«Կորոնավիրուսի շուրջ մթնոլորտը այնպիսին է, որ ավելի հեշտ են տարածվում էմոցիոնալ, դավադրապաշտական բաները, քան ռացիոնալ մտքերը». Սամվել Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, բավական երկար ժամանակ կորոնավիրուսի հետ կապված տարբեր միֆեր են շրջանառվում։ Հաճախ հանդիպող նման միֆերից է այն, որ  COVID-19-ի բռնկումը 5G ցանցերի գործարկման հետ է կապվում։ Ինչո՞ւ այս տեսությունը շրջանառվեց, և որտեղի՞ց սա սկսվեց։

– 5G-ն ընդհանուր առմամբ նոր թեմա չէ, 5G-ի շուրջ արդեն տարուց ավելի է տնտեսական պատերազմ է գնում ԱՄՆ-Չինաստան ուղղությամբ, և եթե մեզանում սրա վերաբերյալ հետաքրքրություն չկար, քանի որ այս ամենը մեզ մոտ գոյություն չուներ, ապա Արևմուտքում կորոնավիրուսից ամիսներ առաջ կային բավականին լուրջ քննարկումներ։ Քանի որ 5G-ն ունի կոնկրետ խնդիր, առաջացնում է այս քննարկումները, դրանք դատարկ տեղը չեն առաջացել։ Ո՞րն է դա։ Սա որակապես տարբերվող է նախորդ սերնդի  բջջային կապերից, քանի որ շատ բարձր հաճախականության հետ գործ ունի։ Այսինքն՝ սա բջջային կապ է, որը սկսում է աշխատել կարճ ռադիոալիքների հետ, և, բնականաբար, կային մարդիկ, որոնք մտահոգված էին, որ սա կարող է առողջությանը վնաս տալ, ընդհանրապես բջջային կապը, ինչ հայտնվել է աշխարհում, այս քննարկումները կան։

2G-ից սկսած խոսակցություններ կային, որ բջջային կապը վտանգավոր է, արդեն տասնամյակներ շարունակ հետազոտություններ են արվում, և դեռ որ հիմնական մոտեցումն այն է, որ լուրջ ապացույցներ չկան, որ վտանգ կա, սակայն ուսումնասիրությունների ժամկետը կարճ է, այդ պատճառով 100%-ով ոչ ոք չի կարող ասել:

Քանի որ 5G-ն կտրուկ նոր բան է, պարզ է, որ սրա ուսումնասիրություններն էլ ավելի կարժամկետ են, դրա համար մտահոգություններ կան։ Բայց հետագայում արդեն այդ մտահոգություններն ընկան ինչ-որ մարդկանց ձեռքը, որոնք ամեն ինչով են մտահոգվում, ամեն ինչում տեսնում են դավադրություններ և այլն։ 

Ու արդեն, սրանից հետո, ով ինչ ուզում է, հնարում է, 5G-ին վերաբերող թեմաներ է սկսում հորինել, ահռելի թվով մարդիկ կան, որ ֆիզիկայի տարրական, դպրոցական գիտելիքներ չունեն, միևնույն է շատ լուրջ տեսություններով են հանդես գալիս։ Դրա համար, կապված մարդկանց իրազեկման և վախերի հետ, տարբեր տիպի տեսություններ կան, թե իբր 5G-ով չիպավորում են կամ չիպավորում են՝ 5G-ով կառավարում են, 5G-ով վարակում են: Կա ավելի մեղմ տեսություն, որ 5G-ն իմունիտետ է գցում, դրա համար մարդիկ կորոնավիրուսով են հիվանդանում։ Կա հայկական տարբերակը, ավելի խորացված տարբերակ է։ Հայաստանում չկա 5G, բայց մարդիկ որոնում են և գտնում 5G կայաններ, որոնք գոյություն չունեն։

– 5G ցանցն ի՞նչ գործառույթ ունի։

– Սա պարզապես նոր սերնդի կապ է, այսինքն՝ Fifth generetion` 5-րդ սերունդն է, մենք հիմա Հայաստանում 3G-ց և 4G-ից ենք օգտվում:

Տարբերվում է նրանով, որ գերարագ է, գերկայուն և անխափան։ Այդ տեսանկյունից ոչ թե պետք է, որ ավելի լավ «չատվեք», եթե 4G-ն նորմալ աշխատում է, դա բավական է: 5G-ի իմաստը իրերի ինտերնետն աշխատեցնելու համար է, այսինքն՝ ինքնակառավարվող մեքենաներ, վճարային տերմինալներ, հաստոցներ, գործարաններ, ռոբոտներ և այլն, այսինքն սա ավելի շուտ միջավայր է այդ ամեն ինչն անխափան աշխատեցնելու համար։ 

Այդ տեսանկյունից Հայաստանում տնտեսական նման հիմքեր չկան 5G ներմուծելու, իմաստ չկա։ Պետք է սպեցիֆիկ տնտեսական ակտիվություն, ավելի թվայնացված տնտեսություն ունենաս։ 

– Անդրադառնալով ապատեղեկատվության տարածմանը՝ համավարակի հետ կապված ոչ ճշմարիտ լուրերը բավական արագ են տարածվում՝ մարդկանց դնելով շփոթության մեջ։ Բացի 5G ցանցից, տարածվում են լուրեր տարբեր անձանց կողմից, ուղիղ հեռարձակումներով ներկայացվում է, որ վիրուս գոյություն չունի։ Դավադրությունների ստեղծման նպատակը ո՞րն է։ 

– Աղբյուրները շատ տարբեր են, կա մարդկային վախը՝ իռացիոնալ, կան մարդիկ, որոնք հայտնի լինելու համար կուզեն ամեն ինչով զբաղվել։ Կա արդեն երրորդ շերտը՝ ուղղորդված դավադրությունները՝ տնտեսական կամ քաղաքական պայքարի համար։ Կան մեղադրանքներ՝ Արևմուտք-Ռուսաստան իրար մեղադրում են, նմանատիպ տեսությունները իրար դեմ օգտագործվում են։ Հայաստանում էլ, ինձ թվում է՝ ունենք նման օրինակներ, այս ամեն ինչը քաղաքական նպատակներով են շահարկվում։

– Իսկ վերահսկման մեխանիզմներ արդյոք անհրաժեշտ չե՞ն։

– Խնդիրը այն է, որ շատ դժվար է կարծիքը, ենթադրությունը և բացահայտ հիմարությունը իրարից տարբերել։ Կան երկրներ, որոնք փորձում են պատժիչ միջոցներ գործադրել, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում էլ չի դադարում այդ ամեն ինչի տարածումը։ Երկրորդն էլ՝ միշտ չէ, որ ճիշտ մարդու են պատժում, իրականում շատ տխուր վիճակ է։ Ակնհայտ է, որ կորոնավիրուսի շուրջ մթնոլորտը այնպիսին է, որ ավելի հեշտ են տարածվում էմոցիոնալ, դավադրապաշտական բաները, քան ռացիոնալ մտքերը։

– Ապատեղեկատվության կանխարգելման, վերահսկման առումով իշխանությունը ի՞նչ դեր ունի։

– Գիտեք, դա շատ բարդ հարց է, գլոբալ առումով եթե վերցնենք, մենք տեսնում ենք, օրինակ՝ Կանադայում մարդիկ այրում են բջջային կայանները, նույնիսկ այն երկրներում, որտեղ չկան 5G, վառում են, մտածում են՝ 5G է։ Սա պրոցես է, որի դեմ շատ դժվար է պայքարել։ Նույնիսկ սոցիալական ցանցերը սկսել են արգելափակել նմանատիպ գրառումները, որպեսզի կանխեն տարածումը։ Սա էլ իր հակառակ կողմին է բերում, նույն Յութուբը, Ֆեյսբուքը փաստացի գրաքննություն են մտցնում․ նույնիսկ այդ թեմայով կարծիք հայտնելը կարող է բերել արգելափակումների։

Այնպես որ, շատ ոչ միանշանակ վիճակում ենք գտնվում, ու իշխանությունների տեսանկյունից եթե վերցնենք, ոչ միայն 5G, այլ ընդհանուր դավադրապաշտական բաները վերցնենք, մեզ մոտ քանի որ կա խնդիր, անընդհատ իրարամերժ բաներ են ասում կորոնավիրուսի հետ կապված, դա պարարտ հող է ստեղծում նման բաների համար։

Նույն մարդիկ, որոնք իշխանության վերնախավում են, կարող են երկու ամսվա ընթացքում կարծիքը փոխել կորոնավիրուսի վերաբերյալ, դրա տարածման վերաբերյալ, դիմակները օգտագործել, թե չօգտագործել։ Եթե ոչ կայուն տեղեկատվական դաշտ է ձևավորվում, պարզ է, որ ով ինչ տեսությունով ասես կարող է հանդես գալ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am