Մարդիկ, ովքեր բացասական դեր են խաղացել հայ ժողովրդի կյանքում. Հրանուշ Խառատյանն առաջարկում է արձանախումբ ունենալ

Մարդիկ, ովքեր բացասական դեր են խաղացել հայ ժողովրդի կյանքում. Հրանուշ Խառատյանն առաջարկում է արձանախումբ ունենալ
Մարդիկ, ովքեր բացասական դեր են խաղացել հայ ժողովրդի կյանքում. Հրանուշ Խառատյանն առաջարկում է արձանախումբ ունենալ

Ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է վերջին օրերին Անաստաս Միկոյանի տեղադրվելիք արձանի շուրջ ծավալված քննարկումներին եւ մտահոգություններին` զարգացնելով թեման: Խառատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

 «Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ դարձան:

Հիմա մտածում եմ, որ թերևս իմաստ ունի մի արձանախմբային պուրակ ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով:

Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են:

Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ «ուրիշներից»,-թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ հայ կամ հույն-բյուզանդացի:

Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչև առնվազն հիսուն տարի առաջ մահացածները /հիսուն տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ/:

Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել,-կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն; հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը:

Ես սկսում եմ նախնական ցանկը, և խնդրում եմ այն շարունակել՝ հիմնավորումներով:

Նախապես դեմ եմ Վասակ Սյունեցուն այս ցանկը գլխավորող դնելուն, բավական փաստարկված առարկություններ կան:

Պետրոս Գետադարձ կաթողիկոս-Բագրատունյաց հարստությունը և Անի քաղաքը հանձնեց բյուզանդացիներին: Դրանից հետո եղած քաղաքական զարգացումները ոչնչով չփաստեցին այդ քայլի արդարացվածությունը;

Նադիր Շահ-Արևելյան Հայաստանի բնակչության տեղահանողը;

Սուլթան Համիդ-Արևմտյան Հայաստանի հայության բնաջնջման նախաձեռնողը;

Թալիաթ, Էնվեր, Ջամալ եռյակը, – Հայոց Ցեղասպանության հիմնական գաղափարակիրները և իրականացնողները;

Լենին, Ստալին, Բերիա /ավելի փոքր ծավալով՝ գնալով փոքրացող Շահումյան, Միկոյան, Մուղդուսի: Սրանց վերաբերյալ փաստարկներ կբերեմ հաջորդիվ/»:

© Medialab.am