Դաշնամուրով ու կիթառով` ընդդեմ փոխված ժամանակների. գործի նվիրումից մինչև միջազգային մրցանակներ

Դաշնամուրով ու կիթառով` ընդդեմ փոխված ժամանակների. գործի նվիրումից մինչև միջազգային մրցանակներ
Դաշնամուրով ու կիթառով` ընդդեմ փոխված ժամանակների. գործի նվիրումից մինչև միջազգային մրցանակներ

Անի Բոստանջյանը նստում է դաշնամուրի առջև և մի րոպե անց խորասուզվում երաժշտության նոտաների մեջ: Մոտ 4 տարի երաժշտությամբ զբաղվելով` նա արդեն հասցրել է տեղական և միջազգային մրցույթների դափնեկիր դառնալ: Երազում է դաշնակահարուհի դառնալ և ասում է, որ մրցույթներն իրեն վստահություն են հաղորդում: 

11-ամյա Անին արդեն մի շարք հաջողությունների է հասել. գլխավոր մրցանակ Իտալական երաժշտական փառատոն-մրցույթում, բարձր գնահատական Հայաստանի տարբեր մրցույթներում: Վերջինը այս տարվա ապրիլին Գյումրում անցկացված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն էր, որում արժանացել է 2-րդ մրցանակի:

 «Ինձ համար շատ կարևոր է մասնակցությունը, որ տեսնեմ միջազգային ասպարեզում իմ տարիքի ինչ նվագողներ կան: Ուզում եմ ուժերս չափել նրանց հետ, տեսնել, թե ով է ավելի լավ, ու միշտ ձգտում եմ առաջին տեղը գրավել»,- ասում է Անին, ով Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներից է:

Անիի դաշնամուրի ուսուցչուհին՝ Կարինե Հարությունյանը, ուրախությամբ է նշում, որ այսօր միջազգային ասպարեզ դուրս գալու և հաջողությունների հասնելու հնարավորությունները շատ են: Նա նշում է, որ դպրոցի աշակերտները միշտ մեծ հաջողություններ են ունենում միջազգային մրցույթներում, սակայն դրա հետ մեկտեղ  խոսում է նաև խնդիրների մասին:

«Նախկինում գրեթե բոլորի տանը դաշնամուր կար, անհամեմատ ավելի մեծ թվով երեխաներ էին երաժշտությամբ զբաղվում: Բացի այդ, երաժշտությամբ զբաղվելը, դաշնամուր նվագելը աշխատանք են պահանջում, ես չեմ վարանի ասել, որ ծնողները հիմա առաջվա՝ մեր ծնողների նման չեն, որ շատ զբաղվեն երեխաների հետ, պարտադրեն, տանը հետևեն, որ պարապեն»,- ասում է Հարությունյանը:

Նա հավելում է, որ երաժշտությամբ զբաղվելու հետաքրքրության նվազելուն նպաստել է նաև ինտերնետը, որը շատերի համար ավելի գրավիչ է, և երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ:

Սակայն այս ամենին զուգահեռ, երաժշտական դպրոցներում ակտիվություն այնուամենայնիվ կա, թեև, ըստ մասնագետների, նախապատվությունը մեծ մասամբ տրվում է դաշնամուրին և կիթառին: Ըստ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տվյալների, որը Երևանի խոշոր և հեղինակավոր դպրոցներից մեկն է համարվում, 910 աշակերտներից 300-ը հաճախում են դաշնամուրի, 100-ը՝ կիթառի դասերի:

«Ովքեր մնում են 7-րդ դասարանից հետո սովորելու, սովորաբար ուզում են շարունակել երաժշտական կրթությունը բարձրագույն հաստատությունում ,- ասում է դպրոցի՝ դաշնամուրային բաժնի ուսուցիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: – Մեր դպրոցի սաներն ուղղակի փայլում են կոնսերվատորիայում»:

Նա նշում է, որ հետաքրքրությունը երաժշտական կրթության նկատմամբ աստիճանաբար մեծանում է, սակայն ցավալին այն է, որ մարդիկ հաճախ բավարար հնարավորություններ չունեն երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար:

«Երաժշտական կրթությունը միշտ կապված է երկրի բարեկեցության հետ, դա մի քիչ հարուստ երկրի ուսում է: Ես հիշում եմ` Սովետական Հայաստանում իրար գլուխ էին կոտրում, որ երաժշտական դպրոց ընդունվեն, հսկայական մրցույթներ էին լինում, ժողովուրդը լավ էր ապրում: Ինչքան բնակչության կենսամակարդակը բարձրանա, էնքան ծնողները կուզենան երաժշտական կրթության տալ երեխաներին»,- ասում է Քեչեկը:

Ամեն տարի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առնվազն 4-5 շրջանավարտ ուսումը շարունակում է Երևանի պետական կոնսերվատորիայում:

Սակայն մինչև կոնսերվատորիա հասնելը դպրոցի տարբեր բաժիններում աշակերտները սովորում են զգալ երաժշտությունը, ապրել մեղեդիների աշխարհում:

Սաքսոֆոնի խումբը նույնպես աչքի է ընկնում եվրոպական երկրներում բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակցությամբ և համերգային շրջագայություններով: Այս դասարանում կան միջազգային մրցույթների 28 դափնեկիրներ:

«Անցյալ տարի ամռանն իմ աշակերտներին տարել էի Անգլիա համերգների, և Լոնդոնում համերգներից մեկի ժամանակ կողքիս նստած էր Լոնդոնի Ռոյալ ակադեմիայի պրոֆեսոր Կալխոշը: Նա լսեց ողջ համերգը ու վերջում ինձ ասաց. «Հավատա` ես նման դասարան չունեմ, պարզապես հիացած եմ»,- պատմում է սաքսոֆոնի դասարանի ուսուցիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանը:

Դպրոցի աշակերտներից 15-ամյա Էթերի Հովհաննիսյանը քանոնի դասարան է հաճախում արդեն 7 տարի: Նա մասնակցել է 10 միջազգային մրցույթների և 10-ում էլ առաջին մրցանակի արժանացել: Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում:

«Շատ կարևոր է միջազգային մրցույթներին և համերգներին մասնակցելը, որ դրսում ճանաչեն հայկական ազգային քանոնը, մեր երաժշտությունը,- «Մեդիալաբին» ասում է Էթերին: – Մի անգամ Գերմանիայում համերգի էի, և չեք պատկերացնի` ինչ հետաքրքրությամբ էին լսում, նրանց համար մեծ բացահայտում էր քանոնը: Հայկական ազգային նվագարանները մեծ հետաքրքրություն են վայելում արտերկրում»:

Էթերին, չնայած տարիքին, արդեն 4 մենահամերգ է ունեցել Հայաստանում: Ասում է, որ վերջին հաղթանակը Գյումրում էր` «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացած առաջին պատվավոր մրցանակը:

«Ազգային նվագարանների երեխաները 4 ոսկե մեդալների արժանացան Գյումրու մրցույթում: Ժյուրիի անդամներից մի բուլղարացի երաժիշտ ասում էր. «Գիտեք ես ձեզ մոտ ինչո՞վ եմ ուրախանում, որ դուք արդեն ունեք սերունդ, որ գործիքը պահպանում է»: Նրանք շատ բարձր են գնահատում մեր ազգային նվագարանները»,- ասում է ազգային նվագարանների բաժնի վարիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:

Նա նշում, է որ արտերկրում իրենց համերգների ժամանակ միջազգային ժյուրին հիանում և զարմանում է, թե ինչպես կարելի է ազգային նվագարանը նման բարձր մակարդակով ներկայացնել:

«Մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա երեխան, որի և հագուկապն է ժամանակակից, և մտածելակերպը, և համակարգչի հետ է անընդհատ, սիրում է ազգային նվագարանը»,- ասում է Հովհաննիսյանը:

Դպրոցի միջանցքում պատվո տախտակին միջազգային և տեղական մրցույթներում դպրոցի սաների ստացած պատվոգրերն ու գովասանագրերն են, որոնք խրախուսում են շատերին ջանք ու եռանդ չխնայել հաջողության հասնելու համար:

Յուրաքանչյուր դասարանում ուսուցիչներն ունեն առավելագույնը 12 աշակերտ, որոնց հետ պարապում են շաբաթը 4-5 օր: Չնայած աշակերտների բազմաթիվ հաջողություններին միջազգային բեմահարթակներում և դասատուների ներդրած ջանքերին` նրանց աշխատավարձը չափազանց ցածր է` 40-50 հազար դրամ:

«Պարզապես մեզ մոտ դասատուների 99 տոկոսը իրենց գործի նվիրյալ է»,- ասում է դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը:

Իսկ սոլֆեջո, երաժշտական գրականություն և տեսություն դասավանդող Գայանե Կիրակոսյանը նշում է, որ իրենք չունեն նաև հայերեն, ռուսերեն դասագրքեր: Սակայն երեխաներին դասավանդում են այնպիսի հավելյալ ծրագրերով, որոնք անցնում են անգամ ուսումնարանում և կոնսերվատորիայում:

«Կապ չունի` երեխան երաժիշտ կդառնա՞, թե՞  ոչ, շատ կարևոր է, որ նրա մեջ երաժշտական ճաշակ ձևավորվի: 40 տարեկանում մարդը չի կարող միանգամից Բիզե լսել ու հասկանալ: Երեխայի ականջը պետք է պատրաստ լինի, նա պետք է այդ կրթությունը ստանա ու փոքրուց պարզապես լսի երաժշտություն»,- հավելում է Կիրակոսյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարում՝ Մերի Սարգսյան, 11 տարեկան, դաշնամուրային բաժին 

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am