ներքո, այլ իսկապես լուծեն հարցեր, որոնց համար պատասխանատու են հանրության առաջ, առաջին հերթին՝ Արցախի հանրության։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am