«Ռուս խաղաղապահների հայտնվելը որոշակիորեն նվազեցնում է Ադրբեջանի սուվերենությունը»․ Հայկ Դեմոյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը

– Պարո՛ն Դեմոյան, այսօր հրապարակվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

– Եթե գեղարվեստական նկարագրություն տանք այս ամենին, ապա նման փաստաթուղթը ամպրոպ էր պարզ երկնքում, թեպետ այնքան էլ պարզ չէր իրավիճակը՝ ռազմաճակատ, պատերազմ։ Հարցեր շատ կան։ 

Նրանք, ովքեր հեռու են եղել ռազմաճակատից, չեն կարող միանշանակ գնահատականներ տալ։ Այդպես նաև ես․ ձեռնպահ եմ մնում ռազմաճակատային իրավիճակին գնահատականներ տալուց։ 

Բայց միևնույն է, հարցականներ շատ կան՝ առաջին օրվանից հարավով մինչև Լաչինի միջանցք հասնելը, մինչև Շուշի հասնելը։ Ռազմական տրամաբանությունից ելնելով՝ նման բան դժվար է պատկերացնել։ 

Ամենակարևորը, որ ինձ համար, մեղմ ասած, հանելուկային է՝ ինչո՞ւ հենց առաջին օրվանից ամենաբարձր մակարդակով մի բանաձև նետվեց՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Այստեղ պետք է փնտրել ամբողջ հետագա սցենարների, կորուստների մեխը։

– Քաղաքական իմաստով, այս համաձայնությունը պարտությո՞ւն է, ի՞նչ եք կարծում։ Շատերը նաև կապիտուլյացիայի մասին են խոսում։

– Այս գործընթացը նշտարով մի արնահոսող մեծ վերք բուժելու գործողություն էր՝ օրական մի կտոր կտրել, հանելով։ Դա կարծես բուժման նպատակով է արվել, բայց այդպես ավելի է շատացել արյունահոսությունը։ Ես այսպես պատկերավոր եմ ներկայացնում, որ պարզ լինի․ կարծում եմ՝ այդ սցենարն է հիմա, ու պետք է պատրաստ լինենք։

– Հատկապես ռուս փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ ռուսական կողմը Արցախը տվեց Թուրքիային։ Դուք ի՞նչ կարծիքի եք, թուրքական գերակշռության տարրեր տեսնո՞ւմ եք այս տարածաշրջանում։

– Նախ պետք է հասկանանք՝ եթե գործարք է եղել, ապա այդ գործարքի գինը ո՞րն է։ Ռուսաստանի պահվածքին միանշանակ գնահատական տալը և ասել, որ դաշնակից երկրին դավաճանեց և այլն, պետք չէ։ Ռուսական տեսանկյունից եթե նայենք, իհարկե, կա շահ, բայց միևնույն է, հարցը կա՝ ո՞րն է գործարքի գինը, ծախսատար խաղաղապահներ տեղակայելով ո՞վ է այդ ծախսերը հոգալու` Ադրբեջա՞նը, Ռուսաստա՞նը, դրա դիմաց ի՞նչ է ստացել Ռուսաստանը, ի՞նչ է կորցրել Ադրբեջանը։ 

Բայց պետք է ասել, որ այդ տարածքում ռուս խաղաղապահների հայտնվելը որոշակիորեն նվազեցնում է Ադրբեջանի սուվերենությունը, այսինքն՝ սահմաններին հայտնվում է մեկ խոշոր պետության դրոշ։ Սա կոչվում է սուվերենության նվազում։ 

Ալիևը հիմա պետք է ստիպված բացատրի դա իր ժողովրդին, բայց եթե բացատրի էլ, հիմա էնպիսի տրամադրություններ են, որ չի հասկանա։ Հիմա այդ երկրի ժողովրդի համար կարևորն այն է, որ Ալիևը հաղթողի դիրքերում է։ 

Ադրբեջանը իր այս հաղթանակի համար, հնարավոր է, հրաժարվել է Արևմուտքի հետ նավթային շատ ծրագրերից։ Դրանք կարող են դառնալ ռուսական։ Կան նաև տեղեկություններ, որ Ադրբեջանը այս ամենի դիմաց պետք է ռուսական զենք գնի միայն ռուսներից։ Իսկ թե ուրիշ ինչ պայմանավորվածություններ են եղել, մենք կարող է չիմանանք։ Բայց եկեք չբացառենք, որ կարող է լինել արագ փոփոխվող սցենարի ծրագիր։

– Ի՞նչ է դա ենթադրում։

– Այսպիսի կտրուկ գործողությունների դեպքում հնարավոր են նաև կտրուկ փոփոխություններ նաև այլ միջավայրում։ Չեմ ուզում պնդել, որ այդպես կլինի, որովհետև մենք գիտենք Ադրբեջանի կառուցվածքը, որը մեկ անձի, մեկ կլանի վրա հիմնված համակարգ է, որը շատ արագ կարող է ցնցվել և փլուզվել։ Քանի դեռ այնտեղ Ալիևն է, նա լուրջ ռեսուրս կունենա այս համաձայնագրով, որը ուղղակի տրվել է նրան։ Արդյոք Ալիևը կկարողանա՞ կառավարել և օգտագործել՝ ցույց կտա ժամանակը։

– Պարո՛ն Դեմոյան, նախագահների և ՀՀ վարչապետի հայտարարության մեջ նշվում է նաև տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին։ Ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ, ճի՞շտ ենք հասկացել, որ կարող է բացվել հայ-թուրքական սահմանը։

– Հնարավոր է՝ այդպես է, որը կարող է փաթեթային մեծ ծրագրի մաս լինել։ Ենթադրում եմ նաև, որ սա ռուս-թուրքական համաձայնության մաս կարող է լինել։ 

Ապաշրջափակումը նշանակում է բեռնափոխադրում, և որտեղ դարձյալ ռուսական կողմը շահող է հանդես գալիս, որովհետև Հարավկովկասյան երկաթուղին հնարավորություն կունենա ծավալվելու։ 

Բեռնափոխադրումներ Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանից՝ Հայաստան և Թուրքիա։ Հետևանքներից մեկը կարող է լինել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու անգործությունը, այսինքն՝ դրա գոյությունը դառնում է անիմաստ։ 

Եթե սա մեծ ապաշրջափակման ծրագիր է, ապա դրան ևս մենք պետք է պատրաստ լինենք համակողմանիորեն՝ հաշվառելով բոլոր օգուտներն ու վնասները։ Չնայած դա մեծ տնտեսական խթան կհանդիսանա, ուղևորափոխադրումներ կիրականացվեն, հոսքեր կավելանան։ Բայց եկեք այդ մասին չխոսենք, այլ փորձենք հասկանալ դրա՝ որպես մարտահրավեր լինելը՝ իր դրական ու բացասական կողմերով։ 

Հիմա, ըստ գրաֆիկի, Ալիևին տվել են հնարավորություն, որպեսզի պայմանական հաղթող հանդես գա և ամրացնի իր իշխանությունը։ Ալիևի իշխանությունը մեկ անձի վրա հիմնված դիկտատուրա է, իսկ դիկտատուրաները շատ փխրուն են լինում, քանի որ կարծր են, շատ արագ են կոտրվում։ Ցանկացած պարագայում մենք պետք է աչալուրջ լինենք ու արագ կողմնորոշվենք։

– Արցախի կարգավիճակի մասին չի նշվում

– Ենթադրում եմ՝ այս պահին չի նշվել, որպեսզի Ալիևի, այսպես ասած, վայելքը 100 տոկոս լինի։ Բայց չեմ բացառում, որ Արցախի կարգավիճակի հարցը ընթացքում ի հայտ կգա։

– Պարո՛ն Դեմոյան, դուք ձեր ֆեյսբուքյան էջում նոր համահայկական հռչակագիր մշակելու անհրաժեշտության մասին էիք բարձրաձայնում։ Ի՞նչ է դա նշանակում, կներկայացնե՞ք։

– Ի՞նչ է հռչակագիրը, դա ոչ թե թուղթ է, այլ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը շատ արագ մշակեն, մատնանշեն այն կետերը, որտեղ մենք չենք ընկրկելու, որտեղ մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու։ 

Կարմիր գծեր կան, որոնք մենք թույլ չենք տա հատեն ու, այսպես ասած, մեր վրայով որոշումներ կայացնեն։ Պետք է նախանշենք՝ որոնք են դրանք, որ խոսելիս գնանք հստակ ու տրամաբանական բան ասենք՝ ինչու սա չենք ընդունում, որտեղ է վտանգը, և այդ վտանգին ամեն գնով դիմակայենք։ 

Հիմա քաոս է՝ առաջարկություններ են, բղավոցներ, էմոցիաներ և այլն։ Դրանց պետք է կտրուկ վերջ տալ, հավաքվել, մասնագետներով ու քաղաքական գործիչներով փակ քննարկումներ կազմակերպել։ Պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում, ու մշակել ձևակերպումներ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am