«Ցանկացած պահի պատրաստ ենք պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին». ԲՀԿ անդամների հայտարարությունը` ԵԽԽՎ-ում

«Ցանկացած պահի պատրաստ ենք պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին». ԲՀԿ անդամների հայտարարությունը` ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը Օսկանյանի գործով հայտարարություն են արել` նշելով, պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ:
Զոհրաբյանի եւ Օսկանյանի հայտարարությունն ամբողջությամբ տրամադրել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, և մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, և մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում:

Մեզ՝ որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք:

Ավելին, ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանը ԱԺ փակ քվեարկությամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Երեկ նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`(առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գումարի եկամուտներն օրինականացնելու համար): Նա մեղադրանքը չի ընդունել, եւ շարունակում է պնդել, որ իր եւ ԲՀԿ դեմ քաղաքական հետապնդում է իրականցվում:

© Medialab.am