«Մինսկի խումբը իր աշխատանքը ֆորմալ շարունակում է, սակայն այլևս չկա հստակ բանակցային օրակարգ, հիմա անհասկանալի իրավիճակ է»․ Բենիամին Պողոսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների ընդունած հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, արդյոք նշանակո՞ւմ է, որ այս կառույցը սկսում է ակտիվանալ, ու մենք ապագայում ականատես կլինենք գործուն քայլերի։ Ի՞նչ ակնկալել այս հայտարարությունից։

– Պետք է սպասել բուն տեքստի հրապարակմանը, որպեսզի կարողանանք ամբողջական գնահատական տալ, սակայն, Մինսկի խումբը որոշակի ինտենսիվությամբ շարունակում է աշխատել և, փաստորեն, չէր էլ դադարեցրել իր աշխատանքները։

Վերջին հաշվով, դեռ անցյալ տարի դեկտեմբերին համանախագահներն այցելեցին Հայաստան ու Ադրբեջան, այսինքն՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Մինսկի խումբն իր գործունեությունը ֆորմալ առումով շարունակում է, մի շարք հայտարարությունների ականատես ևս եղանք։

Սակայն Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ են, որովհետև բոլորն են հասկանում, որ այն առաջարկները, որոնք վերջին 15 տարում սեղանին են դրված, նկատի ունեմ 2004 թվականից, երբ սկսվեց պրահյան գործընթացը, որը միս ու արյուն ստացավ 2007-ին մադրիդյան փաստաթղթի, այնուհետև՝ դրա թարմացված տարբերակի, հետո՝ 2011-ի հունիսին կազանյան փաստաթղթի տեսքով, այժմ դրանք ամբողջությամբ ստեղծված իրավիճակում կիրառելի չեն: Գուցե որոշ տարրեր կան, որ կարող են օգտագործվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց որպես ամբողջություն այդ առաջարկների փաթեթը չի համապատասխանում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակին։

Առայժմ, կարծես թե, պատկերացումներ էլ չկան, թե ե՛րբ կարող է Մինսկի խումբը զբաղվել նոր գաղափարների մշակմամբ, առավելևս՝ շատ քիչ ընկալում կա, թե ինչպիսին կարող են լինել այդ նոր գաղափարները։ Առայժմ Մինսկի խումբը իներցիայով հայտարարում է, որ, այո՛, հակամարտությունը պետք է կարգավորվի, և կարգավորումը պետք է հիմնված լինի վերջին 15 տարում մշակված ու քննարկված սկզբունքների վրա։

Բայց բոլորն են հասկանում, որ այդ սկզբունքների մեծ մասն այսօր կիրառելի չի կարող լինել։ Մինսկի խումբը իր աշխատանքը ֆորմալ շարունակում է, սակայն այլևս չկա հստակ բանակցային օրակարգ: Եթե մինչև 2020 թվականի ապրիլ կային բանակցային օրակարգ, մշակված փաստաթղթեր, ու հասկանալի էր՝ ինչի շուրջ են բանակցում, հիմա անհասկանալի իրավիճակ է։

– Կարծում եք՝ Մինսկի խումբը պետք է սկզբունքների ու օրակարգի հստակեցում և փոփոխությո՞ւն անի ստեղծված իրավիճակին համապատասխան։

– Այո՛, իմ գնահատմամբ հայտնի երեք սկզբունքները և վեց հիմնական տարրերը, որոնք 2004 թվականից սկսած մշակվում էին և առաջին անգամ հրապարակային ներկայացվեցին համանախագահ պետությունների նախագահների կողմից դեռ 2009-ի հուլիսին՝ Լ’Աքվիլայում, այդ ամբողջությունը՝ որպես փաթեթ, ներկա իրավիճակին համապատասխան չեն այլևս։

Բոլորն են դա հասկանում, բայց, կարծում եմ, չկա բացարձակ պատկերացում, թե ինչ նոր փաթեթ կարելի է առաջարկել, ու երբ պետք է սկսվեն այդ աշխատանքները, մանավանդ որ Ադրբեջանը հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, ու միակ աշխատանքը, որ Մինսկի խումբը կարող է կատարել, հումանիտար հարցերն են։ Եթե Մինսկի խումբը չսկսի ձեռնամուխ լինել նոր առաջարկների մշակմանը, չեմ կարծում, որ կարելի է որևէ արդյունավետություն ակնկալել Մինսկի խմբից։

– Պարո՛ն Պողոսյան, իսկ Ադրբեջանը կաջակցի՞ այդ նոր սկզբունքների կամ օրակարգի ձևավորման աշխատանքներին, թե՞ ընդհակառակը։

– Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է․ նրանք պատրաստ են շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում բացառապես հումանիտար հարցերի շուրջ։ Այսինքն՝ Ադրբեջանը երբեք չի էլ ասել, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ընդամենն ասում է, որ եթե մինչև 2020 թվականի պատերազմը բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր, ապա հիմա նման բան գոյություն չունի, և առանցքում պետք է դրվեն միայն հումանիտար հարցեր։

Սա էլ է լուրջ խնդիր, որ պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է այն հաղթահարել։ Հասկանալի է, որ այս մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, կարծես՝ համանախագահների համար էլ, որովհետև իրենց հայտարարություններում նշում են, որ հակամարտությունը լուծված չէ։

Եթե Հայաստանը համաձայնի Մինսկի խմբի գործունեությունն ապահովել հումանիտար հարցերի քննարկմամբ՝ հուսալով, որ հետո կվերադառնան կարգավիճակի հարցի քննարկմանը, վտանգավոր է այնքանով, որ հետագայում առավել դժվար կլինի կարգավիճակի հարցը կրկին օրակարգ բերել, քան հիմա է։

– Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ այս նստաշրջանում կընդունեն քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի՝ չի հաջողվում ընդունել։ Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը, ու կհաջողվի՞ ընդունել այն։

– Իմ պատկերացմամբ՝ խոսքը ԵԱՀԿ ընդհանուր հռաչակագրի մասին է, որում ֆիքսվում են ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ուղիները։ Վերջին անգամ նման հայտարարություն կարծես թե ընդունվել էր 2010-ին կամ 2012-ին՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագործարկման փուլն էր, և հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա էին գտնվում, իսկ հիմա դրանք զրոյական վիճակում են։

Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ու Արևմուտքի, մասնավորապես, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև չկա ընդհանուր հասկացություն եվրոպական անվտանգային նոր համակարգի վերաբերյալ, ապա ընդհանուր հռչակագրի ընդունումը ես գրեթե բացառում եմ։

– Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթներն ու հանդիպումներն արդյունավետության տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում։

– Առայժմ վաղ է գնահատական տալ, որովհետև դրա համար ժամանակ է հարկավոր, բացի այդ էլ՝պետք է հասկանանք, որոնք են արդյունավետ համարել կամ չհամարելու չափանիշները։ Բայց վախենամ, որ հիմա մենք չունենք այդ չափանիշները, ընդ որում, դրանք չկան թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական դաշտում։

Ինձ համար այսօր կարևորագույն չափանիշը պետք է լինի այն, որ հնարավոր ամեն բան արվի, որպեսզի Արցախի հետ կապված կոնկրետություն ունենանք, հակառակ դեպքում անընդհատ ականատես կլինենք Արցախից բնակչության արտահոսքին։

Այսինքն՝ արդյունավետությունը ես կգնահատեմ այդ իմաստով՝ ցանկացած հանդիպումից հետո որքանո՞վ Արցախում բնակվող հայ մարդու համար իր ճակատագիրը, «հետո»-ն դարձան ավելի որոշակի։ Որովհետև այս պահին մեր առջև ծառացած թիվ մեկ անվտանգային խնդիրը ապագայի հանդեպ եղած անորոշությունն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am