Տիգրան Ավինյանը լեգիտիմ քաղաքապետ է, անկախ նրանից՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Երևանի նորընտիր քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ավագանու կազմը՝ հստակեցված, այն, ինչ տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ, սպասելի՞ էր, եթե այո՝ ինչո՞ւ:

– Այո՛, կատարվածը սպասելի էր, ու այդ ամենը բացատրվում է նախկին քաղաքապետի անհասկանալի քաղաքականությամբ: Ստեղծվել էր մի պատկեր, որ ընդդիմադիր երեք ուժերը՝ «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան», կարող էին միասնական կառավարում իրականացնել, որից անհասկանալի պատճառով հրաժարվեց Հայկ Մարությանը: 

Նախկին քաղաքապետը ոչ միայն մերժեց իրեն արված բոլոր առաջարկները, այլ նաև սկսեց, ժողովրդական լեզվով ասած՝ ֆռացնելու փորձեր անել: Այս ամենը լրիվ անհասկանալի էր, իսկ «Հանրային ձայնը» պարտավոր չէր բոյկոտել այսօրվա նիստը ու գնալ արտահերթ ընտրությունների այն դեպքում, երբ այդ ընտրությունների վերջնարդյունքը երաշխավորված չէր: 

«Հանրային ձայնը»՝ որպես ընդդիմադիր ուժ, ընտրեց իր համար ամենատրամաբանական տարբերակը: Ընդդիմադիր մյուս ուժերը, որոնք այսօր բոյկոտել էին նիստը, չեն կարող անընդհատ բոյկոտել դրանք, պետք է մասնակցեն նիստերին: Այն, որ Երևանը լավ հնարավորություն ուներ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու, փաստ է, ու հասարակությունը քվեն տվել էր դրա համար, բայց կոնկրետ նախկին քաղաքապետի պատճառով այդ ամենն ի չիք դարձավ: 

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչ գործունեություն սպասել այս կազմն ունեցող քաղաքապետարանից:

Կախված է քաղաքապետից, եթե նա ակտիվ գործունեություն ծավալի, քաղաքային իշխանությունը կլինի բավականին ակտիվ: Այս պահի դրությամբ նա դեռևս ցույց չի տվել, որ իր աշխատանքային պարտականություններին իմիջիայլոց է վերաբերվում: 

Մի ուշագրավ կետ կա այսօր կնքված հուշագրում, որով ֆիքսված է Երևանը եվրոպական քաղաք դարձնելու տեսլականը, ինչը բավականին բարդ է: Եթե դա հաջողվի, բավական մեծ հաջողություն կլինի ու կլինի անձամբ քաղաքապետի հաջողությունը: 

Բարդ է լինելու, որովհետև դժվար է ասիական մտածելակերպ ունեցող քաղաքը դարձնել եվրոպական ու ամերիկյան քաղաք, բայց դա աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող հասկացություն է, սա պետք է ֆիքսվի: Քարտ բլանշը քաղաքապետին տրված է:

– Տիգրան Ավինյանը լեգիտիմություն ունեցո՞ղ քաղաքապետ է:

– Այո՛, նա բոլորից շատ էր ձայներ ստացել, ու իր ստացած ձայներն իր անձնական հաղթանակն էին: Իրավական տեսանկյունից որևէ խախտում չի եղել, այնպես որ, անկախ նրանից՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, պետք է ընդունեք, որ Տիգրան Ավինյանը լեգիտիմ քաղաքապետ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am