«Հայաստանի իշխանություններից գլոբալ ոչինչ կախված չէ, հիմնական հարցերը լուծվում են Մոսկվայում»․ Արմեն Բադալյանն՝ ընտրությունների մասին

«Հայաստանի իշխանություններից գլոբալ ոչինչ կախված չէ, հիմնական հարցերը լուծվում են Մոսկվայում»․ Արմեն Բադալյանն՝ ընտրությունների մասին
«Հայաստանի իշխանություններից գլոբալ ոչինչ կախված չէ, հիմնական հարցերը լուծվում են Մոսկվայում»․ Արմեն Բադալյանն՝ ընտրությունների մասին

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձևավորվում են դաշինքներ, քանի որ շատ քաղաքական ուժեր հնարավորություն չեն ունենա հաղթահարել անհրաժեշտ շեմն ու առանձին մուտք գործել հաջորդ խորհրդարան: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այս փուլում տեղի ունեցող գործընթացներին:

Օրեր առաջ տեղեկություն եղավ, որ դաշինք կազմելու մտադրություն ունեն «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները: Բադալյանի խոսքով՝ հույսեր չկան, որ այս ուժերն առանձին և առանց դաշինքի կկարողանան տեղ ունենալ հաջորդ խորհրդարանում, այդ պատճառով էլ դաշինք կազմելու ճանապարհով են գնում:

«Իրականում տեսնում ենք, որ այս ուժերն ուզում են ընտրություներից առաջ դաշինք կազմել, որպեսզի կարողանան հաղթահարել անհրաժեշտ շեմը և մտնել խորհրդարան»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նախկինում միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում, դա, ըստ Բադալյանի, քաղաքականության մեջ շատ նորմալ է:

«Մի օր քննադատում են, հետո դաշինք են կազմում, հետո կարող են նորից քննադատել: Դա ոչ թե հայկական քաղաքական կուլտուրային է բնորոշ, այլ ամբողջ աշխարհում էլ այդպես է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստանը» հիմնականում ընկալվում է որպես վանաձորյան կուսակցություն, իսկ հանրապետության այլ տարածքներում ազդեցիկ կառույցներ չունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ինչ-որ չափով ունեն առավելություններ «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ այլ հարցերում, ապա բնականաբար նրանք փորձում են միասնական ինչ-որ դաշինք ձևավորել, որպեսզի կարողանան խորհրդարանում տեղ գտնել»,- ասում է Բադալյանը: Ըստ նրա՝ այս գործողությունները դեռևս նախնական են, երբ դեկտեմբերի 12-ին այս ուժերը մանրամասնեն դաշինքի ուղղությունը, ավելի հստակ կլինի՝ այդ դաշինքն այդ կազմով կմնա՞, թե՞ նրանց այլ ուժեր կմիանան, կամ չեն կարողանա ընդհանուր հայտարարի գալ ու կլուծարվեն:

Միաժամանակ Բադալյանը նկատում է, որ շատ այլ ուժեր ևս առանց դաշինքի առանձին չեն կարող հաղթահարել շեմն ու տեղ ունենալ հաջորդ խորհրդարանում:

«Բացի ՀՀԿ-ից ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, մյուս ուժերի համար դժվար կլինի: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ունեն համապատասխան մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, նաև դրսից, արտաքին քաղաքական կենտրոններից աջակցություն կարող են ստանալ, ունեն մեդիա ռեսուրս և այլն: Դա իրենց հնարավորություն կտա խորհրդարանում տեղեր զբաղեցնել: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա այդ ուժերը ռեսուրսներից զուրկ են, և խիստ դժվար կլինի նրանց՝ խորհրդարան մտնելը: Այդ ուժերը շատ մեծ աշխատանք պետք է տանեն և երկրի ներսում, և հատկապես երկրից դուրս, մասնավորապես, Մոսկվայում»,- ասում է նա:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանն առաջին հերթին խաղադրույքը կկատարի ՀՀԿ-ի վրա և այս պահի դրությամբ ՀՀԿ մասնաճյուղ հանդիսացող, սակայն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից հետո առանձին քաղաքական ուժի վերածված ԲՀԿ-ի վրա:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը հիմնականում նրանց վրա խաղադրույք կկատարի: Իսկ մյուս ուժերը, որոնք կկարողանան Մոսկվայի հետ լեզու գտնել, միգուցե ինչ-որ խորհրդանշական ներկայություն ունենան խորհրդարանում՝ ածանցյալ հարցեր լուծելու համար»,- հավելեց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ մասնագետը նշում է, որ այն արդեն տեսանելի է, բայց դժվար թե մինչև հունվար դա տեղի ունենա: Ծառուկյանի վերադարձը հնարավոր է լինի Նոր տարուց հետո:

«Եթե հիմա նա հայտարարի վերադարձի մասին, այդ լուրը չեն կարող ռասկրուտկա անել, որովհետև դիմացը Նոր տարի է, դրա հաար հավանական է, որ ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը լինի հունվարից հետո: Այս օրերին նրա վերադարձի կոչեր են հնչում, բայց նա այդ կոչերին չի նայի, կվերադառնա, երբ հարմար կլինի կամ իրեն կասեն»,- նշեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ոչ թե Հայաստանի իշխանությունների հետ է համաձայնեցված, այլ Մոսկվայի:

«Հայաստանի իշխանություններից գլոբալ ոչինչ կախված չէ, հիմնական հարցերը լուծվում են Մոսկվայում»,- հավելեց նա:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը չի կարծում, թե նախընտրական շրջանում պասիվություն է նկատվում:

«Պասիվություն չկա, նորմալ է՝ համապատասխան հասարակության վիճակին: Չորս ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին: Կարծում եմ՝ մի քիչ պետք է ակտիվություն դրսևորել, բայց կարծում եմ՝ այդ ակտիվությունը կդրսևորեն նախընտրական կոմպանիայի ժամանակ՝ փետրվար-մարտ ամիսներին»,- նշեց նա:

Մասնավորապես, ըստ Բադալյանի, այս փուլում որոշակի ակտիվություն են դրսևորում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Էմմա Մանուկյան

MediaLab.am