Բոլոր մեղավորները ճիշտ են

Վահրամ Թոքմաջյան

Երկու հրեա վիճում են մի այծի շուրջ։ Մեկն ասում է, որ այծն իրենն է, մյուսը պնդում է իր սեփականության իրավունքը։ Հայտարարի չեն գալիս։ Որոշում են դիմել իմաստուն րաբբիին (հրեա հոգևորական)։

Րաբբին ուշադիր լսում է երկուսին ու հռչակում իր եզրակացությունը․ «Երկուսդ էլ ճիշտ եք»։ Րաբբին իր կայացրած որոշումից գոհ վերադառնում է տուն։ Եղելությունը պատմում է կնոջը։ Կինը տարակուսում է.

«Բայց չի կարող այդպես լինել, նրանք չեն կարող երկուսն էլ ճիշտ լինել, ինչպե՞ս կարող են երկուսն էլ ճիշտ լինել, երբ խոսքը մեկ այծի մասին է»։ Րաբբին հակադարձում է․ «Սիրելի կին, դու էլ ես ճիշտ»։

Ինչո՞ւ հիշեցի այս տխուր անեկդոտը։ Արցախյան երկրորդ մեծ պատերազմը (եթե ապրիլյանը համարում ենք հետախուզական արշավ Ադրբեջանի կողմից) մենք պարտվել ենք։

Իշխող կուսակցությունը կարող է «պարտություն» բառի փոխարեն օգտագործել «անհաջողություն կրել» հասկացությունը, ընդդիմությունը կարող է որակել «անվերապահ կապիտուլյացիա», բայց մենք չենք ընկնի երկու տեսակետներից որևէ մեկի գիրկը։ Հայաստանը, Արցախը պարտվել են։

Պարտությունից հետո գալիս է մեղավորներ փնտրելու ու գտնելու ժամանակն այնպես, ինչպես հաղթանակից հետո գալիս է պարգևների ժամանակը։ Հաղթանակի պարագայում յուրաքանչյուրը փորձում է իր կողմը քաշել հաղթության վերմակը։ Իսկ պարտության պարագայում՝ կեղտի ամանը հրել դիմացինի ոտքերի տակ։

Ահա հենց այս իրավիճակի ականատեսն ենք մենք հիմա։ Ակտիվացել են բոլորը։ Ընդդիմությունը փողոցում պահանջում է վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրություններ, իշխող թիմը մեղադրում է նախկիններին, նախկին նախագահները հանդես են գալիս մերկացումներով, իսկ արդյունքում որբ է մնում մի ողջ ժողովուրդ։

Օրերի կուլմինացիան թերևս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձումը՝ լայվի միջոցով։

Կրքերը թեժացան ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի ի հայտ գալով։ Հայոց պատմության Արցախյան էպոխայի բոլոր գործիչները հանրային խոսույթի հարթակում են։

Բոլորը մեղադրում են բոլորին։ Ընդհանրապես ես մեծ դժվարությամբ եմ լսում Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։

Ակնհայտ է, թե ինչի մասին են նրանք խոսելու։ Նրանք նոր միտք չեն ասում, գաղափարներ չեն գեներացնում։ Հիմնականում կատարում են «բացահայտումներ», որոնք վաղուց բացահայտված են։ Քաղաքական անցուդարձին հետևող մարդն այլևս նրանց լսելու կարիք չունի։ 

Քոչարյանի հարցազրույցը հաշվարկված էր շատ ճիշտ պահի։ Հաջորդ օրը տեղի էր ունենալու հանրահավաքը, իսկ հարցազրույցը կարող էր բեկում մտցնել։ Սակայն, ինչպես տեսանք, այդ բեկումը չեղավ։

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով ավելի շուտ մտավ Քոչարյանի խաղային դաշտ, քան կարողացավ փոխել իրավիճակը։ Մարդիկ հոգնել են։ Մարդիկ նոր խոսքի են սպասում ու ելքերի։ Մարդկանց զգալի մասն այդ ելքերի մեջ չի տեսնում ներկաներին կամ նախկիններին։ 

Իսկ ի՞նչ են ասում նրանք։ Եթե պարզ ձևակերպենք Քոչարյանի հիմնական միտքը, ապա նա ասում է, որ պատերազմի մեջ Հայաստանին ներքաշեց գործող վարչապետն իր թիմով, և պարտվել է իշխանությունը։ 

Իսկ Փաշինյանն ասում է, որ նա նախորդների թողած կեղտերի մեջ է, ու պատերազմի պարտության մեղավորները նախկիններն են, որոնք թողել են այս ժառանգությունը։ 

Երկուսն էլ ճիշտ են, իհարկե որոշ սրբագրումներով։ Իսկ սրբագրումն այն է, որ հասարակությունն ընկել է վտանգավոր մոլորության մեջ՝ քննարկելով հարցը. բանա՞կն է պարտվել, իշխանությո՞ւնը, ժողովո՞ւրդը, թե՞ ինչ-որ մի այլ՝ մեր կյանքի հետ կապ չունեցող իրողություն։

Պատերազմում պարտվում են պետությունները, որոնց ժողովուրդներից ձևավորվում է բանակը և ղեկավարվում իշխանության կողմից։ Պարտվել է Հայաստանը։  Իսկ այդ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ նախկինները, որոնք բերեցին մեզ այս հանգրվանին, ներկաները՝ որոնք չկարողացան կանխել պատերազմը և նախկիններից ավելի մեծ ազարտով նետվեցին պատերազմի ողբերգության մեջ՝ չկարողանալով ղեկավարել մարտը, հաշվարկել սեփական հնարավորությունները և լեզվի երկարությունը։

Այսպիսով, ճիշտ են թե՛ նախկինները, թե՛ ներկաները, բայց մեղավոր են նրանք համատեղ։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am