Տեսակետ.Հարսնաքարի դեպքն ու մտավորականների նամակը

Տեսակետ.Հարսնաքարի դեպքն ու մտավորականների նամակը
Տեսակետ.Հարսնաքարի դեպքն ու մտավորականների նամակը

Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշների դաժան ծեծից հետո հունիսի 22-ին հրապարակվեց «մտավորականների» և հասարակական կազմակերպությունների նամակը ուղղված Սերժ Սարգսյանին, որում խնդրում էին Սերժ Սարգսյանի «գործուն միջամտությունը» քրեկան, քրեածին և հակասոցիալական արտադրանքից հեռուստաեթերը մաքրելու գործում:

Կասկածող միտքը անմիջական կապ կտեսնի բժիշկների ծեծի ու մտավորականների նամակի միջև և կեզրակացնի, թե նամակի բուն նպատակը «Հարսնաքար»-ում տեղի ունեցած դաժան ծեծը սերիալների քրեածին բնույթով բացատրելը և հասարակության ցասումը դեպի այդ սերիալները ուղղորդելն է, սակայն, եթե ընդունենք, որ այդպիսի միտում չի եղել, ապա միևնույնն է `«Հարսնաքար»-ի ծեծի ու մտավորականների նամակում արծարծված խնդիրների կապը ակնհայտ է:

Ինչպես նշված է մտավորականների նամակում, մոտ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՌԱՀ նախագահը մշակեց տխրահռչակ չափորոշիչները : Մամուլը գրեց, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով փակվեցին, իսկ ավելի ստույգ կարճ ժամանակում «ավարտվեցին» մի քանի սերիալներ, մասնաորապես Շանթ հեռուստաընկերության քրեական «Որոգայթ» սերիալը:

Հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի, հասրակության բևեռվածության ու իշխանության հանդեպ հանրային անվստահության պայմաններում իշանության «գործուն միջամտության» արդյունքում ընդհատված քրեական սերիալներին եկան փոխարինելու պակաս քրեականները: Երկու օլիգարխների հակամարտությունը ներկայացնող` «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալին փոխարինեց «Վերադարձ» «հայրենասիրական» սերիալը, որտեղ «բացասական» կերպարները ոչ թե օլիգարխներ կամ կոռումպացված պետական պաշտոնյաներ էին, այլ ադրբեջանցի Հասանն ու Մուրադը, որոնք հայ վրիժառուներից փախչելով՝ եկել-մտել էին Հայաստան: Նրանց՝ այդ երգիծական կերպարների փխրուն ուսերին էր դրված արտաքին թշնամուն մարմնավորելու ծանր պարտականությունը և հիշեցնելու մեր ազգաբնակչությանը, որ թշնամին քնած չէ և պետք է միասնական լինել: Իսկ «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալին փոխարինեց «Ժառանգները» սերիալը, որի գործողությունները կատարվում էին «մութ ու ցուրտ» տարիներին:

Թշնամանքն ու բռնությունը սերիալներից չպակասեց, պարզապես այն արդեն չէր կապվում ինչ-որ օլիգարխի կամ կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյիայի հետ: Մասնավորապես «Վերադարձ» սերիալում դրական հերոսները` հայերը, պարբերաբար ահաբեկչական գործողություններ էին իրականացնում` այս կամ այն երկրում սպանելով ինչ-որ տականք ադրբեջանցու:

Հեռուստաեթերը քրեածին սերիալներից մաքրելու այս դառը փորձը ստիպում է թերահավատորեն մոտենալ մտվորականների նամակին , որովհետև վտանգ կա, թե այս նախաձեռնությունը կդառնա հերթական մահակը, որով իշխանությունը կսաստի առանց այդ էլ կախյալ վիճակում գտնվող հեռուստաընկերություններին, թեև, իմ կարծիքով, ճնշելու հավելյալ լծակների կարիք չունի:

Անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքի ու քրեական սերիալների միջև եղած կապին պետք է ասեմ, որ հենց որ կարդացի «միջադեպի» մասին տարածված կցկտուր լուրը անմիջապես գլխումս պատկերվեց քրեական սերիալի տեսարանը: Ինձ նույնիսկ թվաց, թե ինչ-որ սերիալում արդեն տեսել եմ այն:

 

ՏԱՂ. – ՀԱՐՍՆԱՔԱՐ ՌԵՍՏՈՐԱՆ – ԳԻՇԵՐ

Հայտնի օլիգարխի գոնչագլուխ և ամրակազմ Թիկնապահ Ա-ն բջջային հեռախոսով զրուցում է Օլիգարխի հետ:

Թիկնապահ Ա – Շեֆ, ստեղ մեկը կա` կարգին չի պահում իրան:

Օլիգարխ – Դաստիրակեք դրան:

Հաջորդ տեսարանում բնականաբար օլիգարխի թիկնապահներն ու ռեստորանի պահակազորը դաստիրակում են անկարգ հաճախորդին, մինչև որ վերջինս կորցնում է գիտակցությունը և այդ ժամանակ թիկնապահներից մեկը ասում է` «Արա, թռանք ստուց, էսի մեռավ»:

Ինչ խոսք, շատ ծեծված սյուժե է, բայց նմանատիպ սյուժեներ միշտ էլ կլինեն հայկական սերիալներում, քանի դեռ այսպիսին է հայաստանյան իրականությունը: Իհարկե իշխանության «գործուն միջամտության» արդյունքում գործողությունները տեղի չեն ունենա ԱԺ պատգամավորի ռեստորանում, այլ մի հանցագործի «օբյեկտում», որին իհարկե կձերբակալի անկաշառ ու ազնիվ ոստիկանությունը:

Համբարձում Համբարձումյան

«Գրողուցավ»