«Ցանկություն չունեմ խորանալու մանրամասների մեջ, քանի որ ստիպված եմ լինելու բացահայտել որոշ փաստեր, որը բնավ ցանկալի չէ». Արա Պապյանի արձագանքը

«Ցանկություն չունեմ խորանալու մանրամասների մեջ, քանի որ ստիպված եմ լինելու բացահայտել որոշ փաստեր, որը բնավ ցանկալի չէ». Արա Պապյանի արձագանքը
«Ցանկություն չունեմ խորանալու մանրամասների մեջ, քանի որ ստիպված եմ լինելու բացահայտել որոշ փաստեր, որը բնավ ցանկալի չէ». Արա Պապյանի արձագանքը

«Մեդիալաբի»` «Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում» հոդվածին արձագանքած Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի դիտարկումներին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական  կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Արա Պապյանի պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Կարդացի իմ մի հարցազրույցի առիթով գեներալ Վարդան Ավետիսյանի անունից տպագրված արձագանքը: Ցանկություն չունեմ խորանալու մանրամասների մեջ, քանի որ ստիպված եմ լինելու բացահայտել որոշ փաստեր, որը բնավ ցանկալի չէ: Պարզապես ուզում եմ շեշտել, որ մեր երկրի պաշտպանությունը մեր երկրի կարևորագույն ոլորտն է, հետևաբար այն պիտի ձգտի հնարավորինս մոտ լինել միջոցների ամենաարդյունավետ տնօրինմանը:

Համառոտակի անդրադառնամ որոշ կետերի.

1. Իհարկե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծման պատճառները շատ խորն են: Բայց պատճառների խորությունը չի արդարացնում այդ գյուղերում ռմբապաստարանների, կամ մինչևիսկ պաշտպանիչ անհրաժեշտ պարիսպների բացակայությունը:

2. Բնականաբար չկա և չի կարող լինել ցանկություն վարկաբեկելու որևէ մեկին, առավել ևս «բարձրագույն սպայական կազմից ժողովրդի թշնամու կերպար ստեղծել»: Հետո որևէ մեկը դա չի կարող անել, բացի նույն այդ բարձրագույն սպայական կազմի որոշ ներկայացուցիչներից:

3. Իհարկե «սահմանամերձ գյուղերի բնակիչները երբեք հանդես չեն գալիս դեմագոգիկ ու ամբոխահաճո հայտարարություններով»: Ցավալի է, որ դրա փոխարեն արտագաղթում են: Որպես հարկատու իմ իրավունքն է կարծիք արտահայտել իմ հարկերի ճիշտ կամ սխալ ծախսելու վերաբերյալ:

4. Այդ կետում Դուք արտահայտվել եք «լինելով գեներալ»: Իսկ արդյո՞ք հնարավոր չէր նույն բան անել «լինելով գնդապետ» կամ ընդհանրապես քաղաքացիական անձ: Իմ ասածն հենց դա է՝ ինչու՞ ենք մենք կրկնում սովետական հաստիքացուցակը, ինչու՞ բոլոր վարչությունների պետերը պիտի լինեն գեներալներ:

5. Իհարկե ամենագնաց մեքենաներ պետք են որոշ զինվորական պաշտոնյաների պարտականությունների կատարման համար: Ես դա լավ գիտեմ քանի որ երեք տարի Աֆղանստանի սարերում պատերազմի եմ մասնակցել: Որպես ՍՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 10-րդ Գլխավոր վարչության սպա հիմնական գործս եղել է ՍՍՀՄ և աֆղանական բարձրագույն սպայական կազմի հետ և տեսել եմ, որ ամենագնաց մեքենաներն էլ տարբեր են լինում՝ մինչև մի քանի անգամ գնի տարբերությամբ: Ասեմ նաև, որ գործից մի քիչ հասկանում եմ, քանի որ եղել եմ ՆԱՏՈ-ի զինվորական ակադեմիայի հայաստանյան առաջին շրջանավարտներից, եթե ոչ առաջինը, հետևաբար առիթ եմ ունեցել լինելու և ուսումնասիրելու տարբեր երկրների բանակներ:

P.S. Ի դեպ, ի՞նչ եղավ Այգեպարի մանկապարտեզի համար պաշտպանիչ պարսպի կառուցումը, որի համար 400 հազար դրամ էր հարկավոր և որի համար հասարակությունն էր փող հավաքում:

Արա Պապյան

29.07.2014թ.

© Medialab.am