«Եթե զարգացման ծրագիր չկա, աբսուրդ է քննարկել 150 միլիարդ դրամի աջակցության հարցը». Հրաչ Բերբերյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

-Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունը խոստանում է 150 մլրդ դրամի աջակցություն տրամադրել բիզնեսին ու տնտեսությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, հայտարարել, է, որ սա շատ լավ ժամանակաշրջան է, որ արագ աջակցություն ցուցաբերենք գյուղատնտեսությանը, սուբսիդավորել ոլորտն այնքան, մինչև տոկոսադրույքը դառնա զրոյական։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերն ու վարչապետի հայտարարությունը։

-Ասելը քիչ է, վերջին տարիներին կառավարությունը շատ բաներ է հայտարարում, բայց կյանքի չի կոչվում։ Վստահ չեմ, որ կտան այդ գումարը, հերթական շոուն է, որովհետև մենք հստակ մտնում ենք ճգնաժամային գոտի, մարդիկ երկու ամիս չեն աշխատելու։

Այս գումարից զատ պետք է նախ ծրագիր ունենալ, հետո նոր տեսնես ինչքան գումար է պետք։ Զարգացման ծրագիր չունեն։ Եթե զարգացման ծրագիր չկա, աբսուրդ է քննարկել 150 միլիարդ դրամի աջակցության հարցը։ 

Հայտնի չէ, թե ինչ ծրագիր չունեն, բայց գումար են հայտարարում։ Բարի ցանկությունների կենացների է նման։ Բնականաբար, չի օգնի, եթե ծրագիր չկա, եթե կադրեր չկան, մեր երկիրը ուր են տանում։ Գյուղացու համար էլ որևէ նորություն չկա, էսօրը թողած ընկել են վաղը չէ մյուս օրվա հետևից։

Թող ներկայացնեն, նոր կասենք, թե այս գումարը որքանով կօգնի։

Բա 2 տարի ինչո՞վ էին զբաղված։ Այսինքն՝ ուզում են ասել, որ երկու տարի կառավարությունը գյուղատնտեսությամբ ընդհանրապես չի զբաղվե՞լ։ Այստեղ խոսքը պարենային անվտանգության մասին է, որովհետև երկրի հիմքերն են երկրի անվտանգությունը, ազգային անվտանգությունն ու պարենային անվտանգությունը։

Բա ես հիմա զարմանում եմ, թե այդ ո՞նց է, որ մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Մենք մինչև հիմա ման ենք գալիս այդ որոշման հեղինակին, որ գյուղացուն ասենք, թե ով է գյուղնախարարությունը փակել։ Էդ հեղինակն էլ պախկվել է, դուրս չի գալիս։ 

Հիմա, երբ կառավարությունը փորձում է այսքան աջակցել, գյուղոլորտին մեծ աջակցություն կլինի՞։ 

-Գիտե՞ք ինչ, կարելի է շատ փոքր գումարով մեծ հաջողությունների հասնել, և հակառակը, կարելի է շատ խոշոր գումարներով ձախողել տարբեր ծրագրեր։ Էստեղ կարևոր է, թե ով պետք է զբաղվի դրանով։

Կարևոր է, թե արդյոք մասնագետներ կլինի, թե՞ կլինեն քայլող տղաները աղջիկների հետ։ Պետք են լուրջ մասնագետներ, որոնք երկրի վաղվա օրվա մասին են մտածում։

Այստեղ նաև արտահանումների խթանման հարցը կա, և եթե մենք ճիշտ աշխատենք, լոլիկի արտադրությամբ կարող ենք հանրապետություն մինչև 70 մլն դոլարի փող բերել։

Թե ոնց ենք բերում, դա իմ գործն է։ Բայց մենք վերջին երկու տարում ի՞նչ ենք արել, որ գյուղատնտեսությունը զարգանա։ Էն որ խոստացան ոռոգման համակարգի բարեփոխում, բայց այդպես էլ չարեցին, էն որ գյուղացուն լավ-լավ վարկեր խոստացան, որի վրա էսօր շատ բանկեր իրենց ձեռքերն են տաքացնում, և գյուղացիներից ոչ բոլորն են օգտվում այդ վարկերից։ Ինչո՞ւ ենք սուբսիդավորում բանկերի միջոցով, և ուղղակի չենք ֆինանսավորում գյուղացուն, այլ սուբսիդավորում ենք գյուղմթերք արտադրողին։

Էդպես էլ մորմազգիների ցեցի դեմ պայքարեցինք, երեք անգամ մենալ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարական տվել և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Կամ ոռոգման ոլորտում, գիտեք երևի, որ Արփի լիճը դատարկ է, որը Շիրակի մարզի գյուղերի հիմնական ոռոգման ջուրն է։

Ո՞վ է դատարկել, ինչի՞ են դատարկել, ինչի՞ են տվել Ախուրյանի ջրամբարին, էնտեղից էլ ջուրը գնացել է Թուրքիա։ Բա սա ազգային անվտանգություն չի՞։ Նո՞ր եք հասկանում, որ գյուղատնտեսությունը կարևորագույն ուղղություն է։ 

-Պարոն Բերբերյան, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց իրականում։

-Առաջին հերթին պետք է ոռոգման համակարգի խնդիրը լուծվեր, որովհետև այս տարի էլ են թալանելու գյուղացուն, նորմատիվները բոլորը խախտված են մեկ հեկտարի հաշվարկով։ Մոտ կրկնակի ավել գումար են հավաքում գյուղացուց։ Երկրորդ, այն, ինչ պետք է արվեր այս տարի, արդեն ուշ է։ Խոսքն ագրոտեխնիկական մոտեցումների մասին է։ Մենք այս տարի պետք է մտածենք հաջորդ տարվա մասին,թ ե ոնց պատրաստվենք։ Իհարկե, զուգահեռ պետք է խթանել արտահանումները։ 

-Կարծում եք՝ կառավարությունն առաջնահերթություն չդիտարկեց գյուղոլորտը, րա համար ունենք այն, ինչ ունե՞նք։

-Կարծում եմ՝ առաջին հարվածը նախարարության լուծարումն էր։ Մենք ունենք և լավ նախարարներ, և խելքից պատուհասներ։ Այսպես թե այնպես էդ մարդը՝ գյուղատնտեսության նախարարը կառավարությունում ինչ-որ հարցեր բարձրացնում էր։

Գոնե գյուղացին մի մարդ ուներ, որ կարող էր իր ձայնը կառավարությանը հասցնել։ Այսօր ունենք շատ լավ էկոնոմիկայի նախարար, որը գյուղատնտեսության մասնագետ չի։ Ինչ աստիճանի պետք է աբսուրդի հասնել, որ կոորդինացնող նախարարությունը միացնել արտադրող նախարարության հետ։

Երկու հատ դեղնակտուց էլ բերել էնտեղ դրել են, որոնք կյանքում գյուղ չեն տեսել ու ասում են՝ գյուղատնտեսություն են սպասարկում։ Բոլոր ճիշտ ղեկավարները առաջնորդվել են նույն սկզբունքով՝ հմուտ կադրերն են երկիրն առաջ տանում։

Նույն Լեհաստանը, որ արդեն ճգնաժամի մեջ էր, ընտրեց երկու եղբայրներին՝ Կաչինսկիներին, որոնք տեխնոկրատներ էին։ Այսօր Լեհաստանը Եվրոպայի ամենաինտենսիվ զարգացող երկրներից մեկն է։ Չի կարելի դատարկագլխին վստահել օրենք գրել։

Նա պետք է գնա կրթվի, սովորի, եթե իհարկե, բնածին ունակություններ ունի։ Կադրերին պետք է վերապատրաստել, հասցնել մի մակարդակի, որ նման հմուտ ղեկավարեն երկիրը։

Մանե Հարությունյան

MediaLab.am