«Հայտնվեցինք այս իրավիճակում, որովհետև թույլ էինք, մեր պետությունն ամրապնդելու փոխարեն, զբաղված էինք ասմունքային հայրենասիրությամբ»․ Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, 45 օր տևած պատերազմից հետո հայտարարվեց մի համաձայնագրի գոյության մասին, որը շատ ծանր արձագանք գտավ հանրության տարբեր շերտերի մոտ: Մինչ օրեր շարունակ հանրությանը կերակրում էին #Հաղթելուենք խոսքով, պարզվեց, որ իրականությունը այլ է։ Ինչո՞ւ հայտնվեցինք այս իրավիճակում։

– Հայտնվեցինք այս իրավիճակում, որովհետև թույլ էինք, որովհետև ամուր պետություն չէինք կառուցում, որովհետև մեր պետությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, ամրապնդելու փոխարեն զբաղված էինք ասմունքային հայրենասիրությամբ։

Եվ զինադադարը մեր ժողովրդին հրամցվում էր որպես պատերազմի ավարտ, նույնիսկ հաղթանակ։ Գիտեք՝ միշտ վտանգավոր է վիճակի ոչ օբյեկտիվ գնահատականը։ Խաբվելը, ինքնախաբեությամբ զբաղվելը ամենավտանգավոր բանն են, որովհետև առաջընթաց են ապրում այն անձը և այն երկիրը, որ սթափ գնահատում են թերությունները, երկրի վիճակը: Կար նաև մեր պետական այրերի վախկոտությունը ճշմարտությունն ասելու, սա շատ վատ է, որովհետև պետական գործիչը պետք է կարողանա պատրաստ լինել ընդունելու բազմաթիվ հարվածներ, բայց ասել դառը ճշմարտությունը։ Եվ դրա հետևանքով ունեցանք սա։

Բայց ես երբևիցե չեմ համարում, որ սա մեր ազգի վերջակետն է։ Ամենակարևորը, թե ով ինչ դասեր կքաղի։ Մենք չգիտենք, թե վաղը ինչպես կզարգանան իրադարձությունները նույնիսկ մեր հարևան երկրներում, շատ հաճախ շատ բան փոխվում է, բայց մենք պետք է պատրաստ լինենք փոփոխություններին, որպեսզի կարողանանք մեր իղձերին հասնել։ Կա մի ճանապարհ՝ մենք է պետք է դառնանք ուժեղ պետություն։

Ես մի օրինակ բերեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց նրանով, որ կապիտուլյացիա ստորագրեցին Ճապոնիան և Գերմանիան, հաղթանակող կողմը Սովետական Միությունն էր։ Հիմա Ճապոնիան և Գերմանիան ամենաառաջատար երկրներն են, Գերմանիան միավորվեց, իսկ Սովետական Միությունը չկա։ Պետք է սեփական սխալներն ընդունել և փորձել շտկել այդ ամեն ինչը, կրթվել, կրթվել առաջին հերթին, զգալ ժամանակի զարկերակը, ապրել 21-րդ դարի ժամանակացույցով: Նայեք ինչ պատճառաբանություն էին բերում՝ թշնամին կռվում էր հինգերորդ սերնդի զենքով, իսկ մենք մնացել էինք նախորդ դարում, ինչո՞ւ էինք մնացել։ Մենք սին առասպելներով էինք սնվում, նա, ով չի գնահատում հակառակորդին, թշնամուն, դա վտանգավոր ճանապարհ է։ Լրջագույն վերաբերմունք է անհրաժեշտ ամեն ինչին, մենք բարձիթողի վիճակում էինք պահում կրթությունը ամբողջ Հայաստանով մեկ, իսկ մենք ուրիշ բանի վրա էինք փող ծախսում, որը կրթության հետ կապ չունի։

Բայց ես կարծում էմ, որ նախ՝ ոչ մի բան ավարտված չէ, կա Մինսկի խումբը, որևէ մեկը չի հանել Արցախի կարգավիճակի հարցը, դեռ բանակցելու շատ բան կա։ Այնպես չէ, որ ստորագրված հայտարարությունը 100%-ով ընդունված է բոլորի կողմից։ Պետք է ուժեղանալ, դադարել մեղադրել բոլորին, որը ամենաանհույս փակուղային ճանապարհն է, մարդը կարող է միայն ինքն իրեն մեղադրել անհաջողությունների մեջ, նույնը և երկիրը։ Այո՛, քո հարևանը ունի նավթ, գազ, դու զարգացրու ուրիշ բաներ, ուղեղդ զարգացրու, ժամանակակից տեխնոլոգիաներդ զարգացրու։

– Իսկ ինչո՞ւ չենք զարգացնում մեր պետությունը։

– Ինչու չենք զարգացնում, որովհետև մենք մինչև հիմա, ցավոք սրտի, չենք հասկանում պետության ու գաղութի տարբերությունը, չենք հասկանում՝ ի՛նչ օրենքներով է աշխատում պետությունը, ի՛նչ հարաբերություններ պետք է ունենա աշխարհի հետ, աշխարհից չի կարելի նեղանալ։ Դու՝ որպես պետություն, մտնում ես որոշակի հարաբերությունների մեջ, եթե ընդունում ես այդ խաղի կանոնները՝ դու պետություն ես, եթե չես ընդունում՝ կա՛մ պետք է այնքան ուժեղ լինես, որ անտեսես դա, կա՛մ եթե համարում ես, որ քո ազգային նկարագրին համապատասխան չեն, ուրեմն մի՛ դարձիր պետություն։

Բայց չէ՞ որ մենք պետություն ենք ուզում, ազգայինը պահում է միայն պետությունը, եթե լինենք ուրիշ պետության կազմում, ձուլվելու ենք, մեզ պահպանելու միակ ձևը ամուր, կուռ պետություն ունենալն է։ Ես ասում եմ՝ ոչինչ ավարտված չէ, եթե դու մինչև վերջ պարտված չես, ուրեմն պարտված չես ընդհանրապես։

– Նախկին ելույթներում վարչապետ Փաշինյանը բազմիցս նշել է, որ երբևէ ժողովրդից թաքուն որևէ քայլ չի անի, այն էլ՝ Արցախի հարցում։ Սակայն վիճահարույց համաձայնագիրը ստորագրվեց գիշերով, գաղտնի, որից, ըստ տարբեր հայտարարությունների, տեղյակ չէին ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ էլ «Իմ քայլի» պատգամավորները։ Փաշինյանն ինքն այսօրվա ուղերձում նշեց, որ չէր կարող բարձրաձայնել համաձայնագրի և մանրամասների մասին՝ ելնելով զորքի և Արցախում մնացած մարդկանց անվտանգությունից։ Համոզի՞չ է նրա խոսքը։

– Ես ընդհանրապես լավ չեմ պատկերացնում՝ ի՛նչ է նշանակում ժողովրդի հետ նման հարցեր քննարկել։ Դա դիվանագիտություն է, պիտի վստահես քո իշխանությանը, որ քո շահերը կտանի առաջ։ Եթե վարչապետը սա ասել է հանրահավաքի ժամանակ, հետո ինչ ասել է, ո՛չ այն ժամանակ էի հավանել նրա ասածը, ո՛չ էլ հիմա։ Նման հարցերը հանրային ձևով չեն քննարկվում։ Այստեղ ուրիշ սխալ կար, կարծում եմ՝ որոշումը պետք է շատ ավելի շուտ կայացվեր, և այդ ժամանակ մենք այսքան զոհ չէինք ունենա, և մեր դիրքերն ավելի ամուր կլինեին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։

– Մենք տեսնում ենք, որ 17 քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անցկացնում, միևնույն ժամանակ հասարակության մյուս հատվածը այն համարում է հեղաշրջման փորձ՝ հորդորելով չմասնակցել, քանի որ այժմ կարևոր է, որ ներքին մեծ ցնցումներ չլինեն: Ինչպե՞ս պետք է հասարակությունն իրեն դրսևորի այս բարդ ժամանակահատվածում։

– Ես կարծում եմ, որ մենք ունենք մի գերագույն նպատակ՝ մեր պետությունը, մեր միակ պաշտպանը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն քաղաքացիական բախումներ, չլինի քաղաքացիական պատերազմ։ Դա ավելի ահավոր է, քան ցեղասպանությունը, քանի որ այն ժողովրդին մորթում է միջից, և դա հետո հնարավոր չէ հաղթահարել։ Գերագույն նպատակը պետք է լինի պետությունը, ուրեմն գերագույն նպատակը պետք է լինի երկխոսությունը, անկախ նրանից՝ իշխանակա՞ն ես, թե՞ ընդդիմադիր, և, կարծում եմ, հասարակությունը պետք է նպաստի դրան, ոչ թե գրավի որևէ կողմի դիրքը, երկու կողմերն էլ միմյանց դավաճանության մեջ են մեղադրում, էս ի՞նչ ժողովուրդ ենք։

Կատարյալ դավաճա՞ն ենք, ընդհանրապես սա ի՞նչ մեղադրանք է։ Ես ընդունում եմ այդ մեղադրանքը, երբ հաստատված է դատարանի որոշումով՝ կոնկրետ փաստերի հիման վրա, մնացած ամեն ինչը էժանագին պոպուլիզմ է։ Ի վերջո, մենք հո իրար թշնամի՞ չենք։ Մենք պետություն կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Մենք հիմա հիմնականում տեսնում ենք զգացմունքային բախումներ։

– Համաձայնագիրի ստորագրումը ծանր հիասթափություն առաջացրեց հասարակության տարբեր խմբերի շրջանում․ մարդիկ բարկացած են, արժանապատվությունը ոտնահարված են համարում, ելքերի որոնման մեջ են, մեր հասարակությունն այս բարդ շրջանից ինչպե՞ս պետք է դուրս գա, ի՞նչ ապագա կարող ենք կանխատեսել։

– Ո՛չ բանակն է պարտվել, ո՛չ ժողովուրդը, բայց հաստատ պարտվող կա, դա հայ քաղաքական միտքն է, որը զարգացում չունի, որը մնացել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, որը չի տեսնում, թե ի՛նչ է կատարվում աշխարհում, չի տեսնում լավագույն օրինակները, չի փորձում դառնալ առաջատար։ Մեր քաղաքական ուժերը պետք է միտք ձևակերպեն, տեսլական, կոնցեպտ, ինչպես ենք ուզում մեր երկիրը տեսնել։ Նրանք ասում են, թե ինչպիսի երկիր չենք ուզում տեսնել, բայց ի՞նչ երկիր եք ուզում տեսնել։ 

Եվ հետո՝ մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, մենք՝ հասարակ քաղաքացիներս, այնքան գործ ունենք անելու. կան զոհված զինվորների ընտանիքներ, որ մեր բոլորի հոգատարության կարիքն ունեն, կան բազմաթիվ վիրավորներ, որոնք էլի մեր հոգատարության կարիքն ունեն, արցախցիները, բա էս մարդկանց մենք անտեսո՞ւմ ենք, համարում ենք, որ քաղաքականությունն ավելի կարևոր է, քան հոգատարությո՞ւնը։

Ինձ համար կուսակցությունները մեծ դեր չեն խաղում, ես համարում են, որ կատարվող փոփոխությունները շատ ավելի կարևոր են, քանի որ, ի վերջո, հանրությունն է թելադրում, որովհետև մենք մեր մեջ պիտի փնտրենք, պիտի ձևավորենք, թե մենք ի՛նչ ենք ուզում և, իհարկե, շուտ դուրս գանք այս վիճակից։ Սա պարտադիր է, ոչ մի բան չի ավարտվել։ Եթե ազգը, ժողովուրդն ինքն իր վրա խաչ չի քաշում, ոչ մեկը չի կարող նրա վրա խաչ քաշել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am