«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը
– Պարո՛ն Առաքելյան, BBC-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին ու նշել, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեման դուրս է մնալու այդ պայմանագրից այն պարագայում, երբ, օրինակ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպասում է ցմահ ազատազրկում: Հոդվածն ինչպե՞ս եք գնահատում:
– Իհարկե կարևոր է, որ միջազգային մամուլը՝ BBC-ի նման հեղինակավոր, անդրադառնում է գերիների խնդրին, որովհետև այս թեման մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, այս մասին պետք է խոսվի ու բարձրաձայնվի, որպեսզի նաև միջազգային հանրությունը, ի վերջո, իր ճնշումներն Ադրբեջանի վրա ուժեղացնելով, հասնենք գերիների վերադարձին:
Կոնտեքստը, որ գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում, ցավոք, իրականություն է, ու Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի թաքցնում այն, որ գերիների վերադարձի հարցն այդ փաստաթղթում տեղ չունի: Բայց գերիների վերադարձի հարցը պետք է դառնա նախապայման, որովհետև անհասկանալի է, թե ինչպես ես խաղաղություն հաստատում մի երկրի հետ, երբ քո երկրի քաղաքացիները տվյալ երկրի բանտերում են հերիք չէ, մի հատ էլ համարվում են հանցագործ, ու, այո՛, և՛ պարոն Վարդանյանի, և՛ այլ գերիների մասով կեղծ մեղադրանքները ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս պահանջատիրական նկրտումների ֆոնին գերիների վերադարձի հարցը պետք է նախապայման դառնա:
– Եթե գործող իշխանությունը այդ հարցը որպես նախապայման չի կիրառում, ավելին՝ ասում են, թե մենք պարտված կողմ ենք ու չենք կարող Ադրբեջանի հետ նախապայմաններով բանակցել, ի՞նչ է սպասում հայ ռազմագերիներին:
– Ցավոք, Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, ընդ որում, ոչինչ չանելու մեջ մտնում է ոչ միայն Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության օրակարգի շրջանակներում այդ հարցը բարձրաձայնելը, այլև ոչինչ չի անում նաև միջազգային հանրության հետ աշխատանքում:
Հայաստանի իշխանությունը, այո՛, Ադրբեջանի հետ բանակցություններում, ցավոք, շարունակում է մնալ պարտվողի, զիջողի դերում, ու սրա պատճառներից գլխավորն էլ այն է, որ միջազգային հանրությանը դուրս մղեցին գործընթացից ու գնացին երկկողմ բանակցությունների, ինչն Ադրբեջան նպատակն էր: Ադրբեջանը հասավ նրան, որ միջազգային հանրությունը հիմա մեկումեջ ինչ-որ կոչեր է անում, բայց Ադրբեջանը չի պատրաստվում կնքել այդ պայմանագիրը, որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ, որ հակառակն անի, որովհետև գործընթացը երկկողմանի է:
Սահմանազատման գործընթացը ևս փակուղի մտավ, որովհետև չկա միջնորդ, որն ասի՝ եկեք շարունակենք, ի հետևանք ունեցանք այն, որ Ադրբեջանը սահմանազատումը սկսեց ու ավարտեց այնտեղից, որտեղ իրեն էր ձեռնտու:
Գերիների մասով՝ պետք է հուսալ, որ միջազգային հանրությունն ավելի սուր ու կոնկրետ գործողությունների կանցնի Ադրբեջանի դեմ: Միայն այդ պարագայում է հնարավոր ունենալ առարկայական արդյունք:
– Պարո՛ն Առաքելյան, բայց դա որքանո՞վ է ապահովելու արդյունք, երբ Հայաստանի իշխանությունը, ինչպես ասում եք, այդ ուղղությամբ ոչինչ չի անում:
– Իհակե կա մի կարևոր հանգամանք, որ միջազգային հանրությունը բազմիցս խոսել է, որ Հայաստանի իշխանությունների այս, մեղմ ասած՝ չեզոք կամ անտարբեր քաղաքականությունը, այո՛, հարուցում է նաև իրենց զարմանքը: Եթե Հայաստանի իշխանությունը առաջնային չի համարում իր քաղաքացիների պաշտպանությունը, ապա պարզ է, որ դա չի կարող միջազգային հանրության համար առաջնահերթություն լինել, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա միայն Հայաստանին վերաբերող հարց չէ, սա Ադրբեջանի կողմից միջազգային բոլոր նորմերի խախտում է, հետևաբար, այո՛, այստեղ միջազգային հանրության ճնշումները, անկախ Հայաստանի իշխանության կեցվածքից, նույնպես պարտադիր են:
– Իրատեսակա՞ն եք համարում, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ռազմագերիները վերադառնալու են, ինչպես որոշ ժամանակ առաջ ասել էր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
– Այդ անձնավորության մտքերը կամ խոսքը մեկնաբանել հարկ չեմ համարում, որովհետև դրանք որևէ առնչություն չունեն Հայաստանի ու հայաստանցիների շահերի հետ: Ադրբեջանն այլևս չի էլ թաքցնում, որ չի պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիր, ընդհակառակը՝ շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները՝ հատկապես վերջին շաբաթներին, հետևաբար պատրանք է, որ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրվի:
– Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը պատրանքներո՞վ է առաջնորդվում:
– Գործող իշխանությունն առաջնորդվում է ժողովրդին խաբելով, որպեսզի իր աթոռը պահելու հնարավորություն ունենա, ուրիշ ոչինչ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am