«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրոպական միության խորհրդարանի ընդունած «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որով կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Լեռնային Ղարաբաղ հայության անվտանգ վերադարձը։ Լուրջ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ այս բանաձևից։
– Նախ հստակեցնենք, որ սա Եվրոպական միության խորհրդարանն է, ու նույնականացում չկա ԵԽԽՎ-ի՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հետ, սա ԵՄ-ի շրջանակներում ընդունված փաստաթուղթ է, որը արտացոլում է նաև քաղաքական դիրքորոշում հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ։
Այստեղ մի քանի ուշադրության արժանի դիտարկումներ կան, մասնավորապես, որ Եվրոպական խորհրդարանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, բայց միևնույն ժամանակ կոչ է անում Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել։
Միևնույն ժամանակ վերահաստատում է ուժի կամ ռազմական դիրքերից խոսելու անթույլատրելիությունը՝ նախազգուշացնելով ԵՄ-Ադրբեջան գործընկերային հարաբերությունների վրա հնարավոր բացասական հետևանքների մասին, եթե այդ հռետորաբանությունը պահպանվի։
Չափազանց կարևոր է, որ COP29 միջոցառման հյուրընկալման վերաբերյալ որոշումները կայացվել են, չնայած Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի առնվազն երկու որոշումներ չեն կատարվել Ադրբեջանի կողմից, ու այս առումով հստակ պահանջ է ներկայացվում, որ Ադրբեջանը համապատասխանեցնի իր գործելակերպը ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին։
Այստեղ ունենք հստակ արձանագրումներ, որ հայերը ենթարկվել են բռնի տեղահանման, որը զուգակցվել է մշակութային ժառանգության ոչնչացմամբ, ու արձանագրում կա հայերի ինքնության ոչնչացման առնչությամբ։
Չափազանց կարևոր է նաև այնտեղ գտնվող հայերի վերադարձին վերաբերող կոչը. հետաքրքրական է, որ Եվրախորհրդարանը այս բոլոր 23 հայերին որակել է որպես գերիներ ու պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակումը: Բանաձևով կառույցը չի կիսել ադրբեջանական այն կեղծ թեզերը, համաձայն որոնց նրանք կարող են որակվել ահաբեկիչներ, սահմանադրական կարգի կամ այլ բնույթի հանցագործություն կատարած անձինք։
– Ադրբեջանը կհետևի՞ բանաձևում հնչած այդ կոչերին, թե՞ ինչպես միշտ, սա լինելու է հերթական բանաձևը, որը գործնական որևէ արդյունք չի ապահովելու։
– Հետևելով մամուլին՝ տեսնում ենք, որ հակադարձում չկա, բայց բոլոր դեպքերում կատարվել է մի քայլ, որը ևս ցույց է տալիս Ադրբեջանի տարաձայնությունները այս բանաձևում արտահայտված տեսակետների հետ, մասնավորապես՝ ԵՄ դեսպանը կանչվել է, ու բողոքի նոտա են հղել, այսինքն՝ դիվանագիտական այս քայլն արդեն իսկ ցույց է տալիս Ադրբեջանի դժգոհությունները ԵՄ գործելակերպի առնչությամբ։
Մեծ մասամբ Ադրբեջանը բացառապես առաջնորդվում է իր ազգային-պետական շահերով, այստեղ պետության շահերը հաճախ նույնացվում են նաև խմբային քաղաքական շահերի հետ, և անկախ նրանից, թե այդ շահերի սպասարկումը որքանով է հակասում միջազգային իրավունքին կամ այլ ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն այդ օրակարգն առաջ է մղում։
Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից պատրաստակամորեն համագործակցելու և նշված խախտումները վերացնելու ուղղակի բարեխիղճ գործելակերպ չի լինելու։ Բայց քանի որ այս բանաձևում սուր, մի փոքր էլ սպառնալից լեզու է օգտագործված, որը կարող է զուգակցվել գործելակերպով, կարծում եմ, որոշակի փոփոխություններ կարող են նկատելի լինել Ադրբեջանի գործելակերպում:
Իմ մոտեցումն է, որ պետք է առավելապես ներգործություն կատարվի Ադրբեջանի նկատմամբ, ու հարկադրվեն քայլեր, այլապես կամավոր հիմունքներով Ադրբեջանը չի ապահովելու հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ։
– Նկատի ունեք պատժամիջոցների կիրառո՞ւմը։
– Կարծում եմ, որ պետք է ոչ թե նախազգուշացնել հետևանքների մասին, այլ փաստացի վերանայվեն ԵՄ-Ադրբեջան գործընկերային հարաբերությունները, այստեղ գործընկերային փոխհարաբերություններում նվազեցում պետք է լինի, ինչը կթողնի տնտեսական հետևանքներ, կամ նույն քաղաքական համագործակցության հարթակներում նվազեցվի Ադրբեջանի դերը։ Այդ պարագայում Ադրբեջանը նոր կվերանայի իր մոտեցումները և կփորձի համագործակցային ոգով փոխհարաբերվել միջազգային գործընկերների հետ։
– Տիկի՛ն Սահակյան, ձեր գնահատմամբ՝ ո՞րն է եղել նման բանաձևի ընդունման հիմքը։
– Նախ՝ կարծում եմ, որ գլոբալ որոշ զարգացումներ՝ տարածաշրջանային, այդ թվում՝ ռուս-հայկական, ռուս-վրացական և այլ փոխհարաբերություններն իրենց ազդեցությունն ունեն: Չմոռանանք, որ սա քաղաքական փաստաթուղթ է, բայց նաև այս փաստաթղթի ընդունմանն իրենց նպաստն են բերել քաղաքացիական հասարակության մասնակիցները, իհարկե նաև պետության դիվանագիտությունը չէր կարող անմասն մնալ այս զարգացումներից։ Կարծում եմ, այնքանով, որ դա ուղիղ կերպով արձանագրում է հայերին առնչվող իրավունքների խախտումները, այստեղ հանրային ու պետության դիվանագիտությունը դերակատարում են ունեցել։
Մյուս կողմից նշեմ, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ էլ են բարձրաձայնված, ու այստեղ մենք գործ ունենք Ադրբեջան-միջազգային գործընկերներ փոխհարաբերությունների հետ: Կարծում եմ՝ նաև խթան է COP29 միջոցառումը, որի շրջանակներում չեն կարող անտեսվել ոչ միայն բնապահպանական, այլ նաև մարդասիրական հարցեր։
– Իսկ COP29-ին ընդառաջ կամ դրանից հետո որքանո՞վ եք հավանական համարում, որ հայ ռազմագերիների՝ չասեմ բոլորին, բայց որոշակի թվով մարդկանց Ադրբեջանը ազատ կարձակի։
– Քանի որ այդ քայլը կօգնի Ադրբեջանին պաշտպանել իր վարկանիշը ու չեզոքացնել վարկանիշային սպառնալիքները, նման քայլի հնարավորություն իրապես գոյություն ունի, այստեղ Ադրբեջանը կարող է ավելի մարդասիրական կերպարով հանդես գալ:
Այս կոչերը մեկ այլ բարդ խնդիր են առաջադրել Ադրբեջանին, նաև սեփական քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչը ներքաղաքական տեսանկյունից դժվար է Ադրբեջանի իշխանության համար, մյուս կողմից՝ հայ ռազմագերիների որոշակի խմբի հարցն իրապես սպառել է իրեն, ու նրանք մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում Ադրբեջանի համար:
Կարծում եմ՝ այս համատեքստում հավանական է որոշակի թվով քաղբանտարկյալների ազատ արձակում, բայց, իմ գնահատմամբ՝ այս միջոցառումը կարող է ազդել 2023-ի սեպտեմբերյան հարձակման ընթացքում գերեվարված անձանց վրա, սակայն չեմ կարծում, որ սա դրական ազդեցություն կթողնի քաղբանտարկյալների առնչությամբ, քանի որ հայ քաղբանտարկյալների խնդիրը կենսունակություն ունի Ադրբեջանի համար ու քանի դեռ լիովին չի սպառվել, որևէ դրական գործողությունների ակնկալիք մենք չունենք։
– Նկատի ունեք Արցախի էլիտայի՞ն։
– Արցախի նախկին ղեկավարությունը, որոնց մենք համարում ենք քաղբանտարկյալներ։
– Տիկի՛ն Սահակյան, այս օրերին տարբեր են տեսակետները, որ եթե Հայաստանի իշխանությունն ընդունի Ադրբեջանի հրավերն ու մասնակցի COP29-ին, ապա նվազագույն պայմանը պետք է լինի բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Ձեր տեսակետն ո՞րն է այս հարցի վերաբերյալ։
– Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառմանը չի կարող այն պայմանականությանը ենթարկվել, որը կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ: Հայաստանը ներկա լինելով՝ պետք է արդյունավետ մասնակցություն ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո միջոցառմանը, այս հարթակն օգտագործի բնապահպանական ու այլ բնույթի մարդու իրավունքների հարցեր բարձրաձայնելու համար:
Իսկ եթե պայման ենք քննարկում, կարծում եմ, որ ավելի ողջամիտ պայման է հայերին առնչվող խնդիրները բարձրաձայնելու պայմանով մասնակցությունը, որպեսզի մենք հայկական կողմի մասնակցությունը արդյունավետ գնահատենք: Եթե անգամ Ադրբեջանն ազատ չի արձակելու որևէ հայ գերու, կարծում եմ, Հայաստանը պետք է ներկայացված լինի և այս հարթակում իր ձայնը լսելի դարձնի բոլոր միջազգային գործընկերներին։
Հայերին առնչվող խնդիրները լռության մատնելը շատ ավելի վտանգավոր է ու սպասարկում է ադրբեջանական շահեր, քան ինքնին ՄԱԿ-ի միջոցառմանը մասնակցելը ու արդյունավետ աշխատանք կատարելը, որը կնպաստի հայերին վերաբերող խնդիրների լուծմանը միջազգային գործընկերների աջակցությամբ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am