«Հասարակության մեջ կա միամիտ հույս, թե գողացված գումարներով հնարավոր է լցնել բյուջեն և ապահովել բոլորի համար բարեկեցիկ կյանք». Ռուբեն Բաբայան

«Հասարակության մեջ կա միամիտ հույս, թե գողացված գումարներով հնարավոր է լցնել բյուջեն և ապահովել բոլորի համար բարեկեցիկ կյանք». Ռուբեն Բաբայան
«Հասարակության մեջ կա միամիտ հույս, թե գողացված գումարներով հնարավոր է լցնել բյուջեն և ապահովել բոլորի համար բարեկեցիկ կյանք». Ռուբեն Բաբայան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, Սաշիկ Սարգսյանը 18.5 մլն դոլար է փոխանցել պետությանը։ Մենք գիտենք, որ կա նրա նկատմամբ հարուցված քրեական գործ։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։ Առհասարակ վերադարձնելու դեպքում պե՞տք է ներում լինի։ Սա պետք է իրավական տիրույթո՞ւմ դիտարկել, թե՞ ներման համատեքստում։

– Իհարկե, ցանկալի կլիներ այդ ամենը տեսնել իրավական տիրույթում, բայց մոտավորապես պատկերացնում եմ՝ քանի որ այդ ամենը կապված է որոշակի կոռուպցիոն սխեմաների հետ, որը շատ դժվար է ապացուցել, դրա համար երևի տեղափոխում են բարոյական դաշտ։

Բայց, կարծում եմ՝ հասարակության մեջ կա միամիտ հույս, որ այդ գումարներով հնարավոր է լցնել բյուջեն և ապահովել բոլորի համար բարեկեցիկ կյանք։ Իրականում այդպես չի լինում երբեք։ Դրանք պետք է իրարից տարանջատել. գողացված գումարները վերադարձնելը մի հարց է, իսկ տնտեսությունը զարգացնելը, յուրաքանչյուր քաղաքացուն իր գործի տերը դարձնելը լրիվ այլ հարց է։ Նույնիսկ ասեմ, որ երբեմն գումարներ վերադարձնելը խանգարում է երկրորդին։

Ես լավ հիշում եմ՝ երկրաշարժից հետո, երբ ստացվում էր մեծ քանակությամբ օգնություն, ստեղծվում էր որոշակի հոգեբանական սինդրոմ, որ մեզ պետք է միշտ օգնեն։ Վախենում եմ՝ այստեղ էլ կարող է նույնը կատարվել, որ բոլոր գողերից հիմա փողերը կհավաքեն, և մեր հարցերը կլուծվեն։

Կարծում եմ՝ մի քիչ միամտություն է։ Այն մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցերով, կարող են ավելի լավ հաշվարկել, բայց ցանկացած հաշվարկ ամբողջական չի կարող լինել։ Մի անեկդոտ կա՝ հարցնում են՝ դուք ընդունո՞ւմ եք հաշվարկով ամուսնությունը, պատասխանում է՝ այո՛, եթե հաշվարկը ճիշտ է։

Հիմա մեզ մոտ այդ տարբերակն է. եթե դա կօգնի, որ օրինականություն հաստատվի երկրում, բյուջեն որոշակիորեն լցվի, այդ գումարներն ուղղվեն սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական խնդիրները լուծելուն, ուրեմն հաշվարկը ճիշտ էր։ Իսկ եթե սա պարզապես նպատակ ունի հասարակության մեջ առկա որոշակի սպասումները բավարարելը՝ մարդկանց բանտ նստեցնելու, փողը ձեռքներից առնելու հետ կապված, այս պարագայում, կարծում եմ, հաշվարկն այնքան էլ ճիշտ չէ։

– Ընդհանրապես ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերվի այս խնդրի հետ կապված։ Ստացվում է՝ գումարներ կարելի է ուտել, հետո ինչ-որ մաս վերադարձնել և ներվե՞լ։ Նաև նշվում է, որ այս հարցը պետք է քննարկվի հանրության հետ, անցումային արդարադատություն իրականացնել։ Որքա՞ն գումար վերադարձնելու դեպքում կարելի է ներել։

– Նախ՝ այդ «կերել է» արտահայտությունը ծիծաղելի է, որովհետև երբ մարդը վերադարձնում է այդ ամբողջ գումարը, ուրեմն այնպիսի տպավորություն է, որ չի կերել, այլ ինչ-որ տեղ տարել-պահել է, և երբ գալիս է ժամանակը, ասում են՝ վերադարձնում է։

Հավանաբար այդ կերածը շատ ավելի մեծ գումարներ են, եթե այդքան հեշտությամբ ստացվում է վերադարձնել։ Այստեղ ես համաձայն եմ, որ պետք է լինի հանրային որոշակի համաձայնություն, որովհետև եթե մենք գնում ենք ոչ միայն իրավական լուծումներով, այլ նաև այսպիսի լուծումներով՝ որքան կարելի է ներել, թե բոլորին և սկսել սպիտակ էջից, սրա համար անհրաժեշտ է հանրային համաձայնություն։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, անկեղծ ասած, երբ ես առաջին լսեցի դա, այնքան էլ ոգևորությամբ չընդունեցի, բայց միգուցե դա ամենաճիշտ ճանապարհն է։

Բոլոր դեպքերում խառնաշփոթ կա իրավական դաշտում, և ամենացավալին այն է, որ մենք ոչ մի բանից ապահովված չենք։ Արդարադատությունը լավ է այն ժամանակ, երբ կատարում է արդարադատության ֆունկցիաները՝ անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը։ Ես չեմ կարծում, որ մեր արդարադատությունն արդեն այն վիճակում է, որ եթե վաղը փոխվի օրվա իշխանությունը, կամ օրվա իշխանությունը փոխի իր մոտեցումը, արդարադատությունը չի փոխվի հետը միասին։ Շատ եմ ուզում, որ մեր հանրությունը վերջապես սկսի զբաղվել ավելի հետաքրքիր թեմաներով, իսկ կսկսի զբաղվել այն ժամանակ, երբ այդ բոլոր հարցերը ուրվագծվեն, թե ինչպես են լուծվելու։

– Այսինքն՝ հիմա հանրությունն ավելի երկրորդական հարցերո՞վ է զբաղված։

– Ոչ թե երկրորդական, բայց շատ կարևոր հարցերին այնքան էլ ուշադրություն չի դարձնում։ Շատ կարևոր են՝ էկոլոգիայի հարցը, տնտեսական, առողջապահական, մշակութային, կրթական հարցերը։ Այս բոլոր հարցերը մի փոքր ստվերում են գտնվում, և այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի առաջընթացի համար շատ կարևոր է բոլոր սկսված գործերը ինչ-որ փուլ հասցնելը։

Եվ սա, իհարկե, շատ կարևոր է, բայց չեմ կարծում, որ դա ամենակարևոր հարցն է, չեմ կարծում, որ մնացած բոլոր հարցերը ստորադասվում են այս հարցին։ Հակառակ դեպքում մենք այստեղ գուցե կհասնենք թվացյալ հաջողությունների, բայց շատ մեծ ժամանակ բաց կթողնենք մնացած բոլորը հարցերը լուծելու համար։

– Ի՞նչ եք կարծում, օրվա իշխանությունների օրակարգում որքա՞ն տեղ ունի փոփոխված հանրություն ունենալու հրամայականը։

– Այս աշխարհում ամեն ինչ գտնվում է մրցակցության դաշտում, մրցակցություն կա նաև և՛ ժողովուրդների, և՛ պետությունների ներսում, և կարծում եմ, որ այդ մրցակցության պարագայում միշտ հաղթում է որակը։ Այն իշխանությունը, որը լրջորեն մտահոգված է հանրության որակով և քայլեր է ձեռնարկում, որ այդ որակը բարձրացնի, ուղիղ ճանապարհ է դեպի հաջողություն։ Այն իշխանությունը, որն անտեսում է հանրության որակի հարցը, հաճախ նույնիսկ համարում է, թե որքան անորակ լինի հանրությունը, այնքան ավելի լավ իր համար, որովհետև անորակ հանրությունն ավելի հեշտ ղեկավարվող է, այդ իշխանությունը դատապարտված է։ Եվ նման օրինակներ մենք բազմիցս տեսել ենք ոչ միայն մեր երկրում, այլև շատ երկրներում։ Ես կարծում եմ, որ սա պետք է լինի ցանկացած իշխանության, որ իսկապես մտահոգված է երկրի ապագայով, ամենակարևոր հարցը։ Այ ինչպե՛ս ենք մենք այդ որակին հասնելու։

Վարչապետը երբ ասում է, որ աղքատությունը պետք է ուղեղից դուրս բերել, լիովին համաձայն եմ, բայց ինչպե՞ս է այդ աղքատությունը ուղեղից դուրս բերվում, հարկային խստացված կամ բարեփոխված օրենսգրքո՞վ, կամ քրեական օրենսգրքով, իհարկե ոչ։ Աղքատությունը դուրս է բերվում մշակույթով ու կրթությամբ։ Ի՞նչ է նշանակում աղքատ լինել, աղքատ լինել՝ նշանակում է ստրուկ լինել։ Վերջիվերջո սա գումարի հարց չէ, որովհետև մենք բազմաթիվ օրինակներ գիտենք հարուստ մարդկանց, որոնք էությամբ աղքատ են, ստրուկ են, իրենց հարստությունը կախված է որոշակի մարդկանց հովանավորչական գործունեությունից և այլն։

Իրականում հարուստ մարդը ազատ մարդն է, որ կարողանում է ստրուկի կապանքներից ազատվել, իր համար տեր չի ման գալիս։ Մեր հանրության մեջ տարածված է ցանկությունը տեր ունենալու։ Տարբեր մակարդակներում մենք լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ մեր ժողովրդին տեր է պետք և այլն։ Եվ իրականում հոգեբանությունը լիովին պետք է փոխվի, իրականում տերը ես եմ, և ինչքան շուտ, ինչքան ավելի գործնական քայլերով իշխանությունը կկարողանա դա սերմանել, այդքան ավելի կատարյալ հասարակություն կունենանք, որն իր հույսը կկապի իր հետ։ Եվ դրանով ինքն ավելի պաշտպանված կլինի, որովհետև մենք լավագույնս պաշտպանում ենք այն, ինչ մեզ է պատկանում, իսկ այն, ինչ մեզ չի պատկանում, չենք պաշտպանում։

Մանե Հարությունյան

MediaLab.am