Խաչվող դռներ. սահմանամերձ Բարեկամավանն օրեցօր դատարկվում է, իսկ հարևան ադրբեջանական գյուղերից հարսանիքի ձայն է լսվում

Խաչվող դռներ. սահմանամերձ Բարեկամավանն օրեցօր դատարկվում է, իսկ հարևան ադրբեջանական գյուղերից հարսանիքի ձայն է լսվում
Խաչվող դռներ. սահմանամերձ Բարեկամավանն օրեցօր դատարկվում է, իսկ հարևան ադրբեջանական գյուղերից հարսանիքի ձայն է լսվում

Երբ բարեկամավանցի Բենիամին Անտոնյանից հետաքրքրվում ես` ո՞նց են ապրում, ձեռքի թզբեհը խաղացնելով, հոգոց է հանում:
«Ապրում ենք, էն որ ասում են` ոնց որ Լենինն ա ապրում, դուզը մեռած ա, բայց թաղած չի: Մենք էլ թաղած չենք, երևում ենք»,- ասում է 75-ամյա բարեկամավանցին, ով գյուղական համեստ իր տանը կնոջ` 65-ամյա Վարդուշի հետ օրերն է գլորում, առանց ապագայի հանդեպ պայծառ հույսերի:
Տավուշի մարզի ամենահեռավոր գյուղից` լեռների գրկում թերակղզու նման ծվարած Բարեկամավանից, որը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին, Անտոնյանների երեք որդիները շատերի նման իրենց ընտանիքներով հեռացել են, քանի որ «ապրելու ճար չկա»:
Մայրաքաղաքից գրեթե 200 կմ, Տավուշի մարզկենտրոն Իջևանից` 60 կմ, իսկ Հայաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող օր օրի դատարկվող Բարեկամավանի գյուղացիները սահմանային լարվածության պատճառով զրկված են սեփականաշնորհված հողերը մշակելու հնարավորությունից, աշխատանք չունեն, իսկ վաղվա հանդեպ հույսը շատերի մեջ մարել է:

«Մեր հողերում երկար տարիներ ցորեն չի ցանվել,- «Մեդիալաբին» հուզված պատմում է Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը,-ադրբեջանցիների կրակոցների պատճառով հողերը չեն մշակվում»:

Բարեկամավանցիները հիշում են տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ ցորեն ցանելիս ադրբեջանական կողմից արձակված գնդակի զոհ դարձավ գյուղացիներից մեկը, ինչից հետո սահմանակից ցանքատարածությունները մնացին անմշակ:

Ստեղծված իրավիճակի հետևանքով սոցիալական դժվարությունների, գյուղում հեռանկար չտեսնելու պատճառով գյուղից վերջին տասնամյակում արտագաղթը հասել է հսկայական չափերի:

Եթե 80-ականներին միայն Բարեկամավանի դպրոցի աշակերտների թիվը ավելի քան 300 էր, ապա այսօր գյուղացիների թիվն է այդքան` 335:

Նույն համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը ներկայացրեց. «Սահմանամերձ գյուղերից արտագաղթ կա, այն էլ` շատ: Հիմնականում մեր գյուղից որ ընտանիքներ են դուրս գալիս, մեծ մասը գնում, բնակություն է հաստատում կամ Ռուսաստանում, քչերը` Եվրոպայում, իսկ մի մասը` Հայաստանի տարածքում»:

Բենիամին Անտոնյանն ասում է, որ գյուղում ապրելը դժվար է: Իր փոքրիկ ընտանիքի մասին խոսելիս նշում է, որ գոյատևում են ամսական 26.000 դրամով, որը չի բավականացնում նույնիսկ կոմունալ հոգսերը բավարարելուն` «կեսը` լսին, կեսը` գազին, կեսն էլ` հեռախոսին» տալուն:

«Գյուղում երկու խանութ կա, իսկ խանութում` երեք տետրակ: Մի կիլո ալրի գինը 500 դրամ են շինել: Թոշակի չափը նույնն է մնում, բայց ապրանքների գները երկու անգամ բրձրացնում են: Դողդղալով ապրում ենք: Աստծուցն ենք սպասում, որ մեզ հաց տա, թե չէ…» – ձեռքն է թափահարում Բենիամին Անտոնյանը:

Սակայն սոցիալական դժվարություններից վեր, ըստ Անտոնյանի, ամենամեծ մտահոգությունն այն է, որ գյուղացիները լքում են գյուղը` աշխատանք չունենալու պատճառով:

«Էս տարվա մեջին 6-7 հոգի մահացել են ու մի երեխա ծնվել: Սիրտս մի տեսակ ուրխանում ա, որ երեխա եմ տեսնում` պայուսակն ուսին դպրոց գնալիս, բայց մարդիկ փախչում են այստեղից… Առաջինը` կրակելուց են գնում, երկրորդը` անապահով ապրելակերպից: Աշխատանք չկա, ոչ մի բան չկա, գնում են, բայց ում է ձեռնտու, որ գնա ուրիշի հողի վրա ապրի… եթե ոտքիդ տակի հողը քոնը չի, ուրեմն անընդհատ ոտքդ պետք ա դողդողա: Այլ ելք չկա»,- ասում է նա:

Նա կարոտով է հիշում իր մանկության տարիները.

«41 թիվն էր, կռիվը կար, բայց կրակոցը մենք չէինք լսում: Գնում, փայ էինք հավաքում, բայց լավ էինք ապրում»,- հիշում է նա:

Առաջիկա նախագահական ընտրությունները բարեկամավանցիներին առանձնապես չեն ոգևորում: Նրանք չեն հավատում, որ իրենց կյանքում ինչ-որ բան հնարավոր է փոխվի:

«Գիշեր-ցերեկ կռվում են իրենց աթոռի համար,- ընտրություններին է անդրադառնում Բենիամին Անտոնյանը: – Ջրի պես գնում է նրանց ասածը, ավազի պես նստում: Մեկը չի գալիս էս գյուղ: Մարզպետը որ մեկ-մեկ գալիս է, գիտենք, թե ֆռոնտիցը մեր գնացած ախպերը կամ հերն եկել ա, ուրխանում ենք:

Իսկ ընտրություններին էլ ղրաղի զոռ են անում, թե` սրան ընտրեք, մենք էլ քնակոլոլի պես դրան ենք ընտրում: Թե նա ինչ կանի, ինչ չի անի, ի՞նչ գիդենք… Միլիոններ ու միլիարդներ են ծախսում իրենց էդ գործարքի բարեբարումը, բայց սովից ժողովուրդի ջարդն ա գալիս»:

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը գյուղի մասին խոսելիս հուզվում է: Նա ասում է, որ մեծ ցավ է ապրում` տեսնելով Բարեկամավանի ներկայիս վիճակը: Հիշում է առաջին օրերը, երբ տեղափոխվեց Բարեկամավան` 1993 թվականին, երբ գյուղի մի մասը ռմբակոծված էր, ավերված:

«Ադրբեջանցիները ռմբակոծել էին տների մի մասը: Դրանով էլ չէին բավարարվել` մեկի գոմն էին մտել, կովը փրթիկ-փրթիկ արել, մյուսի գաթան էր փռի մեջ մնացել, էն մյուսի խոզն էր առանց մորթելու մնացել: Ես մեծ ցավ եմ ապրում` հիշելով այդ օրերը: Չեմ լքելու այս գյուղը, այն ինձ համար շատ հարազատ է»,-ասում է դպրոցի տնօրեն Ազատյանը: Դպրոցը հիմա վթարային վիճակում է, և տնօրենն անդադար պահանջում է վերանորոգել: Նրա կարծիքով` եթե դպրոցը կառուցված, գեղեցիկ շենք լինի, ապա բարեկամավանցին կնայի շենքին ու երբեք չի հուսահատվի:

Նա երազում է խաղաղության մասին ու ներկա իշխանություններից պահանջում, միջամտել, հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել գյուղից արտագաղթը կասեցնելու համար, քանի որ Բարեկամավանն օր օրի դատարկվում է:

«Գիտեք` սարսափելին որն է. ժամանակին մեր իշխանությունները ուշադրություն չդարձրին գյուղին, հիմա արդեն չեն էլ մտահոգվում, որովհետև այն արդեն դատարկվել է: Գյուղի տների դռները օրեցօր հատիկ առ հատիկ խաչվում են: Էլեկտրիկն էլ գալիս է ու լույսի լարերը կտրում: Գյուղն օրեցօր դատարկվում է, իսկ հարևան ադրբեջանական գյուղերից հարսանիքի ձայն է գալիս: Մյուս տարի առաջին դասարանի մեկ աշակերտ եմ ունենալու»,- մեծ ցավով նկատեց Աստղիկը:

Տնօրենի խոսքով` նախկինում դպրոցն ութամյա էր և ուներ 300-ից ավելի աշակերտ, իսկ հիմա տասներկուամյա է, բայց ունի ընդամենը 35 աշակերտ: «Համեմատեք այս թվերը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Ես էլ ոչ ուզում եմ բողոքել, ոչ էլ բարձրաձայնել, արդեն հոգնել եմ…» – ավելացրեց նա:

© Medialab.am