«Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից. Այցելություն Ծաղկահովիտ՝ Խանդոյանների ընտանիքին

«Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից. Այցելություն  Ծաղկահովիտ՝ Խանդոյանների ընտանիքին
«Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից. Այցելություն Ծաղկահովիտ՝ Խանդոյանների ընտանիքին

Էսօր Արթիկից Ապարանով գալուց ճամփին ոստիկաններ էին կանգնած՝ ավտոմատներով։

Կանգնացնում էին համարյա բոլորին։ Ես ու հորեղբորս աղջիկն էինք՝ Մերին, ճամփին որոշեցինք մտնել Ծաղկահովիտ, Արայիկ ու Արարատ Խանդոյանների գյուղը։

Գյուղում մի տեսակ ծպտված շարժ կար, իսկ ընդհանրապես՝ սառած անշարժություն էր, սենց սովետական բլածություն։ Մերին ասեց՝ արի էն տատիկին հարցնենք Արայիկենց տան տեղը։

Մենակ տատիկ էր, գնում էր փոշոտ ճամփով։ Ապակին իջացրի, որ հարցնեմ, զարմացա, Ռիմա տատիկն էր հենց՝ Արայիկի մայրը, վիդեոների մեջ տեսել էի։ Ասեցի՝ ձեր տունն էինք փնտրում, տատիկ։

Էնքան ուրախացավ, ոնց որ միանգամից լքեր մենակությունը։ Նենց զգացողություն էր, որ գյուղում չնայած ընդունված ու սիրված են, ակնածանք կա օդի մեջ, բայց հիմա մարդիկ շատ մոտ չեն գալիս, հեռվից նայվող մարդիկ են դառել։

Տնակի մեջ էին ապրում՝ ինքն ու մի տղան, մյուսներին կողքի շենքում տուն են տվել իբր, բայց Արարատի կինը՝ Սոնան պատմում էր, որ Արայիկի տան պատը փլվում է, տունը ջրի մեջ է։

Մի քանի երեխաներ էին պտտվում հեծանիվներով՝ թղթե փոքրիկ պաստառներով՝ Մենք Միայնակ Գայլն ենք, Մենք Սասնա Ծռերն ենք։

Պատմեցին, որ էդ երեխաների հեծանվային պտույտների համար Ապարանից ոստիկանների խումբ է եկած եղել։

Ռիմա տատիկը կարար աշխարհի բարության թոշակ ստանար։ Բայց հաշմանդամության նպաստը կտրել են էս դեպքերից հետո: Նպաստը կտրել են, Արարատին կալանավորել են, իսկ Արարատը վարկեր ունի շատ՝ ըստ Սոնայի, Արայիկը ունի հինգ երեխա, ցորեն են ցանում ու ամեն տարի սպասում՝ բերք կլինի՞, թե՞ չէ։ (Ասեցին, որ ամեն ամսվա վերջում՝ 24-25-ին ստանում էին նպաստը, սակայն այս անգամ իրենց տեղեկացրել են, որ այլեւս չեն ստանալու, քանի որ այդպես են ասել «կգբ»-ից: Առավել մանրամասն խնդրին կանդրադառնանք առաջիկայում: Ի դեպ, նպաստի չափը 17.000 դրամ է):

Հիմա կրակել են Արայիկի էն ոտքին, որի հենակները մի քանի տարի առաջ է ցած դրել։

Ասեց՝ որ տեսանք Արայիկը վիդեոյի մեջ գոռգոռում էր, զարմացել էինք, կյանքում Արայիկին գոռալուց չենք տեսել։

Ռիմա տատիկը մոմեր էր հանել գրպանից, որոնք վառելու էր գնում փաստորեն, երբ ճամփին տեսանք։

Չգիտեմ, հա պատմում էին երկու կին՝ հեռվից հարգված, բայց մենակ թողնված, տնակը մութ էր, նույնիսկ ցուրտ, իսկ տնակի սենյակներից մեկը վերից վար լիքն էր ապակիների ետեւում շարված գրքերով։

Մեզ ոչ ոք չբռնեց, հավանաբար ոչ մի բանի տեղ էլ չէինք անցնում մեր կուլ գնացած հայացքներով։

Աննա Դավթյան

Լուսանկարում՝ Ռիմա տատիկը (Լուսանկարը՝ Աննա Դավթյանի)

Եթե ուզում եք օգնել Խանդոյաններին, կարող եք ուղիղ փոխանցում անել գյուղ՝ հարսին: 
Սոնա Թամարյան Գեղամի
Գյուղ Ծաղկահովիտ, ՀՀ Արագածոտնի մարզ
կա երկու բանկ VTB  եւ  ACBA Agricole