Դահլիճի փոխարեն՝ անտառ. 6-ամսյա դադարից հետո դերասանները կրկին բեմ կբարձրանան

«Ջրվեժ» անտառպարկում՝ ծառերով հագեցած կածանում, 60 սմ բարձրությամբ քառակուսի փայտե բեմ կտեղադրվի, կլինեն բեմին ուղղված լույսեր և 40 աթոռ՝ հանդիսատեսի համար. հենց այս բացօթյա տեղանքում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, կկայանա Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը:

Համավարակի պատճառով 6-ամսյա դադարից հետո ներկայացումներով հանդես գալը, հանդիսատեսի հետ անմիջական շփումը, դերասանուհի Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իրական տոնի զգացողություն է ստեղծում և՛ հանդիսատեսի, և՛ հենց դերասանների համար:

«Միշտ ներկայացման պրեմիերայի ժամանակ դերասանը վախ է ունենում, չգիտի՝ ներկայացումը կսիրվի՞, թե՞ չէ, բայց «Գոմեշը» խաղալու այդ օրը, որ հասկանում էի՝ 6 ամիս անց վերջապես խաղում եմ, ու բացվում է ընդհանրապես խաղալու հնարվորությունը, տոնի զգացում կար և՛ հանդիսատեսի, և՛ իմ մեջ: Այդ հանդիպման բերկրանքն այնքան մեծ էր, որ ի՜նչ վախի մասին էր խոսքը:

Արվեստն իրավունք չունի լռելու՝ մենք դա հասկացանք: Մենք տեսանք, որ մշակույթի բացակայությունը ինչքան անօդ տարածք ստեղծեց, մարդը չի ստեղծված միայն ուտելու և քնելու համար: Էքսպերիմենտ եղավ այս մի քանի ամիսը, սովորաբար ասում են՝ դե, մշակույթը պետք է, բայց արի ու տես, որ մշակույթի բացակայությունը շատ մեծ բաց է դառնում: Մարդը ինչ-որ փարոս է կորցնում»,- «Մեդիալաբին» ասում է դերասանուհին:

Դերասանուհու խոսքով՝ որքան հնարավորություն կա, եղանակը թույլ է տալիս բացօթյա ներկայացումով հանդես գալ, խաղալու են, որովհետև պարզ չէ, թե ե՛րբ կթույլատրվի փակ տարածքում ներկայացում կազմակերպելու:

Անդրադառնալով «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմանը՝ Գրիգորյանը նշում է, որ ներկայացումը կորուստ չի կրում բաց տարածքից բացօթյա գնալու դեպքում, ընդհակառակը բացօթյա ներկայացումները հրաշալի հնարավորություն են ստեղծում նոր փորձառություն ձեռք բերելու և բնությանն առավել մոտ լինելու:

«Այդ ներկայացումը ես շատ փառատոներում եմ խաղացել, տարբեր տեսակի տարածքներում, նույնիսկ եկեղեցում, սթրես չեմ ապրելու, որ փակ տարածքից գնում ենք բաց:

Իրականում ես շատ կուզեմ, որ մեր բոլոր դերասանները բացօթյա խաղան, իմ փորձառությունից եմ ասում, քո մեջ մտնում է բնության տարերքը, որը քո մեջ ավելի բնականություն է մտցնում, քեզ ավելի է կենդանացնում, չի թողնում, որ քնես մի պահ, ամեն վայրկյան կողքիդ փչող քամին, ոտքիդ տակի հողը, բնության ծլվլոցը: Շատ կարևոր փորձառություն է սա, ես շատ կարևորում եմ սա»,- նշում է դերասանուհին:

ART PR ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը «Մեդիալաբին» ասում է, որ դեռևս մինչև համավարակը բացօթյա ներկայացումներ կազմակերպելու ծրագրեր եղել են, սակայն համավարակը ևս առիթ է եղել բացօթյա ներկայացումների շարք սկսել, որի մեկնարկը տրվում է «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ:

«Բացօթյա ներկայացումների մշակույթը կարծես չկա, բացօթյա համերգներ անում ենք, բայց ներկայացում ոնց որ թե չէինք տեսել, հիմա սա հրաշալի առիթ է, որ անենք բացօթյա ներկայացումների շարք: Սա առաջինն է, հետագայում մենք դեռ շարունակելու ենք: Իսկ ինչո՞ւ Ջրվեժում. Ջրվեժը շատ լավ այգի է, մոտ է Երևանին, Երևանի հանդիսատեսը հանգիստ կարող է գալ, հաջորդ ներկայացումը լինելու է Վանաձորում»,- նշում է Դավթյանը:

Մոնոներկայացումը հերոսուհու՝ Նարինե Գրիգորյանի մանկության իրական պատմությունն է, որ զուգորդվել է պատերազմի հետ: Պապը ջանում է նրան դուրս բերել պատերազմող Ղարաբաղից՝ ընտանիքից գոնե մեկին փրկած լինելու համար:

Նարինեն իր մանկության հուշերից հյուսված իրադարձություններով հանդիսատեսին է ներկայացնում մի ամբողջ սերնդի պատմություն, որտեղ գլխավոր հերոսը թշնամու գերության մեջ հայտնված հայրն է։ 

Գայանե Դավթյանը, անդրադառնալով ներկայացման ընտրությանը, նշում է, որ թեման այժմ էլ շատ ակտուալ է: 

«Բացօթյա ձևաչափի մեջ նաև մոնոներկայացումը հզոր պետք է լինի, իսկ Նարինեն շատ հզոր դերասանուհի է, պիտի որ լավ ստացվի: Ներկայացման տեղանքն էլ բառացիորեն ծառերի մեջ է. մենք կստանանք բացօթյա միջավայր՝ ոչ թե ինքնանպատակ գնանք բնության մեջ նստելու, այլ բնությունը վայելելու:

Ժամն էլ այնպես ենք ընտրել, որ մթնշաղ լինի, երբ որ հանդիսատեսը նստի, այգու ընդհանուր լույսերը կանջատենք, ու կմնան արդեն թատրոնի լույսերը, ինչպես դուք նայում եք թատրոնում»,- նշում է Գայանե Դավթյանը:

Դերասանուհի Նարինե Գրիգորյանն ընդգծում է, որ անկախ ստեղծված դժվարին իրավիճակից՝ պետք է լավատես մնալ և դասեր քաղել: Իսկ լավատես մնալուն և հոգում սեր պահելուն օգնում է արվեստը:

«Մշակույթը անընդհատ հիշեցնում է, որ մարդն առաջին հերթին հոգի է, հետո նոր՝ մարմին, և ավելի կարևոր կերակրելու տեղ կա: Ամեն վայրկյան պետք է սեր պահենք մեր մեջ, իսկ արվեստը դա է սովորեցնում, ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնել, ամեն իրավիճակում տեսնել դրանով հարստանալու և դրանից սովորելու հնարավորությունը:

Լավատես մարդը և ամեն ինչից դասեր քաղող մարդը էս ամեն ինչից շատ բան սովորեց ու շատ նոր փորձառություններ ձեռք բերեց: Վստահ եմ, որ արդեն բեմ վերադառնալիս, միևնույն է՝ արդեն հարստացած ենք վերադառնալու: 

Հանդիսատեսն էլ է շատ փոխվել, շատերս ենք փոխվել՝ մեր աշխարհընկալման մեջ, մեր վերագնահատանքի մեջ՝ իրար հանդեպ, էնքան երջանիկ ենք, որ մենք միասին ենք էս վերապրում ու իրար ավելի ենք սիրում: Էդպիսի զգացողություն է եղել իմ մեջ, Աստված տա, ավելի մեծ սիրով սկսենք մեր նոր կյանքը»,- նշում է Նարինե Գրիգորյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am