Առողջ կենդանիներ, հարմարավետ այգի. նոր տնօրենը ցանկանում է զարգացնել էկոկրթությունը Հայաստանում

Անկախությունից հետո անուշադրության մատնված կենդանաբանական այգում այսօր տխուր տեսարան է: Փոքր վանդակների մեջ կուչ եկած կենդանիներ, Խորհրդային Միությունից հետո վերանորոգում չտեսած տարածք, որի մի մասն էլ լցված է աղբով:
2011 թվականին լրանում է կենդանաբանական այգու 70 տարին: Յոթ տասնամյակի պատմություն ունեցող այգում Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ փոփոխությունների շունչ է զգացվում:
Այս տարվանից սկսած այցելուներն այգում այլևս չեն տեսնի հիվանդ, անխնամ և նյարդային կենդանիների. սա այգու նորանշանակ տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի խոստումն է:

«Հնարավորությունը շատ մեծ է, և ինքը ոչ միայն կենդանաբանական այգուն կբավարարի, այլ նաև մեր կենտրոն կոչվածին, որտեղ կգործեն քոլեջ, կենդանաբանական այգու դպրոցը, գիտահետազոտական կենտրոն, կգործեն լաբորատորիաներ: Սա դեռ սկիզբն է, իսկ սկիզբը միշտ դժվար է»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Առաջին կարևոր գործը, որն արեց նորանշանակ տնօրենը, կենդանիների առողջության ստուգումն է, մի բան, որ վերջին քսան տարիների ընթացքում ոչ ոքի մտքով չէր անցել:

Վերջերս Հայաստան էին այցելել Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու անասնաբույժներ Մարկ Հոյերն ու Անդրես Ֆորեստը: Նրանք բուժզզնում և ախտորոշում իրականացրեցին: Պարզվեց, որ որոշ կենդանիներ տարիներ շարունակ հիվանդություններ ու ցավեր ունեին: Օրինակ` շատերի սիրած փիղը ժանիքների լուրջ խնդիր ուներ, դրանք բորբոքվել ու թարախակալվել էին, ցուլի եղունգներն էլ այնքան էին աճել, որ հազիվ էր կանգնում, իսկ հովազը ստամոքսի խանգարում ուներ:

«Օրինակ` այս մի կարակալան: Տեսնո՞ւմ եք թուշիկի մասը: Սա մեծ բորբոքված էր: Հիմա ամբողջ թարախակալված մասը մաքրեցին: Դեղեր են նշանակել, ամեն օր դեղեր է ստանում: Մյուս կարակալան շատ գեր էր, կասկածում էին մի շարք հիվանդություններ, բայց պարզվեց, որ ուղղակի ճարպակալած է, հորմոնային խանգարում ունի: Նրա անալիզներն էլ ենք վերցրել, որպեսզի հասկանանք` ինչ է կատարվում, բայց նաև դիետա են նշանակել»,- պատմում է Ռ. Խաչատրյանը:

Երևանի կենդանաբանական այգում այս տարիների ընթացքում չեն հետևել ոչ միայն կենդանիների առողջությանը, այլ նաև կենդանիների պահպանման ընդունված միջազգային նորմերին:

Օրինակ` պետք է լուծել կենդանիների զբաղվածության հարցը: Պարզվում է` սա լուրջ գիտություն է, որի վերաբերյալ կենդանաբանները հաստափոր գրքեր են գրում: Հայաստանում այս խնդրի շուրջ երբեք չեն մտածել: Բացի այդ, յուրաքանչյուր կենդանի պետք է իր անձնագիրն ունենա, պետք է հետևել բազմացման գործընթացին: Այծերը, օրինակ, շատ են բազմացել, և նման թվաքանակն այգուն ամենևին էլ հարկավոր չէ : Բազմացած այծերին շարունակելու են պահել, բայց այլևս կհետևեն նրանց և մյուս կենդանիների բազմացմանը:

Կենդանիների մեծ մասը պահվում է այնպիսի պայմաններում, որ հեշտ հիվանդանում ու սատկում են: Ժանգոտ ու կեղտոտ վանդակներում, բետոնածածկ հատակի վրա ու չափից դուրս փոքր տարածքում կենդանիներն անընդհատ պտտվում են ու անհանգստանում:

Միակ բանը, որ օգնել է այգու կենդանիներին այս տարիների ընթացքում, անձնակազմի որոշ անդամների սրտացավությունն ու հոգատարությունն է:

«Հետաքրքիր պատմություն ունի սպիտակ վագրը. նրան բերել են վերքերով, մահամերձ վիճակում: Ու աշխատողներից մեկը, որը գլխավոր բժիշկ չի եղել, հանձն ա առել բուժելու ու, բարեբախտաբար, կարողացել է բուժել»,- պատմում է Ռուբեն Խաչատրյանը:

Տնօրենի խոսքով` շուտով կընդլայնվի այգու տարածքը: Ճիշտ է` այն փոքր չէ` շուրջ 35 հա, որից օգտագործվում է ընդամենը 7 հեկտարը: Այգում կգործեն տարատեսակ գիտահետազոտական և կրթական կենտրոններ, որոնք կնպաստեն էկոկրթության զարգացմանը Հայաստանում:

Օրինակ` երեխաների համար կենդանիների մասին ֆիլմեր կցուցադրվեն: Բացի այդ, այգին կհամագործակցի դպրոցների հետ: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր դասարան կընտրի որևէ կենդանու` որպես թալիսմանի, և այդ կենդանու մասին ավելի շատ տեղեկություններ կստանա: Տպագրվելու են նաև գրքեր կենդանիների մասին: Այս ամենի հետ մեկտեղ կբարձրանա նաև այգու մուտքի գինը, Ռուբեն Խաչատրյանը, սակայն, հավաստիացնում է, որ գնին զուգահեռ կաճի ծառայության մատուցման մակարդակը:

Բյուջեից հատկացվող գումարն այս ամենին չի բավարարի, բայց օգնության ձեռք կմեկնեն միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև տարբեր դրամահավաքներից ստացված գումարները:

«Բացի այգու ռեսուրսներից, միացել է նաև հիմնադրամն իր ռեսուրսներով և այն բոլոր համագործակցող կառույցները, որոնք հիմնադրամին աջակցում էին տարբեր նախագծերով: Նրանք հետաքրքրված են հիմնադրամի հետ միասին շարունակել իրենց գործունեությունը: Միջազգային դաշտում բավական հետաքրքիր նախագծեր ունենք, օրինակ` անգլիական World land trust կազմակերպության հետ համատեղ հիմա բուֆերային գոտի ենք ստեղծում»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Նրա խոսքով` այգում փորձելու են նաև ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բազմացնեն մեր էնդեմիկ կենդանատեսակները և վերադարձնեն նրանց վայրի բնություն:

«Այսինքն` կենդանաբանական այգին պետք է ծառայի երկու շատ կարևոր նպատակների. առաջինը էկոկրթությունն է, երկրորդը` կենդանատեսակների կենսաբազմազանության պահպանությանը նպաստող գործունեության ծավալումը»,-ասում է այգու տնօրենը:

Մինչ այս, սակայն, այգին ինքն էր նպաստում վայրի բնությունից կենդանատեսակների անհետացմանը: Տարբեր մարդիկ որսում էին վայրի կենդանիներ և վաճառում այգուն: Այսօր էլ հաճախ մարդիկ տարբեր կենդանիներ են բերում և առաջարկում գնել: Նոր տնօրենը, սակայն, գործարքների չի գնում:

«Կենդանաբանական այգին կենդանիների առևտրով այլևս չի զբաղվելու»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am