Մամուլի ազատություն. ըստ Բորիս Նավասարդյանի` Հայաստանը չի կարող տարածաշրջանում բացարձակ առաջատար համարվել

Մամուլի ազատություն. ըստ Բորիս Նավասարդյանի` Հայաստանը չի կարող տարածաշրջանում բացարձակ առաջատար համարվել
Մամուլի ազատություն. ըստ Բորիս Նավասարդյանի` Հայաստանը չի կարող տարածաշրջանում բացարձակ առաջատար համարվել

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշներով, ըստ միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի, բարելավել է իր դիրքը երեք կետով`179 երկրների շարքում անցյալ տարվա 77-րդի փոխարեն հայտնվելով 74-րդ հորիզոնականում:
Ավելին, ըստ Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «2013-ի մամուլի ազատության ինդեքսի»` տարածաշրջանում Հայաստանը իր զբաղեցրած դիրքով հայտնվել է առաջատարի դերում:
Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը նշում է, որ Հայաստանում իսկապես մամուլի ազատության առաջընթաց կա, հատկապես քաղաքական գործընթացների և ընտրությունների լուսաբանման մեջ:

«2012-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման առումով առաջընթաց կար թե´ բազմազանության, թե´ տարբեր կողմերից հեռուստաեթերների, քննարկումների առումով, ինչը և այդպես ընդունեցին բոլոր քաղաքական ուժերը»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Սակայն զգալի առաջընթացին զուգահեռ, Նավասարդյանը նշում է, որ խոսքի ազատության առումով չի կարող Հայաստանին տարածաշրջանում առաջատարը համարել, քանի որ Վրաստանը «նույնպես չի զիջում և շատ դեպքերում նույնիսկ գերազանցում է հեռարձակվող լրատվամիջոցներով»:

«Տարածաշրջանում Վրաստանը հեռուստաեթերների և բազմազանության առումով չի զիջում Հայաստանին, իսկ բանավեճերի բովանդակային առումով շատ դեպքերում նույնիսկ առավել է: Վրաստանում հանրային հեռարձակողը ավելի զարգացած է, ավելի մոտ է միջազգային չափանիշներին, քան մեզ մոտ»,- ասում է Նավասարդյանը:

Նա հավելում է, որ Հայաստանում պետք է լուրջ ուշադրություն դարձնել Հանրային հեռարձակողի կարգավիճակին, որը Հանրային ռադիոյի համեմատ թե´ հաղորդումներով, թե´ բովանդակությամբ «զիջում» է, իսկ տպագիր լրատվության համեմատ ազդեցությամբ ավելի մեծ է, ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում:

«Բայց, կարծում եմ, Հայաստանը Վրաստանից առաջ է անցել լրագրողների իրավական պաշտպանության և պրոֆեսիոնալ գործունեության խոչընդոտների առումով, քանի որ Վրաստանում այս առումով խնդիրներ կան: Իսկ սա «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ուսումնասիրության համար, կարծում եմ, ավելի մեծ կշիռ է ունեցել»,-ասում է Նավասարդյանը:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած ինդեքսի` մեր հարևան երկրներից Վրաստանը 100-րդն է, Թուրքիան՝ 154-րդը, Ադրբեջանը՝ 156-րդը, Իրանը՝ 174-րդը:

«Ադրբեջանի պարագայում որակական համեմատությունը տեղին չէ, քանի որ այն ավտորիտար պետություն է իր բացասական լրատվական միջավայրով, և ճիշտ չէ համեմատելը»,- հավելում է Նավասարդյանը:

Նշենք, որ 2013-ի մամուլի ազատության վարկանիշում առաջին տեղում, ինչպես նախորդ տարի, կրկին զբաղեցրել է Ֆինլանդիան: Այնուհետև Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Դանիան, Լիխտենշտեյնը, Նոր Զելանդիան, Իսլանդիան և Շվեդիան։

2013-ի մամուլի ազատության ինդեքսում ԱՄՆ-ը 32-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 148-րդ:

Մամուլի ազատության տեսանկյունից ամենաանազատն այս տարի կրկին Էրիթրեան է։ Աղյուսակում նրան նախորդում են Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սիրիան և Սոմալին:

© Medialab.am