«Նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է». ՀԱԿ

«Նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է». ՀԱԿ
«Նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է». ՀԱԿ

ՀԱԿ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
 

2015թ. հուլիսի 15-ին իշխանությունները հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի բովանդակությունն ապացուցում է Հայ Ազգային Կոնգրեսի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը: Ծրագրված է խնդիրը լուծել Ազգային ժողովում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետական կուսակցության գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով:

Այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների նախագծում ներառվել են հետևյալ դրույթները.

  1. Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (հոդված 89-ի 3-րդ մաս), ինչի նախադեպը աշխարհում գոյություն չունի: Տրվում է «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման» երաշխավորման մեխանիզմը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև` պառլամենտարիզմի համաշխարհային պրակտիկայում դեռևս երբեք չփորձարկված` քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու միջոցով (հոդված 89-ի 4-րդ մաս): Այս կերպ ոչնչացվում է ժողովրդավարական առանցքային սկզբունքներից մեկը, որ երկրի կառավարումը կարող է ստանձնել միայն ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը ստացած քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան:
  2. Ազգային ժողովի նախագահը սահմանադրական նախագծով ստանում է պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը: Նա օժտվում է Վարչապետի թեկնածու առաջադրելու` խորհրդարանի խոսնակի  համար համաշխարհային պրակտիկայում աննախադեպ լիազորությամբ, ինչը գործող Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ Նախագահին, իսկ խորհրդարանական համակարգերում` կամ սահմանադրական միապետին, կամ` երկրի նախագահին, կամ` խորհրդարանին: Թեև սահմանվում է, որ Վարչապետ է նշանակվում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած թեկնածուն  (հոդված 148-ի 1-ին մաս), այնուամենայնիվ, Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում նոր Վարչապետի թեկնածուին առաջադրում է Ազգային ժողովի նախագահը (հոդված 148-ի 2-րդ մաս): Քանի որ նախագծում նախատեսված է, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին (հոդված 113-ի 2-րդ մաս և հոդված 115), և որպես դրա հետևանք՝ նաև կառավարությանը (հոդված 157), հետևաբար՝ Ազգային ժողովի նախագահը գործադիր իշխանության ձևավորման հարցում ստանձնում է որոշիչ դերակատարություն: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի պրակտիկայում, անձի, տվյալ դեպքում՝ Վարչապետի ընտրությունը Ազգային ժողովը պետք է կատարի բաց` անվանական քվեարկությամբ (հոդված 148-ի 4-րդ մաս): Նման կարգը Ազգային ժողովի նախագահին թույլ կտա քաղաքական ճնշումներ գործադրել պատգամավորների վրա` ամրապնդելով նրա վերահսկողությունը Վարչապետի ընտրության գործընթացի վրա:

  3. Խորհրդարանական կառավարման սկզբունքներին հակառակ՝ Ազգային ժողովի նախագահի դիրքերը ամրապնդելու նպատակով էապես թուլացված է պետության իբր առաջին դեմքի` Վարչապետի ինստիտուտը: Արդեն նշվեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին: Ավելին, քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով, խորհրդային ժամանակների օրինակով կարող է անվստահություն հայտնել նաև Կառավարության որևէ առանձին անդամի (հոդված 113-ի 2-րդ մաս): Այս դեպքում կառավարությունը հանդես չի գալիս որպես Վարչապետի միասնական թիմ, քանի որ յուրաքանչյուր նախարար քաղաքական կախվածության մեջ է հայտնվում խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար հանդիսացող Ազգային ժողովի նախագահից: Ազգային ժողովի նախագահին հակակշիռ՝ իշխանության երկրորդ բևեռը բացառելու նպատակով, նախագծով խաղաղ պայմանների համար նախատեսված չէ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը (հոդված 154-ի 2-րդ մաս), իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում դրված է պաշտպանության նախարարի վրա (հոդված 154-ի 1-ին մաս), ով, կառավարության մյուս անդամների պես՝ կախվածության մեջ է Ազգային ժողովի նախագահից:

  4. Ազգային ժողովի Նախագահը եւ նրա ղեկավարած քաղաքական մեծամասնությունը նախագծով ստանում են դատական իշխանության ձեւավորման բացառիկ հնարավորություններ, քանի որ Ազգային ժողովն է ընտրում Վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին (հոդված 164-ի 3-րդ մաս), նշանակում Վճռաբեկ դատարանի նախագահին (հոդված 164-ի 4-րդ մաս), ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին (հոդված 166-ի 2-րդ մաս), ընտրում առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների թեկնածուներին առաջադրելու և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բացառիկ իրավասություններով օժտված Բարձրագույն դատական խորհրդի կազմի կեսին (հոդված 172-ի 1-ին մաս):

  5. Ազգային ժողովի Նախագահը եւ նրա ղեկավարած կուսակցությունը նախագծով ստանում են նաև Կարգավորող հանձնաժողովներ ստեղծելու (այսօր գործող օրենսդրությամբ դրանք են` տնտեսական մրցակցության պաշտպանության, հանրային ծառայությունները կարգավորող, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովները) և դրանց անդամներին նշանակելու բացառիկ լիազորություններ (հոդված 122):

  6. Ազգային ժողովի նախագահին հակակշիռները վերացնելու նպատակով Հանրապետության նախագահի ինստիտուտը վերածված է ձևական, արարողակարգային պաշտոնի, որին, ըստ էության, նշանակելու է ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը (հոդված 125):

  7. Եւ Վարչապետի, եւ Նախագահի համար նախագիծը նախատեսում է պաշտոններից հեռացման մեխանիզմներ` անվստահություն հայտնելու մեխանիզմ՝ Վարչապետի, եւ պաշտոնանկության մեխանիզմ՝ Նախագահի պարագայում: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը էլ ավելի է ամրապնդված նրանով, որ Սահմանադրության նախագծի մեջ նա միակ պաշտոնյան է, ով չի կարող հեռացվել որեւէ մեխանիզմով: Ազգային ժողովի նախագահը ընտրվում է Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով (հոդված 104-ի 1-ին մաս), միաժամանակ՝ նախագծի տեքստում բացակայում է որևէ դրույթ, որով կնախատեսվեր Ազգային ժողովի նախագահի հետկանչի հնարավորություն: Նախագծում չկա նաև որևէ դրույթ, որով կսահմանափակվեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նույն անձի` բազում անգամներ ընտրվելու իրավունքը:

Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է: Նրանով հասարակությանը միաժամանակ հրամցվում է հասարակական-քաղաքական հարաբերությունների մի համակարգ, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար: Մասնավորապես՝

Խեղվում է պետական կառավարման համակարգը.

– Ձևավորվում է միակենտրոն իշխանական համակարգ՝ Ազգային ժողովի նախագահի և նրա ղեկավարած կուսակցության լայն, գրեթե անսահմանափակ լիազորություններով,

– Խախտվում է իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական, տարանջատման և հավասարակշռման սկզբունքը: Հակակշիռները վերացվում են հօգուտ Ազգային ժողովի, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ հօգուտ իշխող կուսակցության, որն ուղղակիորեն կառավարում կամ վերահսկում է թե գործադիր, թե դատական իշխանությունները,

– Իշխանական համակարգը վերածվում է ուղղաձիգ բուրգի, որի գագաթին հայտնված Ազգային ժողովն ու նրա նախագահը, սակայն, չեն կրելու որևէ իրական պատասխանատվություն կառավարման արդյունքների համար,

– Գործադիր իշխանությունը ղեկավարվելու է թույլ, խոցելի և անկայուն կառավարության և նույնքան թույլ և խոցելի Վարչապետի կողմից, որոնց վրա է դրվելու, սակայն, երկրի զարգացման ծրագրերի կատարման, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը:

Խաթարվում է ազգային անվտանգության համակարգը.

– Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը կրելու են թույլ և խոցելի Վարչապետն ու կառավարությունը, մինչդեռ երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է օժտված լինեին բարձր իմունիտետով,

– Խաղաղ պայմաններում (այդ թվում՝ կիսապատերազմական իրավիճակում, որպիսին այժմ առկա է) երկիրը չի ունենալու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հետևաբար՝ պաշտպանության ընդհանուր համակարգի պատասխանատու,

– Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնելու է Վարչապետը, ով մինչ այդ էական առնչություն չի ունենալու զինված ուժերի ղեկավարման հետ, իսկ պաշտպանության բնագավառում նրա լիազորությունները սահմանափակվելու են նրանով, որ որպես տարին ընդամենը մի քանի անգամ հրավիրվող Անվտանգության խորհրդի ղեկավար, մշակելու է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները,

– Զինված ուժերի և երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է, հետևաբար՝ ռազմական և բանակցային գաղտնիքի կրող է լինելու կոլեկտիվ կառավարման մարմինը՝ կառավարությունը, ինչն էապես սահմանափակելու է օպերատիվ լուծումների հնարավորությունները,

– Բոլորովին կարգավորված չէ, թե ում ենթակայության տակ են գտնվելու անվտանգության համակարգի մյուս միավորները, մասնավորապես՝ զինված ուժերի գլխավոր շտաբը, ռազմարդյունաբերական համալիրը և այլն:

Ըստ էության՝ վերացվում է ժողովրդավարական կարգը, և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը:

Այսպիսով, սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման և անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված և ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով: Ներկայացված նախագծով Սերժ Սարգսյանը ձևակերպել է պետության մասին իր պատկերացումները, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն են, ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ կլանի հավերժ իշխանավարման համար մանիպուլյացիոն մեխանիզմների ստեղծումը:

Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի և ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձևավորելու համար և կոչ է անում քաղաքական և հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները՝ միանալ պայքարին:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության եւ հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից:

Մենք դիմում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ որևէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը՝ այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն և Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ: