«Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացե՞լ է» Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանին` «միացե՛ք մեզ»

«Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացե՞լ է» Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանին` «միացե՛ք մեզ»
«Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացե՞լ է» Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանին` «միացե՛ք մեզ»

Այսօր լրատվամիջոցներին տրամադրած նամակում, աշխարհահռչակ ռոք երգիչ, System of a Dawn խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բաց նամակում աշխարհահռչակ ռոք աստղը անդրադարձել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին` կոչ անելով. «միացե՛ք մեզ»:
Բաց նամակն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորեւ:

«Հարգելի պարոն Նախագահ, շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ հասարակական կազմակերպությունների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ-ի զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞` ոչ:

Բավականին ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞։ Որ Դուք` Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞` ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրանայի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի:

Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացե՞լ է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչեւիցե, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:

Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար։ Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից։ Օբաման թեկուզ հույս է խոստանում` չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայկական Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի` այն ի կատար ածել, եթե նույնիսկ որոնց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը, որը անում է ամեն ինչ` համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք», – շեշտում է ռոք աստղը` ամփոփելով. – «Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որեւէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական օրինակով եւ նախագահական հրովարտակով:

Միացե՛ք մեզ, Սե՛րժ:

Ոգեւորե՛ք մեզ:

Խնդրո՛ւմ եմ, ընդունեք այս կոչը»:

© Medialab.am