«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– «Տեղի է ունենում պետության օպերատիվ կենցաղայնացում». ի՞նչն է հիմք տվել ձեզ նման մտքի հանգելու, պարո՛ն Բադալյան։
– Դե մենք տեսնում ենք, որ գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակով հանրությանը մատուցվում են ձևաչափեր, մտքեր, բովանդակություն, այսպես ասած քոնթենտ, որը կենցաղն անմիջապես սկսում է ասոցացնել պետական քաղաքականության, պետական վարքագծի հետ։ Սա, իհարկե, բերում է նրան, որ պետականության ընկալումը կենցաղայնացվում է, իմ գնահատմամբ, իսկ երբ պետության ընկալումը կենցաղայնացվում է, բնական է, որ հասարակության մոտ կարող է փոխվել պահանջը այդ պետությունից, պետական քաղաքականությունից, ու դրանք կարող են իջնել ընդհուպ կենցաղի մակարդակի։
Հասկանալի է, որ անշուշտ պետությունը պետք է ծառայի նաև իր քաղաքացիների կենցաղին, կենցաղի բարելավմանը, բայց պետականությունն ամենևին չի սահմանափակվում դրանով, ու դա նույնիսկ հիմնական գործառույթը չէ։ Պետականությունը, բնականաբար, ունի տվյալ հանրույթի կյանքի կազմակերպման ավելի բարձր ֆունկցիաներ, որոնք ենթադրում են ոչ միայն նյութական չափումներ, այլ նաև արժեքային, դավանաքաղաքական, գաղափարական և այլն։ Երբ մենք կենցաղայնացնում ենք պետության ընկալումը, այդ մնացած ասպեկտների հանդեպ հանրային պահանջները գործնականում տանում ենք դեպի զրոյացում: Սա նշանակում է, որ հասարակության ու պետության այս փոխադարձ հաշվետվողականությունը, պահանջը, այդ փոխադարձ հաղորդակցության բացակայությունը բերելու են պետական սուբյեկտության նվազման կամ զրոյացման և դրա հեռանկարների որոշակի չեզոքացման։
– Գործադիրի ղեկավարը միտումնավո՞ր է որդեգրել այս քաղաքականությունը։
– Չեմ կարող ստույգ պնդում անել, բայց չենք էլ կարող բացառել, որ այդպիսին կարող են լինել Փաշինյանի պատկերացումները, այդուհանդերձ, ես հակված եմ մտածելու, որ քաղաքականությունը մշակված ու հաշվարկված է երկու ելակետով: Մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այդ կերպ է տեսնում իր ներքաղաքական հաշվարկները սպասարկելու հնարավորությունը, որովհետև հենց այդ հաղորդագրությունները կլանելու, սպառելու ի վիճակի հասարակական շերտին է դիտարկում իրեն հենարան ու նա համարում է, որ մնացյալ շերտերը, որոնք ավելին են պահանջում պետությունից, իր հենարանը չեն այլևս, ու հիմա նա աշխատում է իր հենարանի վրա։
Սա էլ պայմանավորված է նրանով, որ, մեծ հաշվով, Փաշինյանը արտաքին, անվտանգային ու կադրային առումներով բավական սուղ ռեսուրսային վիճակում է ու թե՛ օբյեկտիվ, թե՛ նաև զգալիորեն սուբյեկտիվ պատճառներից ելնելով կառավարման արդյունավետությունը արտաքին ու ներքին դաշտում բարձրացնելու հնարավորություն չունի և, բնականաբար, իր հաշվարկները կառուցում է հենց նշածս շերտի վրա ինտենսիվ խաղի տրամաբանությամբ։
– Պարո՛ն Բադալյան, այսինքն, այդ կենցաղայնացման ճանապարհով ավելի հեշտ է բավարարել մարդկանց պահանջները։
– Ցանկացած հասարակության մեջ նման շերտ կա, այսինքն՝ այնպես չէ, որ դա միայն հայ հասարակության մեջ առկա շերտ է, բոլոր պետություններում դա կա, հիմա հարցն այն է, թե այդ պետությունները կառավարող ուժերը այդ շե՞րտն են դիտարկում իրենց հենարան, թե՞ ոչ։ Երկրներ կան, ուր այդ շերտը այսպես ասած մարգինալ կարգավիճակում է, ու երկրներ, որտեղ այդ շերտն են հենց դիտարկում հենարան։
Հիմա, ըստ իս, ակնհայտ է, որ Փաշինյանը հենց այդ շերտին է դիտարկում իրեն հենարան, այսինքն՝ այդ շերտն է մնացել, որ կարող է կուլ տալ այն քարոզչական նարատիվները, որ Փաշինյանն առաջ է բերում, օրինակ՝ թալանի վերադարձ, պողպատե մանդատ և այլն։ Այսինքն՝ նարատիվներ, ինչ-որ շեշտադրումներ, որոնք համակարգային իմաստով բացարձակ արդյունավետություն չեն կարող ունենալ այն համատեքստում, որում հայտնվել է Հայաստանը արտաքին, անվտանգային, տնտեսական ու այլ առումներով: Բայց քանի որ Փաշինյանն այդ բոլոր առումներով, մեծ հաշվով, անելիք չունի՝ ելնելով օբյեկտիվ հանգամանքներից, որ իր հնարավորություններն են սուղ, ու սուբյեկտիվ հանգամանքից, որ ինքը տանուլ է տվել պատերազմ, ու դա բերել է նոր իրավիճակ՝ թուլացնելով Հայաստանը։
Այս ամբողջով հանդերձ, քանի որ Փաշինյանն ուզում է պահպանել իշխանությունը՝ որպես իր անվտանգության երաշխիք, բնականաբար, շեշտը պետք է դնի այն հանրային շերտի վրա, որին ի վիճակի է սպասարկել, որի ուզածն ինքն ի վիճակի է տալ, իսկ այդ հանրային շերտի ուզածը հենց այդ կենցաղավարությունն է, կենցաղայնությունը, որ ինքը տալիս է՝ պետության ասոցիացիան կառուցելով հենց դրա վրա։
– Պարո՛ն Բադալյան, իսկ այդ կենցաղայնությունը ի՞նչ հետևանքներ է ունենալու պետության համար։
– Ինչպես նշեցի, դա պետության սուբյեկտության հեռանկարն է չեզոքացնում արդեն։ Այստեղ, իհարկե, երկու խնդիր կա․ հասկանում ենք, որ մեր պետությունը միայն Փաշինյանը ու հանրային այդ շերտի կոմունիկացիան չէ, այսինքն՝ մեր հասարակությունը, մեր պետական օրգանիզմը, մեր հավաքականությունը միայն կազմված չէ Փաշինյանից ու հանրային այդ շերտից։ Եթե նրանց միջև կոմունիկացիային զուգահեռ որակապես, բովանդակային առումով, արժեհամակարգային, գաղափարական կենսունակ ու մրցունակ այլ կոմունիկացիաներ ձևավորվեն, ապա ես կարծում եմ, որ լիովին հնարավորություն ու շանս կա Հայաստանի զարգացման այդ պարադիգմը փոխելու։ Հիմա դա կլինի իշխանափոխությամբ, կլինի Նիկոլ Փաշինյանին այլ պահանջներ պարտադրելու ու ստիպելու, որ ինքն այդ պահանջներով առաջնորդվի ու պետությունը ղեկավարի, արդեն տակտիկական հարց է։
Ամբողջ խնդիրն այն է, որ մեզանում այդ զուգահեռ կոմունիկացիաները, որոնք մրցունակ կլինեն Փաշինյանի ու իր հենարան շերտի միջև կոմունիկացիային, ցավոք, այսօր չկան։ Հայաստանում իրավիճակի փոփոխության առումով շատ կարևոր է՝ այդ զուգահեռ մրցակցային կոմունիկացիան կձևավորվի՞, թե՞ չէ՝ քաղաքական ու տնտեսական որևէ էլիտայի ու հասարակության այն շերտերի միջև, որոնք պետության այլ պատկերացում ունեն, պետության վերկենցաղային պատկերացում ունեն։
– Իսկ եթե չձևավորվի՞։
– Բնական է, Նիկոլ Փաշինյանը իր անելիքն է անելու, իր աշխատանքն է շարունակելու իր հենարանի հետ իր դիրքերը պահելու համար, ու, բնականաբար, դա բերելու է Հայաստանի դիրքերի անկման, այն իմաստով, որ եթե Հայաստանը որակապես չի փոխվում, չեմ էլ խոսում, որ որակապես հետընթաց է ապրում, դեգրադացվում է ու այլ, մեր շուրջ միջավայրն ու մարտահրավերները փոխվում են ու մեզնից պահանջում են ավելի բարձր որակ:
Եթե մենք մնում ենք տեղում, այդ տարբերությունը ժամանակի ու տարածության և մեր միջև ավելի է մեծանում, իսկ երբ մեծանում է, մեր հնարավորություններն ինքնաբերաբար արդեն նվազում են, թուլանում ենք, կտրվում ենք ժամանակից, իսկ դրա վտանգները կարող են լինել ամենատարբեր՝ խաղաղ ռեժիմով վտանգներից մինչև ֆիզիկական սպառնալիքների ռեժիմով վտանգներ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am