«Չեմ բացառում առանձին սադրանքներ հայ-թուրքական սահմանին՝ Նախիջևանի ուղղությամբ». Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Թուրքիան Իգդիրում՝ Հայաստանի հետ սահմանին, մեծ թվով ռազմական ուժեր է կենտրոնացնում։ Նաև ամիսներ առաջ էին նմանօրինակ տեղեկություններ ստացվել։ Ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ կարող է սա նշանակել իրականում։

– Թուրքիան ինքնին վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Սահմանին ուժերի կուտակումը կամ վերադասավորումը, ես կարծում եմ, պայմանավորված է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով և օրինաչափ է, որովհետև Իրանը նույնպես ուժերի որոշակի տեղաշարժ է արել։ 

Ըստ տարբեր տվյալների՝ Իրանը նաև իր ուժերը մոտեցրել է սահմանին։ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Արցախում, չնայած խաղաղապահների միջոցով, բայց դա ռազմական ներկայություն է։ Եվ բնական է, որ Թուրքիան, որն ունի տարատեսակ ագրեսիվ նպատակներ, պետք է անպայմանորեն շարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը։

Եվ զորքերի տեղաշարժը կարող է ընկալվել մի քանի առումներով։ Մեկը՝ որպես ուժի ցուցադրում և քաղաքական մեսիջ տարբեր խաղացողներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, առ այն, որ Թուրքիան փորձելու է ամեն կերպ իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում լեգիտիմացնել և որևէ հետքայլ չի անելու այդ ուղղությամբ։

Երկրորդ տարբերակ՝ Նախիջևանի պարագան բավական ակտիվանալու է և ակտիվանում է՝ նաև կապված Արցախի վերաբերյալ դավադիր հայտարարության մեջ Մեղրիով Նախիջևան ճանապարհի հետ կապված։ 

Իսկ Նախիջևանը ոչ միայն թուրքական հետաքրքրությունների կենտրոնում է, այլ նաև իրանական։ Եվ նրանց՝ Իրանի ու Թուրքիայի մոտեցումները Նախիջևանի հարցում էականորեն տարբերվում են, եթե չասենք՝ լիովին հակադիր են։

Եվ երրորդ՝ բնականաբար, սա կարող է լինել նաև Հայաստանի հանդեպ սպառնալիքի ևս մեկ ցուցադրում։ Նման նախադեպեր նախկինում էլ եղել են՝ 1990-ականների սկզբին ավելի մեծ քանակությամբ զորք էր տեղակայվել ուղիղ հայ-թուրքական սահմանին։ 

Եվ այն ժամանակ հայտարարություններ էին հնչում թուրքական կողմից՝ Հայաստան ներխուժելու հետ կապված։ Ուղղակի մենք պետք է հստակ ֆիքսենք, որ Հայաստանի վրա Թուրքիայի ուղիղ ագրեսիան, ուղիղ հարձակումը չի նշանակում հայ-թուրքական պատերազմ։ Դա նշանակում է գլոբալ պատերազմ՝ ռուս-թուրքական կամ միգուցե՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ։ Եվ պետք է սառը գնահատել, թե արդյոք հիմա կա՞ նման լայնամասշտաբ պատերազմի հավանականություն։

Թուրքիան կգնա՞ նման արկածախնդրության, կա՞ այդ վտանգը։

– Եթե Թուրքիան գնա նման արկածախնդրության, դա համաշխարհային իրավիճակի փոփոխություն է, ոչ թե տարածաշրջանի։ Դա ուղիղ, արդեն առանց այլևայլության կարող է երրորդ համաշխարհային պատերազմ լինել։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ագրեսիվ Թուրքիան ինչքան կարող է իր արկածախնդրության մեջ ավելի խորանալ։

Ես չեմ բացառում առանձին սադրանքներ հայ-թուրքական սահմանին՝ Նախիջևանի ուղղությամբ և այլն։ Դրանք չի կարելի բացառել, որովհետև Թուրքիան ինքնին սպառնալիք է, և նրանից սադրանքներ սպասելը օրինաչափություն է։ 

Կարծում եմ, որ ընդհանուր տարածաշրջանային լարվածությունը, տարբեր պետությունների կողմից ուժի ցուցադրումը այս պահին տեղի ունեցող քաղաքական պրոցեսների բաղկացուցիչ մասն են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am