«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, նախօրեին «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանը ընդդիմությանը միավորվելու կոչ արեց, ասաց, որ առաջիկայում ընդդիմությունը միասնական հանրահավաք կհրավիրի: Իրատեսակա՞ն եք համարում, որ ընդդիմությունն այս անգամ կմիավորվի:
– Կարծում եմ, որ մոտակա ժամանակները ընդդիմությունը կփորձի հանրահավաքներ անել ու այդպիսով ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որովհետև Սահմանադրական դատարանը տասնհինգօրյա ժամկետում պետք է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնի:
Կարծում եմ, որ գլոբալ առումով ընդդիմությունը համակերպվում է ընտրության արդյունքների հետ, բայց փորձում է փոփոխությունների հասնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված, որովհետև եթե «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան անցնի, ապա ուժերի հարաբերակցությունը այդքան մեծ չի լինելու: Ընդդիմության միավորումը, այո՛, իրատեսական եմ համարում, քանի որ Սամվել Կարապետյանն ունի լուրջ ռեսուրսներ, մյուս ուժերը նույնպես՝ ֆինանսական, մարդկային: Իրատեսական է, որ կմիավորվեն ու միասնական հանրահավաքներով հանդես կգան:
– Իսկ ի՞նչն էր խանգարում մինչև ընտրությունները միասնական հանդես գալուն, եթե հետընտրական փուլում չեք բացառում նրանց միավորումը:
– Հստակ չեմ կարող ասել, բայց գուցե նման մարտավարություն են ունեցել՝ առանձին-առանձին հանդես գալ ու դաշտը բաժանել մի քանի մասի՝ այդպիսով իշխանությանը ավելի մեծ գլխացավանք պատճառել: Նախընտրական շրջանում առանձին-առանձին հանդես գալն արդարացված էր, եթե բոլորը միասնական ճակատով գնային, շատ մարդիկ չընդունելով, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, ձայն չէին տա այդ ուժին, իսկ այս դեպքում պատկերն այլ է:
– Պարո՛ն Վարդանյան, իսկ այդ գլխացավանքը, որ ասում եք, ո՞րն է, որ պատճառել են իշխանությանը:
– Եթե խաղերի տեսանկյունից նայենք, ապա երբ խաղում ես մեկի դեմ, քեզ համար ավելի հեշտ է գուշակել մրցակցիդ քայլերը, իսկ երբ մրցակիցներդ մեկից շատ են, քեզ համար խնդիրը բարդանում է: Այս իմաստով արդարացված էր խոշոր ուժերի առանձին-առանձին մասնակցությունը, այլ հարց է փոքր կուսակցությունների պարագայում: Մեկ տոկոս կամ անգամ դա չհավաքած ուժերի առանձին մասնակցությունը անհասկանալի էր ու ձայների փոշիացում:
– Ճի՞շտ հասկացա, որ նկատի ունեք, թե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հիմա շահագրգիռ են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնի խորհրդարան:
– Այո՛, որովհետև այդ պարագայում ՔՊ-ի ու ընդդիմադիրների պատգամավորների քանակային տարբերությունը մեծ չի լինում: Այդ դեպքում իրենք կփորձեն իշխանության ներսից պատգամավորներ ներգրավել իրենց կողմն ու իմփիչմենթի գործընթաց սկսել վարչապետի նկատմամբ: Եթե «Բարգավաճ Հայաստանը» չի անցնում, ապա պատգամավորների քանակի տարբերությունը շատ է լինում: Եթե «Բարգավաճ Հայաստանը» լինի խորհրդարանում, ապա իշխանությունը մեծ գլխացավանքի մեջ կհայտնվի, դրա համար էլ չեմ կարծում, թե ուրախ կլինեն, որ ԲՀԿ-ն խորհրդարանում հայտնվի:
– Սահմանադրական դատարանն ի՞նչ որոշում կկայացնի՝ ըստ ձեզ:
– Դժվար է ասել, եթե լուրջ ճնշումներ լինեն Սահմանադրական դատարանի վրա, կարծում եմ, առավելագույնը երեք տեղամասում, որտեղ պատկերը խնդրահարույց էր, վերաքվեարկություն անցկացնելու որոշում կկայացվի: Ճնշում ասելով՝ նկատի ունեմ թեկուզ փողոցային պայքարը, այդ դեպքում հնարավոր է Սահմանադրական դատարանը փոխի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու այդ երեք տեղամասում նոր քվեարկություն անցկացնի:
Կարծում եմ, որ առավելագույնը, որ կարող է լինել, հենց դա է, չեմ կարծում, թե ամբողջ ընտրությունների արդյունքները չեղարկվեն, ու արտահերթ ընտրություն նշանակվի: Ընդդիմությունն էլ այս մասով իլյուզիաներ չունի, իրենց ցանկությունն էլ հենց այդ երեք տեղամասում վերաքվեարկություն ապահովելն է, որից հետո ԲՀԿ-ն շատ հանգիստ կանցնի ԱԺ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















