Երբ տարեցները որոշում են դիմել ծայրահեղ քայլի. Հայաստանում աճել են ինքնասպանության փորձերը

Արարատի մարզում տարեց ամուսինների ինքնասպանության փորձի մասին լուրը նախորդ տարի ցնցել էր տեղի բնակչությանը։ 

2019 թվականի հունվարի 4-ին «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: 

Պարզվել էր, որ նրանք ամուսիններ էին և իրենց տանն ինքնասպանություն գործելու նպատակով խմել էին «Ագրոֆոս սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ: 

Բժիշկներին հաջողվել էր փրկել ամուսինների կյանքը։ Համայնքի բնակիչները տարակուսած էին. ի՞նչն էր տարեց ամուսիններին դրդել նման ծայրահեղ քայլի։ 

Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանի խոսքով՝ ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել։ Ինքնասպանության փորձ կատարած ամուսինները դեպքից մի քանի ամիս անց մահացել էին։

«Այդ ընտանիքի հետ ես մոտ եմ եղել։ Ծերունական հիվանդություն ունեին, մարդիկ մեծացել էին, հոգնել էին, այդ պատճառով նման քայլի էին դիմել։ Նորմալ ու լիարժեք ընտանիք էր, նորմալ երեխեք ունեն, տանը ուտելիքի, հագնելու ոչ մի խնդիր չեն ունեցել։ Բայց հայրը տնից գնում էր, գտնում բերում էին։ Պատճառը զուտ դա է եղել, այլ պատճառներ չեն եղել»,- «Մեդիալաբին» ասում է Պետիկ Ղազարյանը։

Հայաստանում ինքնասպանության փորձերի և դեպքերի մասին տեղեկությունները լրատվական դաշտի լրահոսում կայուն տեղ ունեն։ Սակայն ամբողջական, խորքային ուսումնասիրություն այս մասով չկա։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին երեք տարիներին 65 տարեկանից բարձր անձանց ինքնասպանության դեպքերը տարեցտարի աճում են։ 

Ընթացիկ տարվա հունվարի 6-ի երեկոյան հերթական դեպքը ցնցեց հանրությանը. շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Բարբյուսի փողոց, որպեսզի օգնություն ցույց տա տարեց մի կնոջ։ Նշված հասցե հասնելով` բժիշկներն արձանագրել էին 78-ամյա կնոջ մահը և այդ տեղեկությունը փոխանցել իրավապահներին։ Տեղեկությունների համաձայն՝ թոշակառու կինն իր բնակարանում ինքնասպան էր եղել՝ պարանով կախվելով։

Նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին Երևանի կամուրջներից մեկի արգելապատնեշների վտանգավոր եզրագիծն անցած թոշակառու տղամարդու կյանքը հաջողվել էր փրկել, քանի որ հավաքված քաղաքացիներն ու ոստիկանները մոտ մեկ ժամ համոզել էին տղամարդուն հետ կանգնել ինքնասպանության մտքից: 

Շրջանառվող վարկածն այն էր, որ տարեց տղամարդու՝ ծայրահեղ այդ քայլին դիմելու պատճառը սոցիալական խնդիրներն էին։

Եթե 2017 թվականին այս տարիքային խմբի անձանց շրջանում գրանցվել էր ինքնասպանության 29 դեպք, ապա 2018-ին այդ դեպքերը կազմել են 48, իսկ 2019-ին՝ 53 դեպք։

Նույն ժամանակահատվածում աճել են նաև տարեցների ինքնասպանության փորձերը՝ 2017-ին՝ 32, 2018-ին՝ 52 և 2019-ին՝ 59 ինքնասպանության փորձ է գրանցվել։

Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում 65-ից բարձր տարիքի անձանց ինքնասպանության փորձի դեպքերը կազմել էին 32, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը հասել է 46-ի։

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ այս անձանց ինքնասպանության պատճառների մասին տեղեկություն չկա, քանի որ չկա համապատասխան հետազոտություն։

«Խնդիրը սոցիալական ուսումնասիրության կարիք ունի, որովհետև անձի հոգեկան վիճակով պայմանավորված խնդիրների հետ գործ ունենք»,- «Մեդիալաբին» ասում է Կարինե Կույումջյանը։

Վիճակագրական կոմիտեն պատճառների մասին տեղեկատվություն չունի, սակայն վերլուծել է, թե ինչպես են Հայաստանում մարդիկ հիմնականում ինքնասպանություն գործում։ Ինքնասպանության 58 տոկոսից ավելին կախվելու միջոցով դեպքերն են։ Իսկ ինքնասպանության փորձերի գրեթե 1/3-ը բարձրությունից նետվելու միջոցով են իրականացվում, հաջորդում են դեղամիջոցների օգտագործումը, սուր կտրող-ծակող գործիքով ինքնավնասումը և այլն։

Կարինե Կույումջյանը դրական միտում է որակում այն, որ 2019 թվականին ինքնասպանության դեպքերի նվազում կա։

«Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին 2018-ի համեմատ ինքնասպանությունները նվազել են գրեթե 14.5 տոկոսով։ Բայց ունենք ինքնասպանության փորձերի աճ՝ 7.7 տոկոսով։ Լավ է այն, որ այդ դեպքերը փորձ են եղել»,- նշում է նա։

Հոգեբան Սամվել Խուդոյանն ասում է, որ 70 տարեկանից բարձր անձանց շրջանում ընդհանրապես ինքնասպանություններն ավելանում են։

«Տարիքային ֆենոմեն կա, թե որ տարիքում են ինքնասպանություններն աճում։ Այդ տարիքում մարդկանց մոտ դեպրեսիան խորանում է, մահվան վախի հողի վրա նման քայլի են դիմում։ Ոմանց մոտ մահացու հիվանդություններ են լինում, ուրիշ որևէ պատճառ չի կարող լինել այստեղ»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբանը։

Սամվել Խուդոյանի խոսքով՝ սոցիալական ծանր վիճակն այս խմբի մարդկանց ինքնասպանությունների հարցում դեր չի խաղում։ Եթե օրվա գոյատևման հարց է, տարեց մարդը դրա համար ինքնասպանություն չի գործում։

«Այդ տարիքի անձանց մոտ կարևոր տարիքային խնդիրը ծանր դեպրեսիաներն են։ Մարդիկ ուղեղի հետ կապված խնդիրներ են ունենում, դրա հետևանքով փսիխոտիկ վիճակներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է ինքնասպանության»,- հավելում է մասնագետը։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, սակայն, պնդում է՝ սոցիալական գործոնն ունի իր ազդեցությունը։

«Այդ տարիքում լինում է անձի ճգնաժամ, դեպրեսիայի մեջ են ընկնում, եթե ծանր հիվանդ են, չեն ուզում ընտանիքին ծախսերի տակ գցել, որովհետև կարծում են՝ ուշ թե շուտ մեռնելու են»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոն Ադիբեկյանը։

Տարեցների՝ ինքնասպանություն գործելու պատճառներից մեկը, սոցիոլոգի խոսքով, ծանր հիվանդություններն են, քանի որ բուժումը կարող է շատ ծանր նստել ընտանիքի վրա, իրենք նախընտրում են ինքնասպանություն գործել։ 

«Դա անձի ճգնաժամն է, կյանքի իմաստի կորուստ, հին ապրելակերպը շարունակելու անհնարինություն, այսինքն՝ սեփական «ես»-ի կորստի հետևանք։ Եվ ամենակարևոր ու առաջին խնդիրը այն է, որ թանկարժեք դեղերով ծանր հիվանդ պահելն այսօր դժվար է։ Դա պատճառներից մեկն է»,- հավելում է Ադիբեկյանը։

Սոցիոլոգը ևս կարևորում է հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Ըստ նրա՝ դա բարդ հետազոտություն է, պետք է ֆինանսավորվի։ «80-ական թվականներին մենք ուսումնասիրել ենք քաղցկեղի բաժանմունքից դուրս եկածների հետագա վարքագիծը։ Նույնը կարելի է հիմա անել, շատ բարդ հետազոտություն է»,- նշում է նա։

Հայաստանում սոցիալ-բժշկական ոլորտում ընդհանրապես հետազոտություններ չկան՝ ասում է Ադիբեկյանը։ 

«Մարդիկ կարծում են՝ բժշկությունը բժիշկ-հիվանդ հարաբերությունն է։ Եվ մոռանում են, որ հիվանդությունը սոցիալական ու հոգեբանական պատճառներ ունի»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը։

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am