«Հայաստանը պարփակվելու է միայն ՄՄ երկրների շրջանակում». Վերլուծաբանները` սպասվող հեռանկարների մասին

«Հայաստանը պարփակվելու է միայն ՄՄ  երկրների շրջանակում». Վերլուծաբանները` սպասվող հեռանկարների մասին
«Հայաստանը պարփակվելու է միայն ՄՄ երկրների շրջանակում». Վերլուծաբանները` սպասվող հեռանկարների մասին

Հայաստանում Ռուսաստանից անկախ, եվրոպամետ քաղաքական ուժի ստեղծման հեռանկարն օբյեկտիվ է: Այդ հնարավորությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը տեսնում է: Ես կարծում եմ , որ շատ մոտ ապագայում Հայաստանում կձեւավորվի այդ ուժը»,-«Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի խոսքով, ներկայումս  Հայաստանում եւ գործող իշխանությունը, եւ ընդդիմությունը ձգտում են դեպի Մաքսային Միություն:  «Բոլորն էլ մաքսային են եւ ներկայացնում են մաքսավորներին: Այս իմաստով, կարծես թե ներքին վտանգներ չկան, քանի դեռ Հայաստանում չի  ձեւավորվել որեւէ եվրոպամետ քաղաքական ուժ»,-նշում է Աղասի Ենոքյանը:

Ի տարբերություն Աղասի Ենոքյանի, քաղաքական դիրքավորման  առումով «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը առանձնացնում է «Ժառանգությանը»:

Ըստ նրա , կուսակցությունը, ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի,   քաղաքական հստակ դիրքորոշումներ է հայտնել ոչ միայն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման, այլեւ Հայաստանի ՝ Մաքսային Միությանն անդամակցելու հարցում՝ դեռ 2012 -ին համագումարի մակարդակով որոշում ընդունելով եւ անթույլատրելի համարելով ԽՍՀՄ-ը հիշեցնող կառույցի վերականգնում:

«Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին չանվանենք պրոռուսական: Մի բան հստակ է, ԲՀԿ-ն երբեք Մաքսային Միությանն անդամակցության վերաբերյալ կարծիք չի հայտնել, ՀԱԿ-ը նույնպես անդամակցությունից առաջ ոչինչ չի ասել, ընդամենը  անդամակցությունից հետո անդառնալի է համարել: Այսինքն, այսքաղաքական ուժերը առնվազն ոչինչ չեն արել կանխելու եւ այլընտրանք ներկայացնելու համար»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը եւս համոզված է, որ Հայաստանին ու նույնիսկ իշխանություններին օդ ու ջրի նման անհրաժեշտ է եվրոպական ուղղվածություն ունեցող հզոր ուժերի առկայությունը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, կան առանձին անհատներ, ովքեր կարեւորում են Հայաստանի եվրոպական հեռանկարը, բայց որքան էլ նրանց  գնահատականները չտարբերվեն քաղաքական գնահատականներից, գործողությունների մակարդակով միեւնույնն է, մնում են քաղաքացիականի տիրույթում, իսկ կուսակցությունների թվում, բացի «Ժառանգությունից», նման շահագրգռություն ունեցող այլ ուժ, որը կարող է գործոն հանդիսանալ, նա չի տեսնում:

«Սա լուրջ խնդիր է, որովհետեւ Հայստանը խախտելով իր հավասարակշռությունը արտաքին քաղաքականության մեջ, կարող է շատ լուրջ մարտահրավերների դիմակայել հենց արեւմտյան  ճակատից: Որեւէ ձեւով շահերի եւ կոմպրոմիսների բացակայութունն այդ դաշտի  հետ կնաշանակի, որ Հայաստանի շահերը մոտ ապագայում կարող են հաշվի չառնվել հենց Եվրոպայի կողմից եւ տվյալ պարագայում դժվար է  մեղադրել, եթե Հայաստանն ինքը շահ չի ձեւակերպում Եվրոպայի հետ հարաբերություններում »,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ Մաքսային Միություն մտնելու պարագայում մենք ուղղակի կհայտնվենք միակողմանի կախվածության մեջ:

Քաղաքագետի Աղասի Ենոքյանի կարծիքով նույնպես,  Հայաստանի ղեկավարությունն ընտրել է արտաքին աշխարհից մեկուսանալու ճանապարհը:

«Հայաստանը պարփակվելու է միայն Մաքսային Միության անդամ երկրների շրջանակում: Ակնհայտ է, որ մի փոքր հեռանկարում Մաքսային  Միությունը մեր երկրի համար լուրջ սպառնալիքներ է պարունակում » ,- «Մեդիալաբին» ասում Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի երեքին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու մասին: Նշենք նաեւ, որ կողմերը հաստատել եւ իրականացնում են ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Ակնկալվում է որ մայիսին Հայաստանը կստորագրվի Ռուսաստանի գլխավորած միությանն ու միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը:

Աղասի Ենոքյանի խոսքով, Հայաստանն ընտրեց Մաքսային Միությունը միայն կարճաժամկետ շահի ՝ գազի ցածր գնի ու Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ռուսաստանի խոստման համար: Ըստ նրա, Հայաստանի իշխանության հաշվարկներն այսօրվա վրա են: Ռուսաստանը, նրա խոսքով այսօրվա դրությամբ դեռ  ուժեղ  ու հարուստ է թվում իր նավթով ու գազով:

«Սրանով հանդերձ, հեռանկարում մենք շատ պրոբլեմենր կունենանք: Մենք կմեկուսանանք եւ տնտեսապես եւ դիվանագիտորեն: Արտաքին քաղաքակնություն վարելու համար նորանոր խոչընդոտներ կստեղծվեն : Հայաստանը կունենա պրոբլեմներ բոլոր բնագավառներում»,-ասում է քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով էլ, Հայաստանը հնարավոր է չհասնի ՄՄ անդամակցության հնարավոր  օգուտները վայելելուն:

Ըստ նրա, անգամ իշխանությունն է խոստովանել, որ Մաքսային Միությունից Հայաստանի օգուտները երկարաժամկետ կտրվածքով են դիտվելու:

«Կարճաժամկետ կտրվածքում վնասները շատ են լինելու եւ դա առաջին հերթին պայմանավորված է լինելու անդամակցության անցումային փուլով: Չորս հարյուրին մոտիկ ապրանքատեսակներ հայաստանյան շուկայում ուղղակի չափազանց զգայուն են մաքսադրույքների հանդեպ: Որոշ մաքսատեսակների մաքսադրույքը Հայաստանում լիբերալիզացված է, երկուս ու կես տոկոս է կազմում, իսկ Մաքսային Միությունում՝ յոթ տոկոս: Եթե այդ բարձրացումները կատարվեն, այդ ապրանքների հետ կապված Հայաստանում ուղղակի հնարավոր է կատաստրոֆիկ վիճակ, եթե Հայաստանը չունենա ներդրումների եւ ֆինանսական աջակցության արտաքին աղբյուրներ »,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ այս հանգամանքով է պայմանավորում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ըստ նրա, Հայաստանն ուզում էր, որ  ՄՄ անդամակցությունը մարտին տեղի ունենար, որպեսզի այդ անցումային շրջանն ավարտված լիներ , բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը տեղափոխվեց մայիս, Հայստանի համար  անցումային շրջանը երկարեց:

«Եթե Հայաստանի անդամակցությունը տեղի ունենար ուշ, մինչդեռ Հայաստանը իր մաքսադրույքները համապատասխանեցներ Մաքսային միության բարձր չափերին, ապա կստացվի, որ ացումային շրջանը երկար է եւ Հայաստանի տնտեսությունն էլ երկար ազդված կլինի կարճաժամկետ բացասական հետեւանքներից, այն դեպքում երբ ներդրումներ չկան, վնասների փոխհատուցում եւ արտաքին ֆինանսական օժանդակություն չկա»,-ասում է նա:

Էմմա Քալաշյան

© Medialab.am