Հարկայինն սկսել է բավականին ծանոթ, հին ու էժանագին մեթոդներով գործել. մենք մեր ասածին տեր ենք. Ռեստորանների հայկական միության նախագահ

Լուսանկարը՝ Մեդիամաքս |

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, ձեր միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ բողոքելով հանրային սննդի ոլորտում անհարկի ստուգումներից ու միջամտություններից: Սա ինչո՞վ է բացատրվում, և սրանով ոլորտին ի՛նչ վնաս է հասցվում:

– Ճիշտն ասած, դրա բացատրությունը մենք չգիտենք, դրա համար էլ հայտարարություն ենք տարածել միության կողմից: Մենք փաստն ենք արձանագրել, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարկայինի աշխատակիցները համատարած բազմաթիվ ձեռնարկություններ են այցելում: Ստուգումների և օպերատիվ միջոցառումների տարբեր ձևեր կան, միևնույն ձեռնարկություն այցելում են տարբեր ստուգումներով՝ պետբյուջեի ստուգումներ, ՀԴՄ կտրոնների հետ կապված ստուգումներ:

Ընդ որում, երբեմն դա արվում է բավականին ծանոթ հին ու էժանագին մեթոդներով: Նախկին ու ներկա աշխատակիցներ են կանչվում հարցաքննությունների, ինչ-որ ինֆորմացիա են փորձում հավաքել, և ամենացավալին այն է, որ դա արվում է այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք արդեն իսկ վաղուց ունեն բարեխիղճ հարկատուի համբավ: 

Հարկային վարչարարության ընդհանուր բարեփոխման սկզբունքները միտված էին նրան, որ բարեխիղճ հարկատուների մոտ հարկային վարչարարությունը նվազեցվում է: Նշեմ, որ այստեղ բոլորովին խուսափելու խնդիր չկա, մեր մտահոգությունը կապված է մեթոդների և աննախադեպ ծավալների հետ, երբ նույն ձեռնարկությունում մի ստուգումը չավարտված՝ մեկ այլ ստուգում է սկսվում:

Դրանք այն կազմակերպություններն են, որոնք բավականին մեծ ներդրում ունեն և՛ մեր ընդհանուր գաստրոնոմիայի զարգացման, և՛ այլ ոլորտներում: Մեր միության անդամները երբևէ նման վերաբերմունքի տեղիք չեն տվել: Մեր մեծ վրդովմունքը դրա հետ է կապված: 

ՊԵԿ-ից շատ ընդհանուր, համառոտ ու հապճեպ ինչ-որ արձագանք է եղել, և խոստացել են, որ հանդես են գալու ավելի մանրամասն պաշտոնական հայտարարությամբ:

Մենք սպասում ենք դրան, որովհետև այս եղած պարզաբանումից հետո չենք ցանկացել մանրամասնել դեպքերը և առանձին անդրադառնալ դրանց՝ ներկայացնելով, թե դա որքանով տգեղ բնույթ է կրել, ուղեկցվել է օրենքի խախտումներով: Եթե իրենք պաշտոնական հայտարարություն կանեն, որում մանրամասն կներկայացնեն, այդ դեպքում մենք էլ ավելի կմանրամասնենք, որովհետև մենք տեր ենք մեր հայտարարությանը, քանի որ դա օդից չի արվել:

Մենք տարիներ շարունակ նման հայտարարություն չենք արել և հիմա էլ չէինք կարող հենց այնպես անհիմն հայտարարություն անել: Մենք ապաքաղաքական կազմակերպություն ենք, որևէ քաղաքական նախապատվությամբ չենք առաջնորդվում: Սա պրոֆեսիոնալ միություն է, և մենք արձագանքում ենք ոլորտի խնդիրներին:

Իսկ սա լուրջ խնդիր է, և մենք կոչ ենք արել պատկան մարմնին չվերադառնալ նախկինում կիրառված մեթոդներին: Մենք, իհարկե, գիտենք, որ դա նախկինում եղել է, մեր ձեռնարկություններն առաջին օրը չեն աշխատում: Մենք ողջունել ենք այն բարեփոխումները, որոնք վերջին տարիներին եղել են, և մտածել ենք, որ այդպիսի բան այլևս չի կարող լինել: 

– Լրացավ քովիդի դեմ պայքարի 1 տարին: Ոլորտն ի՞նչ վնասներ, ինչ կորուստներ է կրել այս մեկ տարում, և ի՞նչ հիմք կա ենթադրելու, որ ոլորտը չի մահանա:

– Ես ընդամենը մի քանի թիվ ասեմ, որը փաստվել է պաշտոնական վիճակագրությամբ: 2019-ին մեր ոլորտում եղել է մոտավորապես 200 մլրդ դրամի շրջանառություն, իսկ 2020-ին՝ 108 մլրդ: Այսինքն՝ առնվազն 45 տոկոս անկում է գրանցվել: Մշտական փակվել են շուրջ 100 ձեռնարկություններ, ևս 900 ձեռնարկություններ ժամանակավորապես են փակվել, որոնց մի մասը դեռ չի վերաբացվել:

Մենք ունենք ցանցային ձեռնարկություններ, օրինակ՝ «Սեգաֆրեդոն» ուներ 10 սրճարան, որից մնացել են երեքը: Ունենք ձեռնարկություններ, որոնք նախորդ տարվա ընթացքում մի քանի ամիս չեն աշխատել, այս տարի մասամբ են աշխատել: Սա վկայում է այն մասին, որ դեռ չենք կարող խոսել ոլորտի վերականգնման մասին: 

Մենք հերքում ենք պնդումը, որ ոլորտն այսօր վերականգնվել է: Այո՛, այս տարվա հունվար-փետրվարին որոշակի աշխուժություն է եղել, որը պայմանավորված է նրանով, որ համեմատության կարգով որոշակի տեղաշարժ կա սպառողի հոգեբանության մեջ: Բացի այդ, պատերազմից հետո՝ փետրվարին, սրահներում միջոցառումներ անցկացնելու առումով աշխուժացում եղավ, որը կապված էր նախկինում հետաձգված հարսանիքների, մկրտությունների հետ:

Զբոսաշրջիկների շատ թեթև հոսք կա՝ կապված Նովրուզի հետ, բայց դա անհամեմատելի է ընդհանրապես 2019-ի թվերի հետ: Այսինքն՝ վերցնել Երևանի մի քանի կետերում որոշակի դրական տեղաշարժը համեմատել ողջ հանրապետությունում հանրային սննդի ոլորտի աշխուժացման հետ, նույնպես անհիմն է, որովհետև և՛ Երևանում, և՛ մարզերում բազմաթիվ ձեռնարկություններ կան, որտեղ շրջանառությունը շատ ցածր է, և, բնականաբար, ոլորտը վնասով է աշխատում: 

Եվս մի կարևոր բան. այս ոլորտի վերաբերյալ Կառավարության աջակցության ծրագիրը, որ ՊԵԿ-ը պետք է իրականացներ, խոսքը աշխատավարձի ֆոնդի 1/3-ի փոխհատուցման մասին է, որը պետք է իրականացվեր մինչև մարտի վերջը, հունվար-փետրվար ամիսների համար սառեցված է, ընդհանրապես այդ աջակցությունը չի տրամադրվում: Այդ առումով ևս խնդիր ունենք, որովհետև չենք հասկանում, թե դա ինչո՛ւ է դադարեցված: Դա Կառավարության հակաճգնաժամային 23-րդ միջոցառումն է, որոշում է եղել և ուղղակի մերկապարանոց հայտարարել, թե ոլորտը վերականգնվել է, ամեն ինչ նորմալ է, այդպես չի: Մենք համաձայն չենք այդ հայտարարությանը, որը վերջերս արել է էկոնոմիկայի նախարարը: Մենք հասկանում ենք, որ արտերկրից, հատկապես Եվրոպայից զբոսաշրջիկների հոսք դեռ չկա:

– Այս տարի՞ էլ ոլորտում որոշակի աշխուժացում չեք կանխատեսում:

– Հիմա որոշ ձեռնարկություններ անհատապես փորձում են կազմակերպել Ռուսաստանի լրագրողների, բլոգերների այցեր, որպեսզի ոլորտի մասին խոսվի, ներկայացվի, որ պատերազմից հետո վիճակը որոշակիորեն փոխվել է և այլն: Բայց դրանք այս պահին դեռևս անհատական նախաձեռնություններ են, իսկ պետական մարմնի կողմից դեռևս կատարված աշխատանք չկա:

Մանե Հարությունյան

MediaLab.am