«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը
– Պարո՛ն Գանտահարյան, արդեն պարզվեց, որ Բեյրութում հզոր պայթյունի հեղինակը ոչ թե իսրայելական կողմն է, այլ անփութության հետևանք է: Ի՞նչ մանրամասներ կհաղորդեք այս պահին:
– Իհարկե պետք է սպասել փորձագիտական հետաքննության, փորձազննության պաշտոնական արդյունքներին, թե ոնց է եղել: Նախ ասեմ, որ տարատեսակ վարկածներ էին շրջանառվում, բայց հիմա արդեն կենտրոնանում են նավահանգստի 12-րդ շտեմարանում տարիներ առաջ առգրավված պայթուցիկ նյութերի վրա, որ պետք է բնական գործընթացներով ոչնչացվեին, բայց այդ ոչնչացման գործողությունները չեն արվել:
Հիմա դեռևս պարզ չէ, թե ինչի՛ հետևանք էր պայթյունը՝ հոսանքի, բարձր ջերմության, թե միտումնավոր: Այս ամենի պատասխանը կտան պաշտոնական փորձագիտական, փորձազննության եզրակացությունները:
Իհարկե, կան մեղադրանքներ, թե ինչո՛ւ պետական համապատասխան մարմինները կամ գերատեսչությունները չեն իրականացրել այդ պայթուցիկների ոչնչացման գործողությունները, բայց դա արդեն կհետևի պաշտոնական փորձաքննություններին:
– Մոտավոր հաշվարկի կա, թե ի՛նչ վնասներ է կրել Լիբանանը՝ թե՛ մարդկային զոհերի, թե՛ նյութական վնասների առումով:
– Արդեն 100-ից ավելի զոհերի մասին են խոսում, և այդ թվերը, ցավոք, դեռ կարող են բարձրանալ: 4 հազարից ավելի վիրավորներ կան, և այս թիվը ևս կարող է աճել: Սկզբում խոսվում էր 3 հայ զոհի մասին, հիմա արդեն 5 հոգու մասին են խոսում, բայց դա դեռ չի հաստատվել:
Կարող է 5 լինել, չի բացառվում, որ կարող է նաև ավելի շատ լինել, բայց հարյուրավոր հայ վիրավորներ կան: Շատ ծանր նյութական վնասներ է կրել երկիրը: Ոչ միայն վնասվել են մարդկանց բնակարանները, կենտրոնները, վաճառատները, եկեղեցիները: Ես կարող եմ ասել, որ սա ամբողջ Լիբանանի պատերազմում ամենահուժկու, ամենահզոր պայթյունն է իր հետևանքներով: Սա աննախադեպ էր իր տարողությամբ:
– Հայաստանն արդեն քննարկում է Լիբանանին աջակցելու հնարավորությունը: Լիբանանահայերն ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստան պետությունից:
– Չի բացառվում, որ շուտով Լիբանանի կառավարությունը Բեյրութը հայտարարի որպես աղետի գոտի: Դա կնշանակի հումանիտար միջազգային օժանդակություններ տարբեր պետություններից:
Կարծում եմ՝ այդ թվում նաև օժանդակություն կստացվի բարեկամ Հայաստանից: Կարծում եմ՝ տեղի կունենա նաև լիբանանահայերի որոշակի ներհոսք դեպի Հայաստան, բայց ոչ անմիջապես, պետք է իրավիճակը մի փոքր հանդարտվի, մարդիկ իրենց բնակարանները վերանորոգեն, ջարդուփշուր եղած պատուհանները վերականգնեն: Այս պահին շաբաթական չվերթեր են իրականացվում արդեն: Իհարկե, որոշակի օժանդակություններ կլինեն և Սփյուռքից, և չի բացառվում, որ ակնկալիքներ լինեն նաև Հայաստանից: Բայց այս բոլորը պետք է լինի համակարգված, այսինքն՝ համապատասխան գերատեսչություններ, դեսպանություն, համայնքային կառույցներ:
Այս բոլոր կառույցները պետք է անհրաժեշտությունները նախագծեն, ներկայացնեն: Գուցե լինի նաև բժշկական, հիվանդանոցային շտապ օգնություն, արտակարգ իրավիճակներին համապատասխան գործողություններին ուղղված քայլեր:
Եվ կան ընդհանրապես, մարդկանց օժանդակելու, սոցիալական խնդիրներ ունեցողների, խոցելի խավի կամ ընդհանրապես համայնքային կենտրոնների վերանորոգման հարցերը: Տարբեր ուղղություններով, տարբեր բնույթի աշխատանքներ կարող են իրականացվել:
– Նշեցիք, որ հարյուրավոր հայ վիրավորներ կան այդ պայթյունից: Կա՞ վիճակագրություն, թե նրանցից քանիսի վիճակն է ծանր կամ ծայրահեղ ծանր:
– Ո՛չ, այդպիսի տվյալներ չունենք, թե նրանցից քանիսի կյանքին է վտանգ սպառնում, քանիսի վերքերն են ավելի թեթև: Մի մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ասեմ նաև, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, գերհագեցած վիճակում են, նույնիսկ տեղ չկա հիվանդանոցներում, դրա համար էլ հայոց թաղամասերում գործող հայկական դարմանատները իրենց դռները բացել են վիրավորների առջև: Վիրավորների մի մեծ հատվածն արդեն բուժում ստացել և տուն է գնացել, բայց չունենք տվյալներ, թե բուժվողներից քանիսի՞ կյանքն է սպառնալիքի տակ:
– Լիբանանի առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակն այս պայթյունից հետո է՛լ ավելի կծանրանա՞:
– Այո՛, հիմա Լիբանանը գտնվում է ֆինանսական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական ծանր վիճակում: Այս պայթյունը խորացրեց այդ վիճակը, մարդիկ նաև հոգեցնցում են ունեցել, հոգեբանական, անգամ հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ մարդկանց մոտ:
Պատկերացրեք՝ մարդիկ առանց այդ էլ լավ սոցիալական վիճակում չէին, ու հիմա նրանց տները քանդվել են: Ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու:
– Այս ամենից հետո հնարավո՞ր է, որ շատ ավելի արագանա լիբանանահայերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը:
– Չի բացառվում: Անկախ այս վերջին պայթյունից, կան հայրենադարձության որոշակի միտումներ, բայց դա էլ հեշտ չէ, որովհետև դա միջոցներ է ենթադրում: Առանց միջոցների շատ դժվար է իրականացնել նման հիմնական տեղափոխություն:
Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կլինեն, որովհետև առ այս պահը որոշակի օրենքներ են աշխատում, որոնք գործում են Հայաստանի քաղաքացիների կամ կեցության հատուկ կարգավիճակ ունեցողների համար:
Այսօր կան շատ լիբանանահայեր, որոնք երկքաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց կա նաև հսկայական մաս, որ չունի ՀՀ քաղաքացիություն: Այս պահին միայն Հայաստանի քաղաքացիներին կամ կեցության հատուկ կարգավիճակ ունեցողներին է թույլատրվում գալ Հայաստան:
– Իսկ ՀՀ դեսպանության վնասները մե՞ծ են:
– Դեսպանատունը որոշակի վնասներ կրել է, դեսպանը մնայուն խորհրդակցությունների մեջ է համայնքի պատասխանատուների, մամուլի պատասխանատուների հետ:
Օրակարգում են ինչպես ճիշտ տեղեկություններ փոխանակելու, այնպես էլ այս պայմաններում Երևան-Բեյրութ կապերի շուրջ աշխատելու, համայնքային խնդիրները ամրագրելու և լուծման ուղիներ գտնելու հարցեր: Այսինքն՝ այդ կապը կա, և համակարգված աշխատում ենք:
Մանե Հարությունյան
MediaLab.am