«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո մամուլի ասուլիս էր հրավիրել, ինչո՞ւ որոշեց հանդես գալ հիմա, և ո՞րն էր նրա ասելիքը:
– Տևական դադարի մասին նա ինքը խոսեց ու դրանով ցույց տվեց, որ այն բոլոր խոսակցությունները, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտում չերևա՝ նոր ուժեր կձևավորվեն, իրականում դատարկ խոսակցություններ էին, որովհետև, ճիշտ է, իր կողմնակիցները կային, բայց անձամբ ինքը չէր երևում, ու մենք տեսանք, որ ոչ մի նոր ուժ էլ չձևավորվեց:
Քաղաքական դաշտում չկա այդ հզոր ընդդիմադիր ուժը, ինչն էլ հավանաբար ստիպեց երկրորդ նախագահին վերադառնալ ասուլիսով: Առաջին պատճառը սա էր, որ երեք տարվա լռությունից հետո ինքը վերադարձավ ու հայտարարեց, որ ակտիվ քաղաքական գործունեություն պետք է ծավալի:
Երկրորդը՝ Թրամփի նախադեպն է, որի մասին նա խոսեց, երբ նախկին նախագահը, ընտրություններում պարտվելով, չորս տարի զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ լավ, թե վատ՝ այլ հարց է, չորս տարի հետո վերադառնում է, մասնակցում ընտրություններին ու հաղթանակ է տանում նույն թեկնածուի նկատմամբ ու առավել բարձր վարկանիշով է աշխատում, քան անգամ առաջին նախագահական տարիներին: Այս նախադեպն էլ կարող է որոշիչ լինել:
Ինչ վերաբերում է ասելիքին, ապա դա կարելի է գնահատել որպես նախընտրական ծրագրի նախնական դրույթներ, այսինքն՝ հաղթանակի դեպքում Արևմուտքի հետ կապերն էլի ամրապնդելու է, զարգացումը գնալու է դեպի ԲՐԻԿՍ-ի շրջանակներ, արցախահայությունը վերադարձվելու է իր բնակավայր՝ ուղղակի առանց կարգավիճակի, բայց միջազգային երաշխիքների ներքո, դե, տնտեսական քաղաքականության մասին էլ ասվեց, որին չեմ անդրադառնում: Այսինքն՝ ցույց տվեց ապագա քաղաքական դաշինքի տնտեսական ու արտաքին քաղաքական ծրագրի դրույթները:
– Ստացվում է, որ իր քաղաքական թիմի մասով նախընտրական գործընթացի մեկնա՞րկն ազդարարեց:
– Նախընտրական գործընթացի մեկնարկը՝ մի փոքր ազդեցիկ է ասված, բայց ըստ էության այդպես է, այսինքն՝ ձեր ասած միտքը ճիշտ է, բայց մի փոքր մեղմ ձևակերպում պետք է անել: Երկու-երեք ամիս հետո նոր կարող ենք ասել, որ սկսվել է նախընտրական գործընթացը, հիմա ընտրական գործընթացների նախամուտքն է, որի մասին էլ ազդարարեց Քոչարյանը:
– Պարո՛ն Բադալյան, իշխանության ներկայացուցիչների արձագանքը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ինչո՞վ եք բացատրում:
– Դա ցույց է տալիս այդ քաղաքական ուժի անադեկվատությունը, երբ դու չես կարողանում բովանդակային տեսանկյունից ինչ-որ հակակշիռ ներկայացնել, անցնում ես վիրավորական խոսույթի, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է ասուլիս տալիս և այլն:
Մարդիկ այնքան անադեկվատ են, որ չեն հասկանում, թե աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ են տեղի ունենում, չեն հասկանում, որ Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Ռուսաստանի ու Իրանի վերահսկողության տակ, Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ն, շատ հավանական է, որ Հարավային Կովկասն ամբողջովին զիջում է, նա այստեղ անելիք չունի, սա գլոբալիստների ԱՄՆ-ն չէ, սա թրամփիստների ԱՄՆ-ն է:
Հիմա աշխարհի վերաբաժանման գործընթաց է տեղի ունենում, որտեղ Եվրոպային դուրս են թողել, իսկ այդ մարդիկ չեն հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, նրանք ուղղակի իրենց ղեկավարին հաճոյանալու խնդիր ունեն, ինչն էլ անում են: Նրանց թվում է, թե սա 2018 կամ 2021 թվականն է, ո՛չ, աշխարհում իրավիճակ է փոխվում, դու պետք է բովանդակային հակաճառում տաս, այլ ոչ թե մանիպուլյացիոն ինչ-որ բաներ հայտարարես:
Այս քաղաքական ուժը չի հասկանում, որ իրենց ասածները հասարակության կողմից այլևս չեն ընկալվում ու ընդունվում այնպես, ինչպես 18-ին էր, այդ իրավիճակն ավարտվել է: Մանիպուլյացիոն այդ տեխնոլոգիաները այլևս չեն աշխատում, երբ տեխնոլոգիան կիրառում ես, պետք է իմանաս, թե այն ե՛րբ կարող է աշխատել: Երբ դու տեխնոլոգիան տեղին չես կիրառում, այն չի աշխատում, կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ:
– Ձեր գնահատմամբ՝ այս պահին գործող իշխանությունը իշխանությունից զրկվելու մտավախություն ունի՞, թե՞ ոչ:
– Չգիտեմ՝ ունեն, թե չէ, բայց ենթադրում եմ՝ նրանք, որոնք ադեկվատ են, հասկանում են, որ կարող է Հայաստանում իշխանափոխության խնդիր առաջանալ: Վարչապետը մինչև հիմա մնում էր պաշտոնի, որովհետև անձամբ ինքը միանշանակ ուներ ԱՄՆ-ի աջակցությունը, ինչը բացահայտ հնչել է ԱՄՆ դեսպանի շուրթերից 2022-ին՝ Դիմադրության շարժման ժամանակ:
Հիմա՝ Թրամփի նախագահ դառնալուց հետո, այդ ամենը վերացել է, չկա, հետո չգիտեմ ինչ կլինի, Նիկոլ Փաշինյանն այլևս ամերիկյան աջակցություն չունի, Եվրոպան էլ այնքան հզոր չէ, որ և՛ Ուկրաինա պահի, և՛ Հարավային Կովկաս: Սա այս պահին եղածն եմ ասում, հետոն չգիտեմ ինչ կլինի:
– Թեզը, որ Քոչարյանը օգնության է հասնում այս իշխանությանը, երբ վերջինիս վարկանիշն աննախադեպ անկում է ապրում, վստահաբար լսել եք, ի՞նչ կարծիք ունեք:
– Դրանք հեքիաթներ են ու այլևս չեն աշխատում, դա հատուկ է արվում, ես ասացի՝ վարչապետը մնում է իշխանության ոչ թե որ երկրորդ նախագահն էր հարցազրույց տալիս, այլ մնում էր, որովհետև ուներ ԱՄՆ-ի աջակցությունը, հիմա դա չկա: Վարչապետի վարկանիշը չի կարող բարձրանալ, որքան էլ Քոչարյանը ուզում է հարցազրույց տալ, տնտեսության վիճակը, անվտանգության վիճակը շատ վատ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am