«Չորս օր է եղբայրս սեւացած, մոխիր դարձած տառապել է, Հայաստանի դատավորների, արդարադատության պատճառով գնաց այդ քայլին»

«Չորս օր է եղբայրս սեւացած, մոխիր դարձած տառապել է, Հայաստանի դատավորների, արդարադատության պատճառով գնաց այդ քայլին»
«Չորս օր է եղբայրս սեւացած, մոխիր դարձած տառապել է, Հայաստանի դատավորների, արդարադատության պատճառով գնաց այդ քայլին»

«Չորս օր է եղբայրս սեւացած, մոխիր դարձած տառապել է, Հայաստանի դատավորների, արդարադատության պատճառով գնաց այդ քայլին»,-բորբոքված ասում է օրերս Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը:

Հուլիսի 30-ին կեսգիշերից հետո Բաղրամյան պողոտայում ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի բողոքի ակցիայի ժամանակ Քաջիկ Գրիգորյանը բոլորի համար անսպասելի բենզին լցրեց իր վրա եւ այրեց ինքն իրեն: Նրա այս քայլը ցնցել էր հանրությանը: Եղան մարդիկ, որոնք Քաջիկին Հայաստանի խորհրդանիշն էին համարում, եւ նշում, որ Հայաստանի հանրապետության քաղաքացու այդ պոռթկումը բողոքն էր իշխանությունների դեմ:

Երեկ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացավ Քաջիկ Գրիգորյանը: Նրա այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ. այսպես էին մեկնաբանել հիվանդանոցից:

Քաջիկի մահը հանրության բողոքն ավելի ուժգնացրեց, մարդիկ նրա մահվան մեջ մեղավոր էին համարում իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությունը։ Շատ չուշացավ այն պնդումը, որ Քաջիկի՝ ինքնահրկիզման պատճառը ըմբոստություն ու բողոք չէր, առավելեւս՝ կապված չէր քաղաքականության եւ իշխանությունների հետ:

Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը երեկ լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ինքնահրկիզումը բացարձակ քաղաքական բնույթ չի կրել, այլ՝ տուժածի տունն են ձեռքից առել եւ իր ընդհանուր իրավիճակից է նման բան արել։

«Կինն իրեն վռնդել է, տուն չունի, ապրելու տեղ չունի: Քաջիկ Գրիգորյանը ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: Քաջիկ Գրիգորյանը «պրոֆեսիոնալ թմրամոլ է», օրենքով սահմանված կարգով ստացել է մորֆին եւ 10 տարի կալանավորված է եղել: Այն մարդիկ, ովքեր իրեն առաջին օգնություն են ցուցաբերել, գուցե շփում են ունեցել իր վերքերի հետ, լավ կլինի՝ իրենք էլ դիմեն եւ անպայման ստուգվեն»:

Քաջիկի քույրը՝ տիկին Ալվարդը «Մեդիալաբին» ասում է՝ «Ուզում են ասել եղբայրս ոչնչությո՞ւն է, չե՞ն ամաչում: Այո, նախկինում օգտագործել է թմրամիջոց, այո, դատավածություն ունի, նույնիսկ եթե ՄԻԱՎ ունի, բայց դա ինչ կապ ունի նրա հետ, որ արդարադատությունը եղբորս համար չի գործել: Քաջիկը մեթադոնային բուժում էր ստանում, եւ այլ կյանք էր վարում: Ինքը շատ հարգված է եղել, ումից ուզում եք՝ հարցրեք: 3-րդ կարգի հաշմանդամ էր, նպաստ էր ստանում»:

Ալվարդ Գրիգորյանը պատմում է, որ իրենք Հանրապետության 32 հասցեում, որը իրացման գոտի է, հայրական տուն են ունեցել, եւ նրանց եղբայրներից մեկի՝ Սպարտակի դուստրը բոլորին զրկել է ժառանգությունից.

«Մորս մահից հետո նոտարի միջոցով գնաց ու դասավորեց, որ ինքը միակ ժառագն է, որ մեզ անտուն թողեց: Ինքը «Գլենդել Հիլզից» 3 սենյականոց ստացավ: Քաջիկին ու մյուս եղբորս ու ինձ դատարանները ժառանգ չճանաչեցին: Այդ աղջիկը բոլոր ապօրինի միջոցներին դիմեց, որ դատարանները մեզ մերժեն: 6 անգամ դատարաններում նիստ եղավ, Եվրադատարան էլ ենք դիմել: Այդ աղջիկը, որ տատուն մի բաժակ ջուր էլ չի տվել, անարդար դատավորների շնորհիվ դարձավ տան տեր, իսկ Քաջիկը, որ այդ տանն է ծնվել, մորս հետ էր ապրում, խնամում, մորս տակաշորերն Էր փոխում, կներեք՝ անգամ չիշիկն էր թափում, սարքեցին, որ ժառանգը չէ, Քաջիկի հետ մյուս եղբորս էլ զրկեց ժառանգությունից: Ես էլ եմ ժառանգ, բայց ինձ տուն պետք չէ»:

Ալվարդ Գրիգորյանն ասում է՝ տարիներ շարունակ տարբեր պետական ատյաններին են դիմել, էլ նախագահի աշխատակազմ, էլ վարչապետի, Ազգային ժողովի, բոլորը պատասխանել են՝ «Մեր իրավասության տակ չէ»:

«Բա ում իրավասության տակ է արդարությունը վերականգնելը, արդարադատության նախաարարություն էլ ենք դիմել, ոչ մեկ չարձագանքեց»,-«Մեդիալաբին» ասում է Ալվարդ Գրիգորյանը:

Քրոջ պատմելով՝ Քաջիկը, մինչ Բաղրամյանի բողոքի ակցիան, ցույցերի չի մասնակցել, այդ օրը տեսել է, որ բողոքի մեծ ալիք կա հանրության մոտ, իշխանությունների դեմ են պայքարում, որոշել է միանալ բողոքին.

«Ինքը գնաց, որ իր ցասումն արտահայտի երկրի անարդար կարգերի դեմ, այսպիսի անարդարությունների, կաշառակեր դատավորների դեմ, ու, ցավոք, նման բան արեց»:

Քաջիկ Գրիգորյանի ընտանիքի անդամները՝ կինը, երեխաներն ու թոռները Հունաստանում են ապրում, տիկին Ալվարդ ասում է՝ եղբորը դեպորտ էին արել, էլ չէր կարողանում վերադառնալ ընտանիքի մոտ.

«Երեխաները մղկտում են, որ կարդում են, ու տեսնում են ինչեր են գրում հոր մասին, մղկտում են, որ հայրը տենց բան է արել»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ Քաջիկ Գրիգորյանի՝ ՄԻԱՎ ունենալու ու թմրամիջոցից կախվածության մասին հրապարապակելով, եւ այնպիսի տերմիններով ներկայացնելով խտրական եւ բացասական վերաբերմունք են ստեղծում անձի վերաբերյալ:

«Խոսքը վերաբերում է մի անձի, որը կատարել է քաղաքացիական բողքի ծայրահեղ ակցիա, որն անպայման անխուսափելիորեն կհանգեցներ քաղաքացիների մոտ հուզումների, եւ նաեւ կարող էր հանդիսանալ բողոքի շարունակությանը նպաստող գործոն: Հատկապես, որ մահացել է, իսկ դա չէր կարող անտարբեր թողնել հանրությանը, որովհետեւ իշխանությունների ապօրինությունների դեմ բողոքող անձ է մահացել»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով, որ նման հայտարարությունը կատարել է բժիշկը, որը նաեւ առողջապահության նախկին նախարար է եղել, իրազեկ է անձի առողջության վերաբերյալ տվյալների չհրապարակման սկզբունքերին.

Քաջիկ Գրիգորյանի՝ ՄԻԱՎ վարակակիր լինելու եւ թմրամիջոցից կախվածության մասին հրապակելով բժիշկ Դավիդյանը, ըստ Սաքունցի, խախտել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքները. «Անձի առողջության վերաբերյալ տվյալները գաղտնի են, կարող են հրապարակվել անձի կամ հարազատների կողմից»:

«Իսկ նման տվյալներ հաղորդումը, հաշվի առնելով բողոքի ենթատեքստը, պատահական չեմ համարում հայտարարությունը: Միանշանակ, դա միտված է հանրության աչքում նսեմացնել բողոքի ակցիայի կատարողի միջոցով ընդհանուր բողոքի ակցիան: Սա իշխանության մոտեցման տրամաբանութան մեջ է մտնում՝ հնարավորինս զսպել, սաստել հանրության բողոքներն իր գործունեության նկատմամբ»,֊ասում է իրավապաշտպանը։

Մարի Ներսեսյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

MediaLab.am