«Ըստ էության, Հայաստանում չամրագրվեց ժողովրդի հեղափոխությունը, փորձառու կոռուպցիոների տեղը եկան անփորձ, գործից անտեղյակները». Վահան Բադասյան

«Ըստ էության, Հայաստանում չամրագրվեց ժողովրդի հեղափոխությունը, փորձառու կոռուպցիոների տեղը եկան անփորձ, գործից անտեղյակները». Վահան Բադասյան
«Ըստ էության, Հայաստանում չամրագրվեց ժողովրդի հեղափոխությունը, փորձառու կոռուպցիոների տեղը եկան անփորձ, գործից անտեղյակները». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Սերժ Սարգսյանն այցելել էր Արցախ ու մասնակցել սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի միջոցառումներին։ Կարելի՞ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը լավ հարաբերությունների մեջ է Արցախի իշխանությունների հետ։

– Արցախում նախագահական ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի կա, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ժամանակից շուտ սկսված պիլոտային ծրագրի պես մի բան է։ Փորձում են տեսնել, թե ի՛նչ է ստացվում, որ հետո կողմնորոշվեն, թե ի՛նչ անեն։ Սրանք իշխանական համակարգի խաղերն են։ Բայց նախօրեին ես մի ապրում ունեցա հետաքրքիր, երբ տեսա, որ Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը միասին մասնակցում են Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված արարողությանը։

Ես մեղադրում եմ հեղափոխության պատասխանատուներին և տարակուսում եմ՝ միգուցե հեղափոխություն ժողովո՞ւրդն էր ուզում, իսկ Հայաստանի ներկա կառավարությունն ամենևին չի ուզում, որ հեղափոխություն լինի, ու թեև Սերժ Սարգսյանի գործունեությանը դեմ արտահայտվելով եկան իշխանության, սակայն այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց Սերժ Սարգսյանի գործունեությանը։

Լիակատար քաղաքական գնահատական չտրվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը։ Հակառակը, նոր իշխանությունը հայտարարեց, որ շարունակելու է հին իշխանության բոլոր ձեռքբերումների գործընթացները թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ոլորտներում։ Ստացվում է, որ զարմանալու բան էլ չկա, որովհետև հիմա ունենք էքս նախագահ, որը Հայաստանի հերոս է, Հայաստանի երրորդ նախագահ է, նրա համար հատուկ իր ցանկությամբ բնակարան է պատրաստվում, որը եթե դուրը գա՝ կմնա, եթե չգա, չի մնա։

Մյուսը նույնպես Արցախի նախկին նախագահ է, որի գրասենյակի ծախսերի համար մեր բյուջեից տարեկան հատկացվում է 54 մլն դրամ՝ չհաշված թոշակը։ Նա տիտղոսով նույնպես հերոս է։ Դե եթե այդպես է, ամեն ինչի էլ կարող են մասնակցել և մասնակցում են։ Այսինքն՝ ես մտորում եմ, որ այս ամենը վերաբերում է Հայաստանի նոր իշխանություններին, սա նրանց թողտվությունն է։

– Այսինքն՝ որևէ հեռուն գնացող հետևություն չի՞ կարելի անել, որ Սերժ Սարգսյանը մասնակցում էր այդ արարողություններին։

– Նորմալ է, մարդը եկել է մասնակցելու, հո չե՞ն ասելու՝ գնա։ Կրկնեմ՝ նա հատուկ թոշակառու է, հատուկ բնակարան պետք է ստանա, նրա գործունեությանը քաղաքական գնահատական տրված չէ։ Չնայած կարելի է համարել, որ նման գնահատական տրված է, քանի որ շարունակում են նրա արտաքին քաղաքականությունը, նշանակում է՝ այդ գնահատականը բավարար է։

Կառավարության կողմնակիցներն իզուր տեղը փնովում են Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին, որովհետև նրանք արդեն մարտի 1-ի պատասխանատուները չեն, արտագաղթի պատասխանատուները չեն, տնտեսական լծակները օտարին հանձնելու պատասխանատուները չեն, նրանք Հայաստանի կիսակործանված ինքնիշխանության պատասխանատուները չեն։ Ուրեմն նրանց կարելի է մասնակցել տոնակատարություններին, տոնախմբություններին, նրանք կարող են պարգևատրվել և այլն։

– Վերջին ամիսներին ի՞նչ է փոխվել Արցախում թե՛ քաղաքական իրավիճակում, թե՛ տրամադրությունների առումով։

– Որքան ես տեսնում եմ, Արցախում ևս հեղափոխություն կլինի, որովհետև թեև հեղափոխություն այստեղ չի եղել, բայց շունչը հասել է։ Երևի թե այստեղ պետք է իրական հեղափոխություն լինի և այստեղից գա հասնի Հայաստան։

– Նման նախադրյալներ նկատո՞ւմ եք։

– Խառն է իրավիճակը, որովհետև կամաց-կամաց զգացվում է, որ Հայաստանում տեղի ունեցածը իշխանության փոխանցում է, անգամ իշխանափոխություն չէ։ Ըստ էության, Հայաստանում չամրագրվեց ժողովրդի հեղափոխությունը։ Փորձառու կոռուպցիոն իշխանավորների տեղը եկան անփորձ, գործից անտեղյակները։ Ուրիշ ի՞նչ է փոխվել։ Հիմա հաջորդ տարի ԵԱՏՄ օրենքների համաձայն ներկրվող ավտոմեքենաները պետք է 5-7 անգամ թանկանան։

Արդյոք այդ մասին գիտե՞ն ՀՀ կառավարության անփորձ անդամները, չգիտեն։ Եթե գիտեն՝ ի՛նչ են ձեռնարկելու, ինչպե՛ս են արձագանքելու ԵԱՏՄ-ին, որը չարիք է մեր երկրի համար։ Բացի դրանից, գազային պայմանագրով արդեն իսկ գազը թանկ է, և ի՛նչ է անելու կառավարությունը, եթե ռուսական կողմը միակողմանիորեն բարձրացնի գազի գինը, որի իրավունքն ունի։

Եթե տրվեր նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը, ապա հեղափոխության կանոնների համաձայն նոր իշխանությունը կարող էր չեղյալ համարել, պատասխանատվության ենթարկել նման պայմանագիր կնքողներին ու պատասխանատուներին ու վերանայել պայմանագիրը։ Բայց ՀՀ իշխանությունը հակառակն արեց, հայտարարեց, որ շարունակելու է նախորդների գիծը, դե թող շարունակի։

– Ձեր կարծիքով՝ Արցախում նախընտրական թեժ պայքա՞ր է սպասվում, թե՞ մինչև 2020 թվականը կլինի հեղափոխություն։

– Ամեն ինչ խախտված է, և մենք պետք է առաջ շարժվենք ըստ իրողությունների։ Մենք հիմա չենք կարող ասել, թե ի՛նչ իրողություններ կարող են առաջանալ։ Ամեն ինչ անկանխատեսելի է։

Մանե Հարությունյան

MediaLab.am