Տեսակետ. «Մի՛ թույլ տուր որ քեզ մարսեն, մի՛ լռիր, քանի որ վաղը ՔՈ հերթն է գալու»

Տեսակետ. «Մի՛ թույլ տուր որ քեզ մարսեն, մի՛ լռիր, քանի որ վաղը ՔՈ հերթն է գալու»
Տեսակետ. «Մի՛ թույլ տուր որ քեզ մարսեն, մի՛ լռիր, քանի որ վաղը ՔՈ հերթն է գալու»

«Հարսնաքարում» հաստավզերի կողմից անգութ ծեծի հետևանքով Վահե Ավետյանը այդպես էլ ուշքի չգալով մահացավ՝ կրկին թողնելով հավերժական հարցը. ԻՆՉՈւ՞:
Ինչու՞ պետք է պատահեր նման ողբերգություն մի մարդու հետ ով ընդամենը ընկերների հետ երեկոյան ռեստորան էր այցելել՝ ընթրելու:
Ինչու՞ «ախռաննիկը» որը ընդհամենը կարգ պահպանելու է կոչված, իրեն կարող է թույլ տալ հաճախորդին ծեծելով հասցնել մահվան:

 

Ինչու՞ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է պայքարենք որ տականքներին, ովքեր մասնակցել են ծեծին, իրոք պատժեն, իսկականից պատժեն եւ միունույն ժամանակ հավատ չընծայենք ոստիկանների այն բառերին, ովքեր խոստանում են մեղավորներին պատժել՝ առանց կողմնակալության:

Ինչու՞ Ռուբեն Հայրապետյանը չի զգում ոչ մի պատասխանատվություն տեղի ունեցածի համար, չի զղջում, չի կատաղում, չի արդարանում, չի փորձում ինչ որ բան ասել:

Ինչու՞ Վահեի մահից հաշված ժամեր անց, «Հարսնաքարում» գմփգմփոցներով հրավառություն է:

Մենք բոլորս շատ լավ գիտենք այս բոլոր «ինչու»-ների պատասխանները, բայց ցավոք դրանից մեր իրականությունը չի փոխվում: Այն ավելի է մթագնում, քանի որ զգում ենք մեր անզորությունը, իրականությունը փոխելու անկարողությունը:

Մենք ապրում ենք համընդհանուր վախի և տագնապի մթնոլորտում: Վախենում ենք ամեն ինչից և բոլորից: Մենք պաշպանված չենք ու ստիպված ենք եղնիկի պես բաց աչքերով քնել, որ մեզ «չուտեն»:

Թվացյալ ազատությունն ու իրավունքները ավարտվում են այնտեղ որտեղ սկսվում են կիսաստվածների փռչոտ բազուկները կամ ինչպես ասում են «բիլակները»: Մի ամբողջ խավ որը կազմում է ժողովրդի 90%-ը գոյատևում է պոտենցիալ զոհի կարգավիճակով:

Կապրես խաղաղ մինչև հերթը կհասնի ՔԵԶ:

Անձամբ ՔԵԶ:

Հատկապես ՔԵԶ:

Ու այդ պարագայում դու ստիպված ես լինել ինքդ քո ոստիկանը,փաստաբանն ու դատավորը: Իսկ եթե ունես մի քիչ խնայողություններ կարող ես «առնել» դրանցից մեկին կամ բոլորին միասին:

Սակայն դա քեզ չի փրկի…. կիսաստվածների հետ մրցելն անօգուտ է:

Ստիպված ես լինել հանդուրժող, քանզի այլ բան չի մնում անելու: Ու հենց այդ պարտադրված հանդուրժողականությունն է որ ստիպում է լռել մայիսի 4-ին հանրապության հրապարակում Հանրապետականի պայթած փուչիկներից այրված երեխաների ծնողներին:

Այդ պարտադրված հանդուրժողականությունն է, որ ստիպում է լռել Ախթալայի հոմոսեքսուալ բարերարի զոհերի ծնողներին (չնայած Սերոբը գոնե վճարել էր ,այսինքն գնել էր լռությունը որի համար նրան խորին շնորհակալ էին ծնողները և դատարանում նրան սատարեցին):

Այդ պարտադրված հանդուրժողականությունն է, որ ստիպեց ՀՀ այն քաղաքացիներին իրենց կամքին հակառակ՝ «Հավատանք, որ փոխենք» դրոշակները ձեռքներին գնալ նախընտրական հանդիպումների ու ընտրել «ում որ պետք է» :

Մնում է հուսալ, որ մարդկային գիտակցության մեջ այնուամենայնիվ գոյություն ունի համբերության բաժակ ասվածը ու որ այն մի որ կլցվի ու ԴՈւ կհասկանաս որ վաղը ՔՈ հերթն է գալու նրանց զոհասեղանին, որ վաղը «մատաղը» ԴՈՒ ես լինելու, կամ ՔՈ մերձավորը, եթե այսօր գառան պես լռես ու հանդուրժես:

Մի՛ թույլ տուր որ քեզ մարսեն, մի՛ լռիր:

Վահե Ներսեսյան

© Medialab.am