Եթերով տեսնում եմ մեր պաշտոնյաներին՝ առանց դիմակի, այստեղ՝ Չինաստանում ձերբակալում էին դիմակ չկրելու համար. ըստ Սիփան Պետրոսյանի՝ Հայաստանում ինֆորմացիայի պակաս կա

«Մեր քաղաքը 10 միլիոն բնակչություն ունի, ու ընդամենը վարակվեց 182 մարդ։ Դա խիստ օրենքի արդյունքում»,- ասում է մանկապատանեկան ֆուտբոլի ծրագրի ղեկավար և մարզիչ Սիփան Պետրոսյանը, որն այժմ ապրում է Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի մայրաքաղաք Հանչժոուում։

Սիփանը, տեսնելով Չինաստանի փորձը, նկատում է, որ Հայաստանում ինֆորմացիայի պակաս կա վիրուսից պաշտպանվելու հետ կապված․ 

«Մեծ մասը չգիտի՝ դիմակ ինչի համար դնի, մարդիկ կան, դիմակ չեն դնում, բայց ձեռնոց են դնում, ինչը խոսում է այն մասին, որ տեղեկացված չեն։ Մի մասը կա, ասում է՝ դե լինող բանը կլինի, չէ, էդպես չէ, ամեն մեկս ենք պատասխանատու մեր և դիմացինի համար։ Ասում են՝ դիմակը չի պաշտպանում, ինքնաշեն դիմակներ կան, որ չեն պաշտպանի, համաձայն եմ, սակայն կարելի է ձեռք բերել բժշկական դիմակ կամ KN95, սոցհարթակներում կան»,- նշում է նա։

Սիփանն ընդգծում է, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ ով է վարակված, ով՝ ոչ․ «Եթե բոլորը հետևեն անվտանգության կանոններին, կնվազի վիրուսի տարածումը։ Բերեմ մի պարզ օրինակ` եթե բոլորը դիմակով լինեն, ապա վիրուսի տարածումը կնվազի, քանի որ եթե վարակվածը դիմակով է, ապա նվազում է ուրիշին վարակելու տոկոսը, քանի որ գիտենք՝ վիրուսը օդակաթիլային ճանապարհով է ներթափանցում մարդու օրգանիզմ»:

Համեմատական անցկացնելով՝ նշում է, որ երբ Չինաստանում սկսվեց վիրուսի տարածումը, մարդիկ ինֆորմացիայի պակաս չունեին։ 

«Բոլորին հորդորեցին դիմակ դնել, հետևել անվտանգության կանոններին, սննդին և հիգիենային։ Երբ վիրուսը սկսեց հասունանալ և արդեն Չինաստանում հասկացան իրական վտանգը, չէ՞ որ գիտենք, սա նոր վիրուս է՝ չհայտնաբերված, նախ՝ առաջինը փակեցին Ուհան քաղաքը` վիրուսի տարածման էպիկենտրոնը, այնուհետև Հուբեյ նահանգը, որտեղ գտնվում է Ուհան քաղաքը։ Բոլորը հետևեցին անվտանգության կանոններին, պատահում էին սակավաթիվ օրինախախտներ, որոնք պատժվում էին։ Տեղեկատվությունը շատ մեծ էր, ամեն շենքի շքամուտքերում հսկողություն էր իրականացվում, ջերմաչափում մուտքի և ելքի համար, խանութներում և այլն»։

«Հաճախ ուղիղ եթերում տեսնում եմ մեր պաշտոնյաներին դրսում՝ առանց դիմակի, այստեղ հակառակը՝ առաջինը երկրի նախագահը և պաշտոնատար անձինք դիմակ կրեցին և հորդորեցին բոլորին դիմակ կրել։ Ուհան քաղաքում նույնիսկ ձերբակալում էին դրսում դիմակ չկրելու համար։ Սոցցանցերը նույնիսկ վերահսկվում էին, կեղծ լուրեր տարածողներին, որոնք խուճապ էին առաջացնում, նույնիսկ ձերբակալում»։

Սիփանն ասում է, որ քաղաքի համայնքները միշտ բնակչության հետ կապ են հաստատել և բոլորի տեղաշարժը գիտեին։

Պատմում է, որ Հանչժոու քաղաքում տրանսպորտը միշտ աշխատել է, տրանսպորտից օգտվողներ շատ քիչ են եղել՝ 2-3 հոգի, սակայն հետևել են անվտանգության կանոններին։ «Բոլորը՝ դիմակներով, տրանսպորտը միշտ ախտահանվում էր։ Բացի ավտոբուսներից, մնացած տեղերում միայն ջերմաչափումից հետո կարող էիր մուտք գործել`մետրո, ճեպընթաց գնացք, սուպերմարկետ։ Բոլոր շքամուտքերի, բացառությամբ այն տների, որոնք ցանկապատված տարածքում էին գտնվում, ելումուտը հսկողության տակ էր։ Ցանկապատված տարածքում գտնվող շենքերի բնակիչներին ջերմաչափում էին մուտքից դուրս գալիս»,- նշում է նա։

Սիփանն ասում է, որ Չինաստանում վարակի բռնկման օրերին մարդիկ տնից դուրս չէին գալիս, անգամ մինչև հիմա միայն խիստ անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս՝ տնից մեկ հոգի և լավ պաշտպանված՝ հիմնականում սնունդ գնելու նպատակով։

«Կարծում եմ՝ պետք է հետևել Չինաստանի օրինակին: Ապացուցված է, որ այս գերտերությունը, որը առաջին տեղում է բնակչության թվով, կանխեց տարածումը»,- ընդգծում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am