Փաշինյանն ունի իր քաղաքական ընտրազանգվածին մոբիլիզացված պահելու երկու առանցքային կռվան՝ նախկիններ ու Ռուսաստան. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանում ՌԴ դեսպանին օրերս կանչել են Մոսկվա, որի մասին պարզաբանում է տվել արտգործնախարար Սերգեյ Լավորվը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խորհրդատվության մասին կարող է խոսք լինել։

– Բարդ է իհարկե ասել, որովհետև մի կողմից մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամային շրջափուլ ենք ապրում, բայց մյուս կողմից նաև շատ երկար շարունակվող շրջափուլ է, ու այդ տեսանկյունից որևէ նոր և արտառոց տեսանելի բան չի եղել, որը թույլ կտար ասել, որ դրա պատճառով դեսպանին կանչել են խորհրդատվության։ Չեմ բացառում, որ, ընդհանուր առմամբ, իսկապես խորհրդատվության կոնկրետ պատճառ այդ պահին չի եղել, այլ պարզապես ընթացիկ քննարկումների համար նման քայլ է նախաձեռնվել։ 

Նկատենք նաև, որ տևական ժամանակ խոսվում է, որ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանում նոր դեսպան նշանակելու հարցը։ Այս տեսանկյունից հիշենք, որ Կոպիրկինը 2018-ից է զբաղեցնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը, փաստացի նա պաշտոնավարում է բավական երկար ժամանակ։ 

Մի հատկանշական հանգամանք էլ․ երբ Կոպիրկինը Հայաստանում ստանձնեց պաշտոնը, նա հայտարարություններ էր անում այն մասին, որ ռուսական քաղաքականության փափուկ ուժի տարրերը պետք է ուժեղացնել Հայաստանում: Սա նշանակում էր ռուսական քաղաքականության որակական արձանագրում կամ նպատակադրում, որովհետև այդ քաղաքականությունը, ի տարբերություն, օրինակ՝ արևմտյան գործելաոճի, երբեք աչքի չի ընկել փափուկ ուժի դրսևորումներով։ 

Բայց, փաստացի, եթե դիտարկում ենք այս հետագիծը, տեսնում ենք, որ այդ իմաստով Կոպիրկինը տապալված դեսպան է, նա որևէ կերպ չի նպաստել Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության որակական փոփոխությանը։ Հնարավոր է, որ նաև նման քննարկումներ են տեղի ունենում Մոսկվայում։ 

Մի կարևոր հանգամանք էլ պետք է նկատի առնենք Կոպիրկինի այս կանչի առումով: Ես կարծում եմ, որ ավելորդ չի լինի ուշադրություն դարձնել Ռուսաստանի ներսում այսօր տեղի ունեցող գործընթացներին, իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ներսում ծավալվում է էլիտաների սուր պայքար, որն այսօր առավել ընդգծված դրսևորում է ունենում պաշտպանության նախարարության շրջանակում:

Մենք տեսնում ենք մի շարք կոռուպցիոն գործեր ու բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ՝ ընդհուպ փոխնախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալի:

Սա Ռուսաստանի համար բավական արտառոց մասշտաբ է, եթե հաշվի առնենք հետագիծը ու նաև նկատենք այն ներիշխանական վերադասավորումները նաև ուժային բլոկում, որոնք տեղի ունեցան՝ Շոյգուի հեռացումը պաշտպանության նախարարի պաշտոնից, տնտեսագետ ակադեմիկոսի նշանակումը պաշտպանության նախարար ու էլի վերադասավորումներ, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ներսում բավական լուրջ ներքին գործընթացներ են տեղի ունենում, ու թեպետ ԱԳՆ-ում գոնե առայժմ լուրջ վերադասավորումներ տեղի չեն ունեցել, Լավրովն էլ վերանշանակվել է, այդուհանդերձ հասկանում ենք, որ ԱԳՆ-ն մոնոլիտ կառույց չէ ու իր մեջ ներառում է ռուսական էլիտաների տարբեր թևերի ազդեցություններ։ Ամենևին պետք չէ Կոպիրկինին այս խորհրդատվության նպատակով Մոսկվա կանչելու համատեքստից դուրս թողնել այս ներռուսական իրողությունների հանգամանքը։ 

– Ոմանք դեսպանի Մոսկվա կանչելու հանգամանքը կապում են Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարության հետ, թե ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր ինքը գիտի, որ օգնել են Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Դուք բացառո՞ւմ եք, որ սա ևս կարող է դեսպանին կանչելու պատճառներից լինել։

– Իհարկե չեմ կարող ոչինչ բացառել, որովհետև բավարար ինֆորմացիա չունեմ, բայց ես նաև կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդօրինակ հայտարարություն առաջին անգամ չէ, որ արել է Ռուսաստանի հասցեին, ու եթե դիտարկենք՝ նույնիսկ ավելի կոշտ հայտարարություններ են հնչել, բայց դարձյալ անուղղակի ու նաև որոշ դեպքերում հենց ուղղակի են եղել, բայց մենք նման արձագանք չենք տեսել: Հետևաբար կարծում եմ, որ, մեղմ ասած, շատ քիչ հավանական է, որ դա լինի պատճառ, առավելևս, որ դրանից առաջ Զախարովան արձագանքել էր այդ հայտարարությանը։ Դա ամենևին նոր իրողություն չէ, անգամ իր սրությամբ, որպեսզի դառնար նման քայլի պատճառ։ 

– Պարո՛ն Բադալյան, իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է նման բովանդակությամբ հայտարարություններ անում ժամանակ առ ժամանակ:

– Նիկոլ Փաշինյանն ունի իր քաղաքական ընտրազանգվածին մոբիլիզացված պահելու երկու առանցքային կռվան՝ նախկիններ ու Ռուսաստան, այսինքն՝ պայքար նախկինների դեմ, երբ նա փորձում է դիրքավորվել որպես նախկինների վերադարձ թույլ չտվող միակ գործոն, և պայքար Ռուսաստանի այսպես ասած հավակնությունների դեմ: Նա փորձում է ներկայացնել, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանը ներառել Միութենական Պետության կազմի մեջ, ու ինքն այդ ճանապարհին միակ խոչընդոտն է, ինքն է, որ թույլ չի տալիս վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը։ 

Բոլորովին այլ հարց է, թե որքանով են փաստարկված այդ մոտեցումները, բայց սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընտրազանգվածը մոբիլիզացված պահելու առանցքային երկու կռվանն ու գործիքը, որոնք հաճախ ինքը միավորում է, այսինքն՝ նախկիններին ներկայացնում է որպես Ռուսաստանի գործիք։ Այս իմաստով՝ նրա հայտարարությունները հետապնդում են այդ նպատակը, և պատահական էլ չէ, որ այդ հայտարարությունների մեծ մասը վերացական է, օրինակ՝ երբ նրան հարցնում են, թե ո՞վ է կոնկրետ Հայաստանի առաջ դրել Միութենական Պետության հարց, չի տրվում հստակ պատասխան, փոխարենը հղում է արվում փորձագիտական դաշտին, ինչն ակնհայտ է դարձնում, որ այդտեղ չկա որևէ կոնկրետություն։ 

Ես էլ չեմ ասում, որ եթե դիտարկենք ըստ շահերի ու տրամաբանության, ապա որևէ կերպ հիմնավոր չի թվում, որ Ռուսաստանն այսօր նման ձգտում ունենա, որովհետև դա Ռուսաստանի համար լինելու է մեծ բեռ, քան հնարավորություն, ու այդ տեսանկյունից մենք նույնիսկ տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքը տակտիկական իմաստով հրաժարվում է Հայաստանի հանդեպ պատասխանատվությունից: 

Դրա մի վկայություն էր սույն թվականի մայիսի 8-ի Փաշինյան-Պուտին հանդիպումը, որտեղ Ռուսաստանն առանց առանձնակի դժգոհությունների համաձայնեց հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել իր սահմանապահներին: Իհարկե Մոսկվայի համար առանցքայինն այս փուլում ռազմավարական ռիսկեր չունենալն է, Կովկասում իր համար ռազմավարական սպառնալիքներ չստանալ Հայաստանից, և մենք տեսանք, որ այդ առնչությամբ էլ եղավ պայմանավորվածություն, որը դրսևորվեց հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին ստատուս քվոյի պահպանմամբ, այսինքն՝ ռուսական սահմանապահ ներկայությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am