«Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ». Բակո Սահակյան

«Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ». Բակո Սահակյան
«Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ». Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի կայքէջը:Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: 

Ըստ աղբյուրի, Սահակյանը նշել է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում:

Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն:

Այս համատեքստում Սահակյանը հանձնարարել է ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: