«Պատասխանատու հայտարարում եմ, որ պատվաստված մարդիկ լինելու են ավելի պաշտպանված օմիկրոնի պարագայում էլ». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

Պարո՛ն Մելիք-Նուբարյան, հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների կարող են մասնակցել, եթե ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթը կամ պատվաստման հավաստագիրը: Այս սահմանափակումն արդյունավետ կլինի՞ համավարակի դեմ տարվող պայքարի համար:

– Սահմանափակումները տրամաբանական են. տարբեր երկրներում կիրառվում են, նպատակը նույնպես հասկանալի է՝ հնարավորինս պաշտպանել մարդկանց վարակվելուց, բայց կա կարևոր մի հանգամանք: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը պետք է հստակ ուսումնասիրել՝ արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է այդ սահմանափակումներն իրական կյանքում կիրառելիս վերահսկողություն իրականացնել:

Եթե արվի այնպես, ինչպես արվում է, օրինակ՝ դիմակների կրման պարագայում, կարող է հակառակ էֆեկտն ունենալ՝ ավելի խորացնելով մարդկանց անվստահությունը համավարակի դեմ պայքարի միջոցառումներում, որովհետև մարդիկ լսում են մի բան, դուրս են գալիս փողոց՝ տեսնում լրիվ այլ բան:

– Այսինքն՝ կարծում եք, որ այս սահմանափակումները պետք է անպայման վերահսկվե՞ն համապատասխան մարմինների կողմից:

– Պետք է գնահատել՝ կարո՞ղ են իրականացնել, թե՞ ոչ, որովհետև միջազգային փորձը եթե մատնանաշենք, ապա մի շարք տեղերում, որոնք որակապես տարբերվում են իրենց թվայնացմամբ, հնարավորություններով, այդ QR կոդերով հանրային վայրեր մտնելու մեխանիզմը չկարողացան ներդնել, օրինակ՝ Իսպանիան, Մոսկվան ներդրեց, բայց շատ կարճ ժամանակ անց ստիպված եղավ չեղարկել, ու պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ իրական կյանքում չի ստացվում ապահովել դրանց կիրառումը, այսինքն՝ պետք է հասկանանք՝ կարողանալո՞ւ ենք անել, թե՞ ունենալու ենք հերթական սահմանափակումը միայն թղթի վրա:

Ձեր գնահատմամբ՝ մինչ այս եղած սահմանափակումներից որո՞նք են իսկապես արդյունավետ ու իրական կյանքում կիրառելի եղել, ու արդյոք ունեցե՞լ ենք պատշաճ վերահսկողություն, որպեսզի այդ սահմանափակումները, ինչպես նշեցիք, չմնան միայն թղթի վրա, պարո՛ն Մելիք-Նուբարյան:

– Այդ հարցը պարզ պատասխան չունի, երբ մենք ամիսներ շարունակ ասում ենք, որ համավարակի դեմ պայքարը պետք է լինի ամբողջ կառավարություն և հասարակություն սկզբունքով, նշանակում է, որ քաղաքականություն որոշողը ոչ թե պետք է մի թուղթ ստորագրի ու ասի՝ ես այլևս գործ չունեմ, թող վերահսկողը մտածի, վերահսկողն էլ լծակ չունենա՝ այդ թղթում եղածի վրա ազդելու, թուղթը ստանա, ասի՝ ես այդքան ներուժ չունեմ, որ վերահսկեմ, այլ պետք է այս ամենը լինի ամբողջական պլանի շրջանակում: Այսինքն՝ ձեր ասած արդյունավետությունը պետք է գնահատել ամբողջության մեջ:

Ըստ էության, միակ արդյունավետ միջոցը, որ Հայաստանում կիրառվել է, ուսումնական հաստատությունների առկա դասերի սահմանափակումն էր, մնացածը, մեր գնահատմամբ, նաև կան գիտական վերլուծություններ, մեծ արդյունք չեն տվել: Զանգվածային պատվաստում, կոնտակտավորների բացահայտում, այն, ինչ պետք է արվեին ի սկզբանե, չեն արվել, ու դա բերել է այսօրվա անկառավարելի իրավիճակին:


Պատվաստման գործընթացը մեր երկրում գոհացնո՞ւմ է ձեզ:


– Դրական դինամիկա ունենք, բայց պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որ պատվաստվողների թվաքանակն էլ ավելանա, որովհետև վերջին շաբաթների տվյալներն էլ ավելի մտահոգիչ են՝ պատվաստման առաջին դեղաչափը ստացողների թիվը նվազել էր:


– Ի հայտ է եկել համավարակի նոր՝ օմիկրոն շտամը, այս շտամով վարակվածության դեպք Հայաստանում դեռ չի գրանցվել, բայց նաև չի բացառվում, հիմա, եթե շարունակվեն պատվաստումների այս տեմպերը, սահմանափակումներին այս ձևով հետևելը, ըստ ձեզ, ի՞նչ պատկեր ենք ունենալու:

– Ընդհանուր առմամբ, օմիկրոն թե մեկ այլ ուրիշ շտամ կլինի, համավարակի դեմ պայքարը մնում է այն գործիքների շրջանակներում, որոնք այսօր կիրառվում են, այսինքն՝ պատվաստում և սահմանափակումներ: Ինչպե՛ս կլինի՝ կախված է մեզանից, որովհետև դեռևս վաղ է խոսել, թե պատվաստանյութը որքանով արդյունավետ կլինի նոր շտամի դեպքում, բայց ես կարող եմ պատասխանատու հայտարարություն անել. պատվաստված մարդիկ լինելու են ավելի պաշտպանված օմիկրոնի պարագայում էլ, այսինքն՝ պատվաստվելը օգտակար է ցանկացած պարագայում, նաև սահմանափակումներին հետևելը:

Սահմանափակում ասելով՝ պետք չէ նկատի ունենալ անպայման լոքդաուն, անձնական մակարդակում հակահամաճարակային կանոնների պահպանումն էլ կարող ենք դիտարկել սահմանափակում, որը մեզ կօգնի նվազեցնելու այդ հետագա ալիքների տարածումը: Պետք է ձևավորվի համաճարակի դեմ պայքարի պահանջարկ:

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն արդեն հայտարարել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակման հետ իրենք չեն համակերպվելու ու հակաքայլեր են անելու: Արդարացվա՞ծ է նրանց անհամաձայնությունը:

– Նրանց վարքագծում որևէ արտառոց բան չկա, բոլոր երկրներում, որտեղ նման սահմանափակումներ են ներդրվում, լինում են այսպիսի դժգոհություններ, բայց մեր առանձնահատկությունն այն է, որ բիզնեսի տերերը նայում են իրենց շուրջը, տեսնում են՝ տրանսպորտում դիմակ չեն դնում, դրսում դիմակ չեն դնում, մտածում են՝ իրե՞նք ինչու պիտի ենթարկվեն սահմանափակումների:

Բայց ես նրանց խորհուրդ կտամ չանհանգստանալ, որովհետև, ամենայն հավանականությամբ, սա էլ է մնալու թղթի վրա: Թուղթը ստորագրվելու է, իսկ իրական կյանքում, ինչպես համավարակի հետ կապված մնացած շատ թղթեր, չեն աշխատելու, իզուր թող չմտահոգվեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am