«Երբ ես հասկացա, որ իմ սերն ուրիշ է, նման չէ այլ սերերին, սարսափեցի, ողբում էի». Անիի պատմությունը

«Երբ ես հասկացա, որ իմ սերն ուրիշ է, նման չէ այլ սերերին, սարսափեցի, ողբում էի». Անիի պատմությունը
«Երբ ես հասկացա, որ իմ սերն ուրիշ է, նման չէ այլ սերերին, սարսափեցի, ողբում էի». Անիի պատմությունը

«Երբ ես հասկացա, որ իմ սերն ուրիշ է, նման չէ այլ սերերին, սարսափեցի, անհասկանալի, անբացատրելի զգացում ապրեցի, լաց էի լինում, ուղղակի ողբում էի»,-պատմում է 26-ամյա Անին:

Անին միասեռական է: Կանանց է սիրում: Ասում է, որ իրեն երջանիկ է զգում միայն կանանց հետ:  

Թեեւ մի քանի տարի ընկեր ուներ, առանց ում իր կյանքը չէր պատկերացնում, սակայն ինչպես ինքն է պատմում, օրերից մի օր անսպասելին տեղի ունեցավ. Սիրահարվեց իր դասախոսին:

«Չէի հասկանում ինչ է ինձ հետ կատարվում, սկզբում մտերմացանք, հետո՝ սեր, ու ամեն ինչ փոխվեց իմ կյանքում: Հրաչը՝ ընկերս, իմ առաջին սերը, շատ ծանր տարավ, երբ նրան խոստովանեցի, որ այլեւս իրեն չեմ սիրում, կնոջ եմ սիրում: Անընդհատ ասում էր՝ բայց ինչի՞ կին: Ես բացատրություն չունեի, անհնար է բացատրել, թե քեզ հետ ինչ է կատարվում, երբ սերդ նույնասեռ է: Դե  պարզ է, դու նման չես հազարավորներին, բայց, միթե՞ պետք է հենց դրա համար երես թեքել իմ նմաններից» -հարցնում է Անին:

Նա ասում է, որ սկզբում շատ մտահոգված էր, թե ինչպես կընդունեն անկեղծությունը հարազատներն ու ընկերները, արդյո՞ք կհիասթափվեն, կքննադատեն, կկշտամբեն իրեն:

«Ծնողներիս երկար ժամանակ ստել եմ, չէի համարձակվում ճիշտն ասել, ամեն անգամ, երբ հարցնում էին՝ ի՞նչ նորություն ունես անձնական կյանքում, խաբում էի, իբր նորություն չկա, չեմ սիրահարվում եւ այլն: Մի օր չդիմացա, մորս պատմեցի ամեն ինչ, ցնցվեց, հետո խորհուրդ տվեց դիմել հոգեբանի: Մայրս կարծում էր դա անցողիկ մի քմահաճույք է, որով այդ ընթացքում տարվել եմ: Միառժամանակ այցելեցի հոգեբանին, բան չփոխվեց իմ մեջ­­:  Ախր, չէ, դա կապրիզ չէ, ասենք՝ փորձելու նման մի բան չէ: Ինձ դուր են գալիս կանայք, ես սիրում եմ կանանց»:

Անին ասում է, ինքն իրեն բացահայտելով, բացահայտեց  նաեւ ընկերներին, թե ովքեր են ազնիվ, անկեղծ, նիրված: Շատ ընկերներ աղջկա կյանքից հեռացան, երես թեքեցին նրանց,  հենց իմացան, որ նույնասեռական է:  

«Ես հասկացա ամեն ինչ, հո հիմա՞ր չեմ: Մարդ, որն իր ամեն օրը քեզ հետ էր անցկացնում, ժամերով հեռախոսով խոսում էինք, ինչ կատարվում էր մեր կյանքում՝ իրար պատմում էինք, մեկ էլ իմանալով  որ կին ես սիրում, էլ չի զանգում, չի գրում, կարճ ասած՝ հեռու էր պահում իրան, մինչեւ վերջնականապես կապը խզվեց: Ես հասկանում եմ՝ շատերի համար ընդունելի չէ նույնասեռական սերը, չեմ մեղադրում»:

Անին պատմում է, որ իր սեռական կողմնորոշման պատճառով շատ ընկերներ ու ընկերուհիներ է կորցրել, ու բոլոր նրանք, ովքեր «հրաժեշտ էին» տալիս նրան, պատճառաբանում էին՝ «Անի, մենք հենց քո դեմ ոչինչ չունենք, բայց մեզ համար տհաճ, զզվելի մի բան է դա, չենք կարող քեզ  հետ շարունակել շփվել»:

Շատ դեպքերում ընկերուհիների ընկերներն ու ամուսիններն են արգելել շփումը: Սակայն, Անին նծում է, որ իր համար ամենակարեւորը հորն արձագանքն էր: Մտահոգվում էր, թե արդյոք ինչպես կարձագանքի հայրը, երբ իմանա ճշմարտությունը, քանի որ ընտանիքում ամենամեծ կապվածությունը հոր հետ ունի:

«Ուժերս հավաքեցի ու ամեն ինչ ասացի հորս: Դա շոկ էր նրա համար, ցնցվեց: Պատասխանն ինձ համար շատ ցավոտ էր.շատ հանգիստ տոնով ասաց՝ գնա տնից, աչքիս չերեւաս, ես աղջիկ չունեմ: Գնացի տանից, եթե մնայի, չեմ պատկերցնում՝ ի՞նչ կլիներ, հաստատ լավ բան չէր լինի: Մամաս ինձ հյուր էր գալիս իմ վարձով բնակարան, ամեն օր զանգում,խոսում էինք, բայց պապաս՝ չէ, կապ չկար »,-պատմում է Անին:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք»՝ ՓԻՆՔ Արմենիա,  ՀԿ-ի նախագահ Նվարդ Մարգարյանն ասում  է, որ սովորաբար նույնասեռական անձինք խտրականության են հանդիպում, ոչ միայն հասարակությունում՝ օտարների կողմից, այլեւ հենց ընտանիքում, նրանց տանից դուրս են հանում, ծնողներն ասում են՝ մենք աղջիկ կամ տղա չունենք, նման դեպքերը, հատկապես տղամարդ նույնասեռականների դեպքում, ուղեկցվում են բռնությամբ, ծեծով.

«Նրանք խտրականության հանդիպում են գրեթե բոլոր ոլորտներում, սկսած ընտանիքից մինչեւ զբաղվածության, կրթության առողջապահության ոլորտներում: Տղամարդ  նույնասեռականները, տրանսգենդերները բանակում, ոստիկանությունում են խտրականության ենթարկվում, շատ դաժան դեպքեր են լինում:  Հասարակությունը շատ ընդգծված խտրական վերաբերմունք ունի ԼԳԲՏ անձանց նկատմամբ, որը  պայմանավորված է բացառապես նրանց սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ»:

Անին ասում է, իր բախտը բերել է, երբեք աշխատավայրում իր սեռական կողմնորոշման համար խտրականության չի հանդիպել, նրան չեն ճնշել, բայց  ակումբներում, փաբերում անծանոթ տղաների կողմից վիրավորական արտահայտություններ է լսել.

«Մի անգամ ընկերուհուս հետ ուղղակի պարում էինք, չէինք համբուրվում, որեւէ անպարկեշտ բան չէինք անում, մի խումբ տղաներ զզվելի արտահայտություններ արեցին, ասում էին՝ արա հորս արեւ, էս ովքեր են, արա հելանք ստուց, էս ովքեր են էս պղծվածները»:    

Անին ասում է, սիրելի կնոջից բաժանվելուց հետո մի տղամարդու հետ էր ծանոթացել, մտերմացել, կարծում էր մոր ասածն է՝ մի լավ տղամարդու կհանդիպես՝ կփոխվես.

«Գարիկն ինձ շատէր սիրում, ես էլ՝ իրեն, բայց որպես լավ մարդ, կիրք չունեի, սեքս եղել է, բայց ես հաճույք չեմ զգացել: Ես էլի համոզվեցի, որ տղամարդու հետ չի ստացվում, բնականաբար եւ հետեւաբար, «հետ եկա» աղջիկներին»:

Տղամարդ նույնասեռականների հանդեպ, ինչպես նկատում է Անի հասարակությունն ավելի  անհանդուրժող է, քան կանանց: Մտաբերում է մի դեպք, որը տեղի է ունեցել նույնասեռական ընկերներից մեկի հետ, ով իր զուգընկերոջ հետ այգում զրուցելիս է եղել: Մի խումբ տղաներ մոտեցել, վիրավորել եւ ստորացուցիչ արտահայտություններ են արել, ապա դանակով ականջը կտրել:

Անին նշում է, որ մեր հասարակությունը շատերը ստիպված են երկակի կյանքով ապրել: Դրանում նա համոզվել է բարմեն աշխատելու ժամանակաշրջանում, երբ տեսել է, թե գիշերային ակումբում «տուն տանելու աղջիկներն» ինչպես են կերպարանափոխվում

Փինք Արմենիայի ղեկավար Նվարդ Մարգարյանն ասում է, որ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների  կյանքը որոշ դեպքերում վտանգված է,  որովհետեւ կենթարկվեն բռնության՝  սեռական կողմնորշման հիմքով:

Մարգարյանի հավաստմամբ, նույնիսկ իրենց կողմնորոշման մասին խոսելով մեծ հավանականություն կա, որ կենթարկվեմ թե՛ ֆիզիկական, եւ թե վերբալ բռնության: Վտանգի տակ կարող է հայտնվել այն անձը, ով կապ ունի այդ համայնքի հետ:

«Կառավարությունը խտրական քաղաքականություն է վարում, որն արտահայտվում է բարձր պաշտոն  ունեցող անձանց հոմոֆոբ արտահայտություններով, ելույթներում տարբեր հոմոֆոբիկ մեկնաբանություններ անելով, որը թույլ է տալիս անպատժելիության մթնոլորտ մեր երկրում:   2012 թվականին DIY  փաբի պայթեցումից հետո պատգամավորներ  Արծվիկ Մինասյանն ու Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես բացահայտ արդարացրեցին այն կատարողներին ասելով՝ նրանք գործել են ելնելով մեր ավանդական  արժեքներից ու ազգապահպանությունից դրդված: Ես չեմ հասկանում՝  ազգը պահպանելու համար մեկը մյուսին պիտի սպանի՞»,-ասում է Մարգարյանը:

Մարգարյանը նշում է, որ Հայաստանում խտրականության դեմ համապատասխան օրենքի առկայությունը համայնքի ներկայացուցիչներին պաշտպանություն կտար, բռնություն կիրառողներին հնարավորություն կլիներ պատասխանատվության կանչել:

Մարգարյանն ասում է, որ շատ են եղել դեպքեր, երբ անձը դիմել է ոստիկանություն, հայտնել, որ իր վրա հարձակվել են, բռնություն են կիրառել՝ նույնասեռական լինելու պատճառով, սակայն, շատ դեպքերում պաշտպանություն ստանալու փոխարեն ոստիկանությունում եւս նրանք ծաղրի են ենթարկվել:

Սնին ասում է՝ մեր հասարակությունը դեռ հասուն չէ, որպեսզի օրենք ընդունվի ի պաշտպանություն ԼԳԲՏ-ներին, հասարակությունը այդ իմաստով կրթված չէ, տեղեկացված չէ.

«Ինձ թվում է, դեռ շուտ է օրենք ընդունելու համար»,-ասում է նա:

Նա նշում է, որ վերջերս հաշտվել է հոր հետ, թեեւ ծնողները շարունակում են հույսեր փայփայել, որ կհանդիպի նորմալ տղամարդու եւ կյանքը կդասավորի:

Անին ասում է՝ չի պատկերացնում, որ կամուսնանա, տղամարդ կլինի իր կյանքում, ու չնայած երեխաներ շատ է սիրում, բայց չի ուզում, որ երեխան երկու մամաների հետ ապրի մեծանա. 

«Չգիտեմ, տարիներ հետ ինձ հետ ինչ կլինի, կյանքս ինչպես կշարունակվի, վստահ եմ լավ կարիերա եմ անելու, ինչ մտքիս դնեմ, կհասնեմ,- «Մեդիալաբին» ասում է Անին,-բայց նորմալ ընտանիք, այսինք՝ կին-տղամարդ, չեմ պատկերացնում, չգիտեմ»:

Նելլի Բաբայան

Նկարազարդումը՝ Չելսեա Դոնովան

© Medialab.am