Սեռական կրթություն, բռնություն՝ օֆլյան եւ օնլայն տիրույթներում, չհասկացվածություն. Նոր ծրագրի նպատակը ծնող-երեխա կապի ամրապնդումն է

Սեռական կրթություն, բռնություն՝ օֆլյան եւ օնլայն տիրույթներում, չհասկացվածություն. Նոր ծրագրի նպատակը ծնող-երեխա կապի ամրապնդումն է
Սեռական կրթություն, բռնություն՝ օֆլյան եւ օնլայն տիրույթներում, չհասկացվածություն. Նոր ծրագրի նպատակը ծնող-երեխա կապի ամրապնդումն է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Կանանց ռեսուրսային կենտրոնի (ԿՌԿՀ) ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը:

-Տեղյակ ենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնը հանդես է եկել մի ծրագրով, որի նպատակը ծնող-երեխայի միջև սեռականության թեմայով հաղորդակցության ամրապնդումն է: Կխնդրեինք մանրամասնել, թե ինչ նպատակ է հետապնդում ծրագիրը:

-Կանանց ռեսուրսային կենտրոնը 2016 թվականից սկսեց իրագործել մի ծրագիր, որի ընդհանրական նպատակն է բարելավել ծնողների և երեխաների միջև հաղորդակցությունը: Դրա շրջանակներում մենք թիրախավորեցինք տարբեր թեմաներ և սկսեցինք աշխատել ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: Հիմնականում երեք մարզում ենք աշխատել՝ Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, նաև Երևանում: Աշխատանք էինք տանում ինչպես դպրոցներում, այնպես էլ առանձին հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են հենց ծնողների և անչափահասների հետ: Հիմնականում հանդիպում-քննարկումներ էինք կազմակերպում ծնողների հետ, որոնց շրջանակներում մեր ընդհանուր փորձը համադրելու նպատակ էինք հետապնդում, ոչ թե ծնողներին սովորեցնում էինք: Հենց ծնողների խմբի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ծնողներ հանուն երջանիկ երեխաների» նախաձեռնությունը: Սկզբնական շրջանում նախաձեռնության անդամները ավելի շատ մասնագետներն էին, ովքեր բացի ծնող լինելուց, նաև հոգեբան էին, սոցիալական աշխատող և այլն:

Հետագայում վերապատրաստումների շրջանակներում կազմն ընդլայնվեց, հիմա ունենք շատ համակիրներ, ովքեր կիսում են այդ գաղափարախոսությունը: Իսկ գաղափարախոսության կարևոր սկզբունքներն են, որ ծնողներն ու երեխաները հաղորդակցվեն՝ հատկապես թիրախավորելով դեռահասության տարիքը, երբ առաջ են գալիս երեխաների տարիքային զարգացման հետ կապված խնդիրները, երբ երեխաներն ավելի մեկուսանում են, ավելի ագրեսիվ են դառնում, մենակ չմնալու համար ինտերնետից են օգտվում ու շփվում ընկերական շրջապատի հետ:

Ծնողներն էլ չունենալով համապատասխան գիտելիքներ ու հմտություններ՝ արձագանքելու այդ ամենին, կարծես փակվում են: Դրանից հետո արդեն ականատես ենք լինում դեպքերի, երբ երեխաները հենց ինտերնետի միջոցով սեռական ոտնձգությունների են ենթարկվում: Այս կապը հիմա շատ պետական կառույցներ չեն տեսնում, բայց մենք մեր կուտակած փորձի արդյունքում ակնհայտորեն տեսնում ենք հետևյալը՝ քանի որ երեխայի հաղորդակցությունը ծնողի հետ խզվել է, ինքը փորձում է այդ ինֆորմացիով կիսվել, պատմել այլ չհիմնավորված աղբյուրների: Եվ ունենք պատկեր, որ անչափահասները մեր երկրում ենթարկվում են սեռական բռնության այդ թվում՝ նաև օնլայն հարթակներում:

Նախաձեռնությունը մի շարք թեմաներ առաջ բերեց, բայց որպես նպատակ ընտրվեց ծնող-երեխա հաղորդակցության հաստատումը: Դրանից բխող ենթանպատակ առաջարկվեց հենց սեռականության նկատմամբ ծնողների վերապատրաստումը, որպեսզի ծնողները սեռականության վերաբերյալ կարողանան խոսել իրենց երեխաների հետ՝ սեռական զարգացման փոփոխություններին արձագանքելու համար:

-Կմանրամասնե՞ք, թե ինչ արդյունքներ եք ստացել «Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական զարգացման վերաբերյալ» հետազոտության շրջանակներում:

-Հետազոտության միջոցով հստակորեն ցույց տվեցինք, որ, ցավոք սրտի, այսօր մեր ծնողները չեն արձագանքում երեխաների սեռական դաստիարակման հետ կապված կարիքներին: Արձագանքելու դեպքում էլ դա շատ մակերեսային է լինում՝ շատ հաճախ ծնողների հմտությունների բացակայության պատճառով: Մեր նախաձեռնության հետագա կարևոր նպատակներից է հանդիսանում թիրախավորել այն պետական կառույցներին, ովքեր պատասխանատու են համապարփակ ու հիմնավորված սեռական կրթության ներդրման համար: Այսօր, ցավոք սրտի, մեր կրթական համակարգը չունի այդ համապարփակ սեռական դաստիարակությունը: Առողջ ապրելակերպի դասաժամերի միջոցով են փորձում երեխաներին տրամադրել այդ ինֆորմացին, որը մեր մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այդքան էլ արդյունավետ չէ: Հենց մեր ծնողները նշում են, որ շատ հաճախ դժվարությամբ են երեխաների հետ խոսում ու շատ ավելի կարևորում են դպրոցի ու վերապատարաստված մարդկանց միջամտությունն այս պրոցեսին:

-Ձեր նախաձեռնությունը նաև սեռական կողմնորոշմա՞նն է վերաբերում:

-Սեռական դաստիարակության խնդիրներից մեկը հենց չհիմնավորված տեղեկատվության տարածումն ու մանիպուլյացիան է, որ սեռական կրթությունը նույնականացնում են կամ սեռական հարաբերությունների հետ, կամ էլ ասում են՝ դա նպաստում է սեռական կողմնորոշման վրա: Կարելի՞ է արդյոք ասել, որ սեռական կրթությունը ենթադրում է սեռական կողմնորոշման քարոզ կամ ներկայացում, մենք միանշանակ ասում ենք՝ ոչ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սեռական կրթությունը շատ համապարփակ է, այն իր մեջ ներառում է հիգիենայի, սեռական օրգանների մասին ինֆորմացիայից սկսած՝ վերջացրած սեռական առողջ հարաբերություններով, սեր ու հարգանք արժեքներով: Անշուշտ, սեռական կողմնորոշումը ևս ինչ-որ մասն է կազմում, բայց ասոցացնել միայն դրա հետ, դա անգրագիտություն է, երեխայակենտրոն մոտեցում չէ:

-Տեղյակ ենք, որ նաև կայք է գործարկվել ծրագրի շրջանակներում, ո՞րն է կայքի նպատակը:

-Մեր կայքը առաջին հայալեզու տեղեկատվական հարթակն է հենց ծնողների համար, թե ինչպես խոսել դեռահասի հետ սեռականության մասին: Կայքի հասցեն է www.serakanutyun.org, այնտեղ 9 բաժիններ կան, որոնք ընդհանուր ու համապարփակ ներկայացնում են սեռական կրթությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղենիշների հիման վրա է դա կազմվել, մասնակցել են փորձագետներ, բժիշկներ, հոգեբաններ, հանրային առողջապահության ոլորտի մասնագետներ, նաև մասնագետներ՝ պետական կառույցներից: Կայքը պարունակում է  հիմնավորված տեղեկատվություն, ինչպես նաև ունենք առանձին բաժին, երբ ծնողը կարող է հղել իր հարցերը մասնագետին: Ինքն իր բնույթով նորարարական է, որովհետև հենց ծնողների համար մինչ այդ նման հարթակ չի եղել: Ծնողները կարող են հենց սա օգտագործել՝ դեռահասների հետ այդ խոսակցությունը սկսելու համար: Այնտեղ կան բաժիններ, որոնք միասին կարող են ընթերցել, ուսումնասիրել:

-Այս ծրագրի իրականացման ընթացքում ի՞նչ բարդությունների առաջ եք կանգնում, կարծրատիպերը որքանո՞վ են խանգարում, ծրագիրը «սևացնելու» փորձեր կա՞ն:

-Իրականում մենք արդեն աշխատել ենք շուրջ 500 ծնողի հետ: Մեր նպատակը հենց այդ մասնակցության ապահովումն էր, հենց ծնողների կողմից առաջարկներ լսելը, թե որն է ամենակարևոր թեման, և հենց ծնողների կողմից է եղել դա: Եթե միանգամից մտնեինք, ասեինք՝ եկել ենք սեռականության մասին խոսենք, այդ կարծրատիպերը միգուցե շատ խանգարեին, և շատ ծնողներ ուղղակի հետաքրքրված չլինեին ծրագրով: Բայց հավաստի տեղեկատվության տրամադրումը բերեց նրան, որ այսօր շատ ծնողներ իսկապես կարևորում են վերապատրաստվելու, ստացած տեղեկատվությունը երեխաների հետ կիսելու հարցը, ինչպես նաև պետական կառույցներից այդ տեղեկատվությունը ստանալու պահանջատիրություն կա: Այսինքն՝ պահանջենք, որպեսզի ուսուցիչները վերապատարստվեն, որ դա ֆիզկուլտուրայի ուսուցիչը չանի, ինչպես այսօր է, այլ դա անեն վերապատարստաված մասնագետները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am