«Եթե Հայաստանում հանրահավաքները դադարեն, համաճարակային իրավիճակը կկայունանա». Արարատ Մկրտչյան

Եթե Հայաստանում հանրահավաքները դադարեն, COVID-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը կկայունանա։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

«Հիվանդացության մի փոքր բարձրացում կա։ Միշտ զանգվածային տեղաշարժերից, միջոցառումներից հետո նման բարձրացումներ լինում են։ Վերջին ժամանակներս բնակչությունը գրեթե հրաժարվել է տարրական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց, այն է՝ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակ կրելը։ Իրար հետևից հանրահավաքներ են անցկացվում, դրա հետևանքը հիվանդացության բարձրացումն է։ Ես հիվանդացության բարձրացումը զանգվածային հավաքների հետ եմ կապում»,- ասում է Արարատ Մկրտչյանը։

Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է գրանցվում։ Կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ COVID-19-ի հիվանդացության դեպքերն օր օրի ավելանում են։

Ըստ նրա՝ թեստավորված անձանց 16 տոկոսի մոտ վարակը հաստատվում է։ Այնինչ, հունվար-փետրվար ամիսներին դրական թեստերի տոկոսը 5-7 տոկոսի սահմանում էր։ Նախարարության կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ վարակակիրների թիվը դարձյալ կաճի։

Ըստ նախարարության մասնագիտական գնահատման՝ համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով վտանգավոր «կարմիր» գոտում։ Առողջապահության նախարարությունը հանրությանը դարձյալ հորդորել է բաց և փակ տարածքներում պահպանել հաստատված բոլոր հակահամաճարակաբանական կանոնները:

Տեսչական մարմիններն իրենց հերթին հայտարարել են, որ խստացնում են վերահսկողությունը։

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ սա համաճարակային պրոցես է, որն ալիքաձև ընթացք ունի՝ բարձրանում ու իջնում է։

Ըստ մասնագետի՝ Հայաստանում արդեն բավական թվով մարդիկ հիվանդացել են կորոնավիրուսով։ Եվ եթե վերջին շրջանի զանգվածային միջոցառումները չլինեին, հանրապետությունում շատ լավ ցուցանիշներ էին արձանագրվում։

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ հիվանդացության աճին նպաստում է նաև այն, որ մարդիկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

«Անտարբերության մթնոլորտ առաջացավ, մանավանդ պատերազմի օրերին, երբ մասսայական տեղաշարժեր ու մարդկանց կուտակումներ եղան։

Դա անխուսափելի էր, բայց հետո հիվանդացությունն սկսեց նվազել, քանի որ մեծ զանգվածներ հիվանդացան։ Նվազեց-նվազեց, հունվար-փետրվար ամիսներին մենք ունեցանք կայուն նվազման միտումներ։

Օրվա հետազոտության դրական ցուցանիշը հասել էր 3-5 տոկոսի։ Դժբախտաբար, դրական տոկոսը բարձրացավ, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում  այսպիսի ցուցանիշներ ունենք։

Ինձ թվում է՝ եթե զանգվածային միջոցառումները հնարավորինս դադարեն, կամ միջոցառումների ժամանակ մարդիկ դիմակ կրեն, մենք նորից կգնանք նվազման»,- հավելում է նա։

Ըստ Մկրտչյանի՝ մարդիկ այսօր դիմակ գրեթե չեն կրում։

«Եվ ես խորհուրդ կտայի, որ գոնե փակ տարածքներում, հանրային տրանսպորտում, առևտրի կենտրոններում դիմակ կրեն, դա հնարավորություն կտա բավականաչափ նվազեցնել հիվանդացության մակարդակը և, ամենակարևորը՝ խուսափել ծանր դեպքերից»,- ասում է Արարատ Մկրտչյանը։

Անդրադառնալով պատվաստանյութի վերաբերյալ հարցին՝ մասնագետն ասում է, որ պատվաստանյութը, բնականաբար, որոշակի ազդեցություն կունենա իրավիճակի մեղմման վրա։

«Հիմա աշխարհում պատվաստումներ են արվում ռիսկի խմբերի շրջանակներում։ Եվ համաճարակաբանական տեսանկյունից դա ճիշտ քայլ է, որը նաև մեզ մոտ է իրականացվելու։ Եվ նաև բնական իմունիտետի ձևավորումն է կարևոր։ Այսինքն՝ երկու ճանապարհներն էլ ընդունելի են, դրանք համատեղ կկարողանան նվազեցնել թվերը, և համաճարակը վերջապես կմարի»,- «Մեդիալաբին» ասում է Արարատ Մկրտչյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am