«Իրենց մոտ վախ կա, որ այնտեղ էլ են բացահայտվելու նույնպիսի հսկայական յուրացումներ, տպավորություն չլինի, թե Արցախում սրբեր են նստած». Արա Պապյան

«Իրենց մոտ վախ կա, որ այնտեղ էլ են բացահայտվելու նույնպիսի հսկայական յուրացումներ, տպավորություն չլինի, թե Արցախում սրբեր են նստած». Արա Պապյան
«Իրենց մոտ վախ կա, որ այնտեղ էլ են բացահայտվելու նույնպիսի հսկայական յուրացումներ, տպավորություն չլինի, թե Արցախում սրբեր են նստած». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

– Պարո՛ն Պապյան, մայիսի 16-ին դատարան եկան Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ Մարտի մեկի գործով կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու համար։ Դատավարության այս դրվագը շատ է քննարկվում վերջին օրերին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները, Արցախի նախագահների նման քայլը։

– Նախ՝ ես որքան տեղյակ եմ, դատարան ներկայանալը օրենքի պահանջն է։ Բայց այստեղ հարցը հետևյալն է՝ եթե մինչ այս տարբեր առիթներով և՛ Ղուկասյանը, և՛ Սահակյանը ևս ներկայացրած լինեին իրենց երաշխավորությունը, կարելի էր մտածել, որ բնական է, մարդիկ ինչ-որ դիրքորոշում են արտահայտում։ Բայց մենք ունեցել են տարբեր դեպքեր, նրանք նման քայլ չեն արել։

Օրինակ՝ երբ Ռուսաստանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալեցին, իսկապես ցանկալի էր միջամտություն ցուցաբերել, որովհետև այդ մարդը շատ բան էր արել Արցախի համար։ Նաև Հայաստանում տարբեր ժամանակահատվածում տարբեր մարդկանց մեղադրանքներ են ներկայացվել։ Այսինքն՝ այս ամենը, ցավոք, մի տեսակ խմբակայնության տպավորություն է թողնում։ Ոչ թե արդարությանն աջակցելու միտում ունի, այլ այն գործելաոճն է, որ՝ «մեր ընկերն է», ինչը, կարծում եմ, նման պաշտոնյաներին հարիր չէ։

Իսկ թե ի՛նչ արդյունք կտա նրանց քայլը՝ չեմ կարող ասել։ Ես լսեցի դատարանում Քոչարյանի ելույթը, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Քոչարյանն ասում է՝ ազատության մեջ լինելով՝ ես չեմ ազդի վկաների վրա։ Այստեղ խնդիրն այն է, որ նրա՝ ազատության մեջ գտնվելու փաստը էապես կարող է ազդել գործընթացի վրա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այստեղ մեկ այլ անցանկալի զարգացում է նկատվում։ Հատկապես Արցախի պաշտոնյաների բերանից ենք դա լսում, Արցախը Հայաստանի մյուս մասին հակադրելու ցանկություն, ինչը, ես կարծում եմ, այս ամբողջ գործընթացի ամենավտանգավոր պահն է։

– Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ իր այդ քայլով ԼՂՀ նախագահը Արցախի իշխանության ամբողջական դիրքորոշումը չի ներկայացնում։ Արդյոք ճի՞շտ է, երբ գործող նախագահը նման քայլ է անում։ Եվ ընդհանրապես, կմանրամասնե՞ք՝ այս գործընթացի վտանգներին երբ անդրադառնում եք, դա ինչի՞ կարող է հանգեցնել։

– Նախ անդրադառնամ այն հարցին՝ նա իշխանության տեսակե՞տն է ներկայացնում, կարծում եմ՝ ոչ։ Երբ մենք հարցին մոտենում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից, նախ դու պետք է ճանաչես տվյալ պետությունը, որպեսզի որպես դրա հետևանք ճանաչես նաև իշխանությունը։ Այսինքն՝ երբ մենք իրավունքի տեսանկյունից ենք խոսում, Բակո Սահակյանը Հայաստանի տարածքում չի կարող հանդես գալ որպես պետության նախագահ, որովհետև այդ պետությունը մենք չենք ճանաչել։ Այսինքն՝ նրա կարգավիճակը դատարանում այն է, որ նա զուտ Հայաստանի քաղաքացի է։ Ի՞նչն է այս ամենի մեջ վատ։

Երբ ես նայում եմ սոցիալական ցանցերի գրառումները, մարդիկ կան, որ գրում են՝ հպարտ արցախցին չի հանձնում իր մարդկանց։ Հենց սա է վատ։ Այսինքն՝ այստեղ մերոնքի ու ձերոնքի հարց է, ոչ թե արդարության։ Եթե գրեն, որ Քոչարյանն արդար է, և պետք է արդարությունը հաղթի, ես կհասկանամ նման կարծիքը, բայց երբ դու պաշտպանում ես մի մարդու՝ զուտ ելնելով նրանից, որ նա ղարաբաղցի է, և դու էլ ես ղարաբաղցի, սա է վտանգավորը։ Մենք նման բաներ չենք ունեցել երբեք։ Ցավոք, սա վերջին շրջանում՝ Քոչարյան-Սարգսյան կառավարման ժամանակահատվածում եղավ։

Գալով Հայաստան՝ Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ իրենց հետ շատ վատ ադրբեջանական բարքեր բերեցին, այդ թվում՝ տեղայնության հարցը։ Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանայինք, որ այսպես պետք է լիներ։ Երբ այդ մարդիկ գալիս էին Հայաստան ու դառնում էին ղեկավար, իրենք որևէ մեկին չէին ճանաչում, հենարան չունեին։ Իրենք գալով Հայաստան՝ սկսեցին ղարաբաղցիներ բերել Երևան և ստեղծել իրենց հենարանը։

Ի վերջո, այս ամբողջն անցողիկ է, Քոչարյանին շատ կդատեն, թե՞ քիչ՝ դա երկրորդական է։ Այստեղ ամենավտանգավորն այն է, որ այս ընթացքը չխորանա։ Այստեղ ողջունելի է բոլոր նրանց պահվածքը, այդ թվում՝ Արցախից, ովքեր հանդես են գալիս իսկական միասնության օգտին։ Ցավոք սրտի, մենք ժամանակին խորամանկություն արեցինք, իբր աշխարհին խաբենք, որ Արցախն անկախ է, բայց միայն ինքներս մեզ խաբեցինք։ Ըստ էության Հայաստանը ճանաչվում է բոլոր գործողությունների պատասխանատուն, երբ մենք ասում ենք՝ անվտանգության երաշխավոր, պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որի ամեն ինչի պատասխանատուն մենք ենք՝ սկսած ռազմական անվտանգությունից, վերջացրած տնտեսությունով։

Հիմա դատավարությունը միանշանակ այնպես պետք է ընթանա, որ կանխվեն բոլոր այս մեկնաբանությունները, որ հանկարծ փորձ չարվի ասել, որ՝ Քոչարյանը պատժվում է, նրանից վրեժ են լուծում, որովհետև ղարաբաղցի է, իրեն տեղացիները չեն ընդունել։ Այդպես չի եղել, ընդհակառակը, և՛ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ շատ-շատերին մենք սիրով Երևանում ընդունել ենք, գլխներիս վրա էլ տեղ ենք տվել՝ հենց ելնելով նրանից, որ արցախցի են։ Բայց, ցավոք սրտի, ոմանք դա այսօր փորձում են շահարկել։

– Այդուհանդերձ, Արցախի նախագահների՝ Քոչարյանին աջակցելու այս քայլի մեջ քաղաքական ուղերձներ չկա՞ն՝ ուղղված ՀՀ նոր իշխանություններին։

– Ո՛չ, ես կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել ընկերական ու անձնական դաշտում։ Եվ նաև անձնական անվտանգության խնդիր կա։ Ի վերջո, եթե մենք այս գործի մասին ենք խոսում, ինձ արցախցիները պատմել են, որ, այո՛, Արցախից եկել են զինված մարդիկ։ Ես չեմ ասում՝ զորք, ասում եմ՝ զինված մարդիկ՝ վետերաններ, հատուկ ստորաբաժանումներ։ Եվ նրանք բազմաթիվ անգամ են եկել, միայն 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ չեն եկել։ Դրանից հետո էլ, առաջ էլ եկել են, այստեղ մարդիկ են ծեծել, սպանություններ են իրականացրել և այլն։

Այստեղ խնդիրն այն է, որ բացի ընկերական աջակցությունից, իրենց մոտ վախ կա, որ այս ամբողջն ի վերջո մեջտեղ կգա։ Երկրորդ՝ ի վերջո, այս հեղափոխությունը տարածվելու է նաև Արցախի մարզի վրա։ Եվ այնտեղ էլ են բացահայտվելու նույնպիսի հսկայական ֆինանսական յուրացումներ, որոնք այլ տեղերում բացահայտվեցին։ Այնպիսի տպավորություն չլինի, որ այնտեղ սրբեր են նստած։ Նրանցից յուրաքանչյուրը այնպիսի հարստություն, Երևանում այնպիսի դղյակներ ու բիզնեսներ ունի, որոնք մենք չունենք։

Այդ ամբողջը անօրինական է։ Մարդիկ ասում են՝ Արցախը ռազմաճակատային գիծ է, պետք է հանգիստ թողնել։ Հակառակը՝ հենց ելնելով նրանից, որ Արցախը ռազմաճակատային գիծ է, այնտեղ ավելի արդար պետք է աշխատեն, այնտեղ կատարվող անօրինականությունների նկատմամբ ավելի անհանդուրժող պետք է լինենք։

Լուսանկարը` «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am