«Բոլորին խանգարում է Ղարաբաղի հարցը, խոչընդոտը՝ «Հիմնադիր խորհդարանն» էր, դրա համար էլ նրանց հարցը փորձ է արվում լուծել». Արմեն Բադալյան

«Բոլորին խանգարում է Ղարաբաղի հարցը, խոչընդոտը՝ «Հիմնադիր խորհդարանն» էր, դրա համար էլ նրանց հարցը փորձ է արվում լուծել». Արմեն Բադալյան
«Բոլորին խանգարում է Ղարաբաղի հարցը, խոչընդոտը՝ «Հիմնադիր խորհդարանն» էր, դրա համար էլ նրանց հարցը փորձ է արվում լուծել». Արմեն Բադալյան

Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, երկրում օրեր շարունակ արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, զարմացնում է, մարդիկ արձագանք, քաղաքական հայտարարություններ են ուզում իշխանությունների կողմից: Ի՞նչ է տեղի ունենում:

-Բնական է, որ իշխանությունները գիտեն, որ իրենց նկատմամբ ոչ թե վստահություն չկա, այլ ատելություն կա, և իրենց ցանկացած խոսք ուղղվում է իրենց դեմ՝ էլ ավելի մեծ դժգոհություն առաջացնելով: Երկրորդը, քաղաքական հայտարարություններ, որը պահանջվում են իշխանություններից, կարող են անել միայն քաղաքական ուժի ներկայացուցիչները: Իսկ ՀՀԿ-ն դա քաղաքական ուժ չէ, վարչա-ֆինանսական մի կառույց է, որը տիրում է Հայաստանի իշխանական լծակներին:

-Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ է դրված, բայց ինչպես տեսնում ենք, նա մտադիր չէ հրաժարական տալ: Ո՞րն է այս ամենի հանգուցալուծումը:

-Պարզ է, որ ամենայն հավանականությամբ հրաժարականը չի լինելու, որովհետև, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ գործող նախագահը շատ ցանկանա հրաժարական տալ, նրան ուղղակի թույլ չեն չեն տա հրաժարական տալ՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքը: Քանի որ Ղարաբաղի հարցի լուծումը մոտեցել է, հետևաբար ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքը չեն ցանկանա, որ այս հարցը նորից հետաձգվի: Այդ իսկ պատճառով խնդրի լուծման երկու տարբերակ կա՝ ուժային և խաղաղ ճանապարհով: Հարցի ուժային լուծումը երկրի ներսում ու դրսում կբերի բավական մեծ խնդիրների: Մասնավորապես, եթե մենք նայում ենք երկրի ներսի հետ կապված, տեսնում ենք, որ Շանթ Հարությունյանը փայտերով էր պայքարում, հետո տեսանք, որը կիսախաղալիք ատրճանակով էին ոստիկանների վրա կրակում, երրորդը, մենք տեսնում ենք արդեն զինված հարձակում ոստիկանական տեղամասի վրա: Այսինքն՝ մենք տեսնում ենք այս օրինաչափությունը, որ զենքի պայքարն ավելի ու ավելի վճորոշ է դառնում, փայտից արդեն ավտոմատի է վերածվել: Եվ եթե ուժային ճանապարհով հարցը լուծվի, և սպանվեն ոստիկանական տեղամասում գտնվող ազատամարտիկները, որոնք ապստամբություն են բարձրացրել, եթե արմատական բարեփոխում չլինի, իսկ եթե սպանություն եղավ, ուրեմն արմատական բարեփոխում չի լինելու, ապա հաջորդ քայլը կլինի այն, ինչ տեղի է ունենում նմանատիպ դեպքերում տարբեր երկրներում:

Ինչպե՞ս էին տարբեր երկրներում պայքարում՝ սկսում էին անհատական մահապատիժներ իրականացնել կոնկրետ չինովնիկների նկատմամբ, որոնք, ըստ իրենց, հանդիսանում են առաջընթացի խոչընդոտողներ: Եվ եթե այստեղ նրանց նկատմամբ ուժ կիրառվի, նույն  օրինաչափությունը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ կգտնի մեկ այլ խումբ, որն անհատական մահապատիժներ կիրականացնի: Դուք չենք կարող ասել, թե ում նկատմամբ դա կլինի՝ դատավորի, բարձրաստիճան ոստիկանի, շարքայինի, թե՞ ՀՀԿ բարձրաստիճան ինչ-որ ղեկավարի: Այսինքն՝ ուժային մեթոդը դրան կբերի: Դրան գումարած այն, որ բավական հետ է ընկնում այդ բարեփոխում կոչվածը, դիմացն էլ արդեն խորհրդարանական ընտրություններն են, և անմիաստ է դառնում իշխանությունների համար նման պայմաններում այդ ընտրությունների անցկացումը:

Այսինքն՝ երկրիդ ներսում խնդիր է ծագում: Դրսում էլ է խնդիր ծագում, որովհետև Հայաստանի իշխանությունները գտնվում են արտաքին ուժեղ ճնշումների տակ, մասնավորապես, նույն Եվրամիության ճնշման ներքո ընդունեցին Ընտրական օրենսգիրքը, ԱՄՆ ճնշման ներքո փորձում են կոռուպցիայի դեմ պայքարել, իհարկե, դա ավելի շուտ ձևական բնույթ է կրում, ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի ճնշման ներքո Հարկային օրենսգիրքն ընդունեցին, Ռուսաստանի ճնշման ներքո էլ Ղարաբաղի հարցն է, որն արդեն մոտենում է իր ավարտին՝ ճանապարհային քարտեզի ստորագրմանը: Համաձայն դրա՝ Հայաստանը 5 շրջան հանձնելու է: Եվ եթե Սերժ Սարգսյանը գնա արյունոտ ճանապարհով, նա Արևմուտքում, որտեղ արդեն հարգանք չի վայելում, կդառնա մերժելի թեկնածու, և նրա վրա ճնշումը կուժեղանա թե Արևմուտքից, թե հատկապես Ռուսաստանից:
Խաղաղ ճանապարհն էլ հետևյալն է: Քանի որ մարդը մահացել է, դա արդեն իրավական գործընթաց է ենթադրում, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում, երբ վստահություն լինի Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ, որը քննելու է այս հարցը: Բայց քանի որ Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ վստահություն չկա, դա փաստացի գոյություն չունեցող համակարգ է, ապա խաղաղ ճանապարհով հարցը լուծելու միակ ճանապարհն այն է, որ այս խմբի նկատմամբ դատական գործընթացը տեղի ունենա եվրոպական երկրներից մեկում՝ եվրոպացի դատավորի կողմից, որպեսզի համակողմանի բացահայտվի այս գործը:

-Իշխանություններն ավելի շատ հարցը լուծելու ո՞ր տարբերակին են հակված:

-Նրանք ավելի շատ հաշվարկում են կողմերն ու դեմերը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են սա օգտագործել Ղարաբաղի հարցը հետաձգելու համար, որովհետև ոստիկանների կողմից դաժան ճնշումները ակտիվիստների նկատմամբ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ կամ իշխանություններն ուզում են շատ մարդ գա, որպեսզի առիթ ստեղծվի, և գործող նախագահը Պուտինի առաջ արդարանա, թե ինքը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել, որովհետև շատ մարդ է եկել: Կամ էլ ուզում են ամբողջովին ջարդել «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցներին, որպեսզի օգոստոսի 8-ին, երբ Պուտինը կգնա Բաքու ու Ալիևի հետ վերջնական կքննարկի ու ամենայն հավանականությամբ կհաստատի ԼՂ հարցի լուծման ճանապարհային քարտեզը, դրանից հետո արդեն, երբ Հայաստանը ստորագրի Արցախի հողերն Ադրբեջանին տալու ծրագիրը, այստեղ Հայաստանի ներսում դիմադրություն տեղի չունենա: Հիմա կամ այս ճանապարհն է, կամ այն, թե որն է, այս պահի դրությամբ դժվար է ասել:

-Այսինքն՝ այս իրավիճակը հստակ կապվա՞ծ է Ղարաբաղի հիմնախնդրի հետ:

-Այո, կարող ենք հստակ ասել, որ սա կապ ունի Ղարբաղի խնդրի հետ, որովհետև եթե այս տարածքն ազատելու ժամանակ խմբի անդամները բոլորը զոհվեն կամ անգամ նրանց Եվրոպական դատարան ուղարկեն, չեզոքացվում է այն վերջին ուժը, որը կարող է խանգարել Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդ Լավրովի պլանի ի կատար ածումը: Հայաստանի իշխանությունները համաձայն են այդ պլանին, ընդդիմությունը դեմ չէ, հասարակության համար մեկ է Ղարաբաղի հարցը, Արևմուտքն ու Ռուսաստանն էլ շահագրգված են, որ այս հարցը հնավորինս շուտ լուծվի: Ռուսաստանը ցանկանում է այս հարցը լուծելով՝ խաղաղապահներ բերել Հարավային Կովկաս՝ իր դիրքերը ամրապնդելու, Արևմուտքն էլ ցանկանում է իր դիրքերն ամրապնդել, որպեսզի Ղարաբաղյան հարցը լուծելուց հետո կարողանա ապագա խորհրդարանում իր համար ցանկալի համայնապատկեր դրսևորել: Բոլորին խանգարում է Ղարաբաղի հարցը, այս հարցի լուծման խոչընդոտը «Հիմնադիր խորհդարանն» էր, դրա համար էլ նրանց հարցը փորձ է արվում լուծել:

Էմմա Մանուկյան

MediaLab.am