«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և մեզ համար շարունակում է մնալ ամբաստանյալ». Սեդա Սաֆարյան

Սեդա Սաֆարյանը

Մենք հասկանում ենք՝ ի՛նչ է կատարվում, ինչո՛ւ է Քոչարյանը ամբաստանյալի աթոռից տեղավորվել քաղաքական գործչի աթոռին.  Սեդա Սաֆարյան

– Տիկի՛ն Սաֆարյան, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ինչպես ինքն ասաց՝ կրել: Դուք նույն գործով իրավահաջորդի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք մտածում այդ կապակցությամբ:

– Ես մտածում եմ, որ դատական գործընթացները այնքան անարդյունավետ են ընթանում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նաև ակնկալել Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ լինել: 

Ես մտածում եմ, որ մեր իրավապահ համակարգը շարունակում է ենթարկվել նույն Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին և իր գործառույթները չի իրականացնում:

Եթե իր գործառույթներն իրականացներ, ապա ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, որը դեռևս 2008 թվականի դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ չի կրել, հիմա չէր փորձի հանրությանը և աշխարհին ներկայանալ որպես քաղաքական գործիչ ու քաղաքական հետապնդման ենթարկվող սուբյեկտ: 

Ես իհարկե ցավում եմ, որ Հայաստանում նման իրավիճակ է ստեղծվել: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և մեզ համար շարունակում է մնալ ամբաստանյալ, որը դատական գործընթացների ձգձգման ողջ պատասխանատուն է: 

Մենք հասկանում ենք՝ ի՛նչ է կատարվում դատարանի դահլիճում, ինչո՛ւ են նրա պաշտպանները որդեգրել դատաքննությունը չսկսելու ամբողջ գործընթացը, և ինչո՛ւ է Քոչարյանը ամբաստանյալի աթոռից տեղավորվել քաղաքական գործչի աթոռին: 

– Հաճախակի դարձող միջնորդություններն ու դատական նիստերի հետաձգումները հաշվի առնելով՝ տարօրինակ չե՞ք համարում, որ դատարանը տուրք է տալիս, որ դատական գործընթացը դանդաղի:

– Գիտեք՝ դատական նիստերին տուժողները չեն ներկայանում: Չեն ներկայանում ոչ թե չեն ցանկանում, այլ նրա համար, որ դատական նիստը որդեգրել է գործընթացներ, որոնք կապ չունեն մարտի 1-ի հետ: Մենք չենք կարող ձևական գնալ, մասնակցել այդ խաղերին: 

Տուժողների վիճակն այս ամենի մեջ շատ վատ է: Նրանք նորից են տուժում: Հիմա մենք քննարկում ենք դատական նիստերի ժամանակ գործողությունների, մասնակցության ձևաչափը: Առաջիկայում նաև հայտարարությամբ հանդես կգանք այս կապակցությամբ: Ամեն դեպքում, այո՛, դատարանը չի կարող 1,8 ամիս դոփել նույն տեղում, և այդպիսով տպավորություն է ստեղծում, որ ոչ մեկի իրավունքները չխախտվեն: 

Բայց դա արվում է տուժողների իրավունքները ակնհայտ ոտնատակ տալու հաշվին: Երբ բուն դատաքննությունը սկսի, եթե իհարկե սկսի, մենք բազմաթիվ մտահոգություններ ու դժգոհություններ ունենք հայտնելու: 

Ես կարծում եմ՝ ամբաստանյալի պաշտպանները ամեն ինչ անում են ու ամեն ինչ կանեն, որ գործի նյութերը հրապարակելու քիչ հնարավորություն ունենանք: Իսկ այդ գործի նյութերում, բացի այն, որ երևում է 2008 թվականը, երևում է նաև Ռոբերտ Քոչարյան անձի այլ վարքագիծը այլ ոլորտներում: 

Այս տեսանկյունից նրա պաշտպանությունն ամեն ինչ անում է, որ գործը քննության փուլ չմտնի: Հույսը սկզբում դրեցին քաղաքական իրավիճակի փոփոխության վրա, այնուհետև՝ պատերազմի ու մնացյալի, հիմա էլ՝ երևի ընտրությունների: 

Այսպես ձգձգելու կապակցությամբ, կարծում եմ՝ այլ քայլեր էլ են նախատեսել: Բայց դրանք բոլորը հեռու են Քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից, և ցավալի է, որ դատական համակարգը մնաց այս մակարդակի վրա, ու չկարողացանք տեղից շարժել ձգձգված, անիմաստ, ոչինչ չասող դատաքննությունը: Կարծում եմ՝ այսպես շարունակել հնարավոր չէ:

– Տիկի՛ն Սաֆարյան, դուք խոսեցիք ձեր գործողությունների ձևաչափի փոփոխության մասին: Ի՞նչ նկատի ունեք:

– Դե, օրինակ՝ պաշտպաններին ազատություն տալը՝ դատարանի դահլիճում խոսել ամեն ինչից ու անել հայտարարություններ, դա նաև մեզ մտահոգիչ է թվում: 

Այդ առումով մենք նյութեր ենք նախապատրաստում, հիմա չեմ ուզում այդ մասին խոսել, բայց մեր անելիքը կանենք: Մենք հինգ ամիս է՝ նիստի չենք գնում, և այդ ընթացքում միայն երկու միջնորդություն է քննարկվել: 

Ուրիշ ոչինչ չի արվել: Այսինքն՝ մենք չենք գնացել դատական նիստերին և ոչինչ չենք կորցրել: Ես կարծում եմ, որ տակտիկական փոփոխություններ պետք է կատարենք մեր քայլերում:

– Կարծիք կա, որ հարուցված քրեական գործը, դրա վերաբերյալ դատական նիստերի մեկնարկը և դրա շուրջ գործընթացները ստիպեցին Քոչարյանին դառնալ քաղաքական գործոն ու ավելին՝ հայտ ներկայացնել ընտրություններում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չէ՛, բացարձակ այդ կարծիքին չեմ: Ուղղակի այն, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը կարող է այսքան մնալ ազատության մեջ ու պատասխանատվության չենթարկվել, անընդունելի է, դա խոսում է մեր դատական և իրավապահ համակարգի ձախողման մասին: 

Կայացած համակարգ ունենալու դեպքում երբեք նման իրավիճակ չէր կարող լինել: Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործի գոյության պայմաններում երբեք չի կարող քաղաքական գործիչ համարվել, որովհետև ենթադրյալ հանցանքի հիմնավորումները ծանրակշիռ են, և երբ մեղադրական եզրակացությունները հրապարակվեն, կտեսնեք, որ դրանում տեղ գտած փաստական հանգամանքների ձևակերպումները այլ հանցագործության մասին են խոսում: 

Այս տեսանկյունից եթե Ռոբերտ Քոչարյանը իմանար, որ ինքը կկարողանար քաղաքական գործիչ դառնալ «Մարտի 1»-ի գործի ֆոնի վրա, ապա վաղուց թույլ տված կլիներ, որ այդ գործը հրապարակվեր և իր պաշտպանական թիմին կհորդորեր քիչ միջնորդություններ ներկայացնել, այսքան չձգձգել դատական գործընթացը: 

Արդյունքում՝ մենք կունենայինք իրական պատկեր, և հասարակությունը կհամոզվեր՝ կա՛մ նա մեղավոր է, կա՛մ անմեղ: 

Հանրության մեծ մասը իրավաբան չէ և կարող է չհասկանալ, որ դատական գործընթացը ձգձգվում է բացառապես Քոչարյանի պաշտպանների պատճառով: Հանրության մի մասը կարող է մտածել, թե գործով ապացույցներ չկան, այդ պատճառով դատաքննությունն առաջ չի գնում: 

Բայց պետք է հասկանալ մի բան՝ 1,8 տարի է՝ դատական գործերի ձախողման պատճառը Ռոբերտ Քոչարյանի թիմն է: 

Միևնույն ժամանակ, չես կարող պաշտպանական թիմին ամբողջությամբ մեղադրել, քանի որ դատարանի ձեռքին լայն լծակներ կան, և եթե դատարանը չի կարողանում ու չի օգտագործում այդ լծակները, դեռ չի նշանակում, թե ամբողջ մեղքը պետք է բարդել պաշտպանության կողմի վրա: 

Պաշտպանության և տուժող կողմերը կարող են շատ բան անել դատարանում, բայց ընթացքի ղեկը դատարանի ձեռքին պետք է լինի: Մինչդեռ դատարանը իր համար խելոք նստած, օր է մթնեցնում, անց է կացնում:

– Զուգահեռ իրականությունում իշխանությունները խոսում են դատական համակարգի բարեփոխումների մասին…

– Դատական համակարգը նոր չպետք է բարեփոխեին: Դատական համակարգը երկու տարի առաջ պետք է բարեփոխեին: 

Շատ ցավալի է, որ վարչապետը հայտարարում է, թե դատական, իրավապահ համակարգը դիմադրում է բարեփոխումներին: Պետք չէ ասել՝ դիմադրում են, պետք է ուղղակի այդ դիմադրությունը օրենքով սահմանված եղանակով կոտրել: 

Հասարակական հարաբերությունները կարգավորող իրավապահ համակարգը պարտավոր է ղեկավարվել օրենքով ու ենթարկվել օրենքին, որևէ մեկին չպետք է ենթարկվի: Նրանք բոյկոտում են իրենց իսկ լիազորությունները և գործ չեն անում: 

Դրա վառ վկայությունն այն է, որ մենք անձնական բազմաթիվ գործեր ունենք, որոնցով ոչ մի տեղ չենք հասել: Չի կարող մի ամբողջ համակարգ աշխատել Ռոբերտ Քոչարյանի օգտին: 

Դա մեկ բան կարող է նշանակել՝ այդ համակարգը չի կարողացել ազատվել հին ուժերից ու չի կարողանում իր գործառույթներն իրականացնել: Սրանք համակարգային ձախողումներ են, որոնք վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր պետք է արվեն, շատերը պատասխանատվության պետք է ենթարկվեն դրա համար: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am