«Մի քանի անգամ եղել է մահից 10 պակաս վիճակներ, բայց էդ պահին փորձում ես խուճապ չանել». Սիփան Գյուլումյան՝ լուսանկարիչը առաջնագծից

Պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտի լուսանկարը ցնցեց շատերին՝ պատմելով մարտի դաշտի, զինվորների խիզախության և պատերազմի մասին։

Լուսանկարները հայտնվեցին միջազգային այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների էջերին, ինչպիսիք են` BBC-ն, The Guardian-ը, Aljazeera-ն և այլն։ 

Պատերազմի պահերն անմահացնող լուսանկարիչը՝ 29-ամյա Սիփան Գյուլումյանը, լուսանկարչությամբ զբաղվում է 2008-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորության բաժինը ընդունվելուց հետո։

Իր և ռազմական/զինվորական լուսանկարչության ուղիները հատվում են զինվորական ծառայության ժամանակ, երբ ժամկետային ծառայության կեսն անցկացնելով պաշտպանության նախարարությունում՝ որպես լուսանկարիչ, առաջարկ է ստանում ծառայությունից հետո մնալ զինված ուժերում՝ «Զինուժում» աշխատելու։

Ասում է, որ պատերազմի վավերագրության մաս կազմած իր լուսանկարների արձագանքը շատ ջերմ էր, սակայն նշում է, որ առաջին օրվանից առաջնագծում լինելով՝ առանձնապես ժամանակ և ցանկություն էլ չի ունեցել հետևելու սոցիալական ցանցերում մեկնաբանություններին և լայքերին։

«Լուսանկարների վերաբերյալ արձագանքները շատ լավն են եղել, բայց, ճիշտն ասած, սկզբի օրերին չէի էլ հարցնում հետևել, ոչ մի բան աչքիս չէր գալիս։ 

Ալբերտի նկարից հետո էլ, երբ տեղեկություն ստացա, որ զոհվել է, դրանից հետո՝ առավել ևս։ Անհասկանալի վիճակ էր»,- ասում է ՊՆ «Զինուժ մեդիայի» լուսանկարիչ Գյուլումյանը։

Լուսանկարների հրապարակումներից հետո, ասում է, որ լինում է՝ իր հետ կապվում էին զինվորների հարազատները, շնորհակալություն հայտնում լուսանկարների համար, հաճախ նաև ինքն է զինվորներից կոնտակտային տվյալներ վերցրել և լուսանկարները ուղարկել հարազատներին։

Ալբերտի լուսանկարի հրապարակումից հետո էլ Ալբերտի հարազատներն իր հետ կապ են հաստատել, լուսանկարիչն էլ այնուհետև ծանոթացել է ընտանիքի անդամների հետ: 

«Նկարի հաջորդ օրն իր հորեղբայրն է գտել Ֆեյսբուքով, շնորհակալություն էր հայտնել նկարի համար։ Այնուհետև ընտանիքի հետ շփում ունեցա, Ալբերտի թաղումից հետո իրենց տուն գնացի։ Իրենք էլ էին հասկանում, որ Ալբերտը բոլորի հերոսն է, միայն իրենց Ալբերտը չէ»,- ասում է լուսանկարիչը։

Պատերազմի թեժ կետերից արված լուսանկարներով Գյուլումյանը փորձել է փոխանցել այն, ինչ տեսել է։ 

Ասում է, որ պատերազմի օրերին փորձել է առավելագույնս գործողությունների կիզակետում լինել, որտեղ հնարավոր է՝ տեսախցիկը ձեռքին գնացել է։ 

«Մաքսիմալ ինտենսիվ ռազմական գործողություններ էին ընթանում՝ հնարավոր խոցման բոլոր միջոցներով կրակ էր վարվում՝ ավիացիա, անօդաչուներ։ Որտեղ հնարավոր էր գնալ տարածքի առումով, գնացել ենք աշխատելու։ 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, նույն տեղում, որտեղ Ալբերտին էի նկարում, նկարել եմ Ապրիլյանի ժամանակ, բայց այդ ժամանակ ինտենսիվ կրակ չէր»,- նկարագրում է Գյուլումյանը։

Պատերազմի դժվարին օրերին մարդկանց ջերմացնում էին ոչ միայն ռազմական լուսանկարները, այլև զինվորների ժպիտները՝ առաջնագծից։ 

«Իմ աշխատանքում կարևոր են զինվորների դիմանկարները։ Էմոցիաները դիմանկարների մեջ են։ Իմ լուսանկարներով փորձել եմ սահմանից ժպիտ գա, ուրախություն գա։ Զինվորներից տեսել են, որ նկարել եմ, ինչ-որ պահի ժպիտն ավելի են լայնացրել։ Դիմանկարներ եմ անում նաև՝ խուսափելու ավել բաներ ցույց տալուց»,- նշում է նա։

Գյուլումյանն ընդգծում է՝ պատերազմի ժամանակ լուսանկարչի աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում, կարևոր է իմանալ՝ ինչը կարելի է լուսանկարել և հրապարակել, ինչը՝ ոչ․ «Ամեն ինչ չէ, որ կարող ես հրապարակել, շատ լուսանկարիչներ նկարում են տեղանքներ, տարածքներ։ Ես հիմնականում դիմանկարներ եմ անում, որ մաքսիմալ ֆոն չերևա, եթե ինչ-որ բան ցույց տաս, դա նշանակում է կենդանի թիրախ թշնամու համար»։

Սիփան Գյուլումյանը նշում է, որ ռազմական գործողություններ լուսանկարելիս կանոններ կան, որը թեև սահմանափակումներ են մտցնում աշխատանքում, սակայն անվտանգության տեսանկյունից շատ կարևոր են։

Օրինակ՝ պատերազմական իրավիճակում չպետք է օգտագործել լայնանկյուն օբյեկտիվներ. դրանցով գուցե նկարի որակն ավելի լավն է լինում, սակայն այն կարող է հակառակորդին կարևոր ինֆորմացիա հաղորդել․ «Լայնանկյուն օբյեկտիվով ցանկացած նկար ավելի սիրուն է երևում, բայց պետք է խուսափել դրանից։ Քո տեխնիկան այնպես պետք է օգտագործես, որ մինիմալ ինֆորմացիա տաս տեղանքի և օգտագործվող սպառազինության մասին»։

Լուսանկարիչը ընդգծում է, որ պատերազմի դաշտում չպետք է մոռանալ նաև զգոն լինել, խուճապի չմատնվել։ Ինչպես զինվորները, այնպես էլ լուսանկարիչը առաջնագծում հակառակորդի նույն թիրախում են հայտնվում, պետք է կարողանալ իրավիճակին տիրապետել և աշխատանքը կատարել՝ առանց խառնվելու:

«Դու նույն դաշտում ես, նույն տեղում ես, նույն թիրախում ես։ Մի քանի անգամ եղել է մահից 10 պակաս վիճակներ, բայց էդ պահին փորձում ես խուճապ չանել, ճիշտ տիրապետես իրավիճակին։ Հասկանաս, որտեղ պետք է պատսպարվես, որտեղից է գալիս սնարյադը»,- ընդգծում է լուսանկարիչը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am